[ARM]     [RUS]     [ENG]

ԱԽ, ԱՅԴ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ...

See full size imageԴարերից եկող ու դարերին միտված, ոսկեղենիկ մեր մայրենին այսօր կոպտորեն աղավաղվում, աղճատվում, շատ անգամ էլ զրկվում է անուշահամ իր բույրից։ Եվ այն էլ ոչ թե սելջուկի, թաթարի ձեռքով, այլ... յուրայինի։ 
Դիտեք գրեթե ամեն օր հայկական  տարբեր ալիքներով ցուցադրվող սերիալներն ու դրանում կհամոզվեք։ Համարյա ամեն պատկերում մայրենիի նկատմամբ կամայական վերաբերմունք է դրսևորվում։ Գրական հայերենը մատուցվում է ժարգոնով, գողական լեզվով։ Այս լեզվով հնարավո՞ր է, արդյոք, մատաղ սերունդ դաստիարակել։ Հայոց լեզուն ամեն մի սթափ, գիտակից հայի հեռահար հույսն է ու զենքը, ազգի ինքնության ու ինքնագիտակցության, ազգային մտածողության, կենսունակության, միասնության և միաբանության աղբյուրը։ Այլևս հանդուրժել չի կարելի, երբ այդ սերիալների միջոցով ամեն օր ագրեսիա, բռի վարքուբարք է քարոզվում, մանավանդ որ կյանքում հաճախակի կարելի է տեսնել ագրեսիվ պահվածքի անպատիժ օրինակներ։ Ի՞նչ սովորի հասարակությունը, դեռահասը, պատանին։ Պարզ չէ՞, որ ինչ ընկալի, այն էլ պիտի վերադարձնի։ Կարծես թե մի տեսակ մրցավազք է նկատվում. ո՜վ ավելի դաժան տեսարան կհրամցնի։ Մասնագիտական հիմնավորումներով ապացուցվում է, որ դաժանությունները, անբարո երևույթները ենթակա են կրկնօրինակման։ Ասել է թե՝ այստեղ անվրեպ գործում է ՙբումերանգի էֆեկտը՚։ Այդ սերիալներն աղարտում են մարդկանց սրտերն ու հոգիները, նրանց ՙտանում՚ հանցագործ ճանապարհով։ Կուզենայի այսպիսի մի խորհուրդ տալ բոլորին. դիտելուց հետո մի պահ խորհեք, մտորեք՝  ուսանելի ի՞նչ կա, որ պիտի մնա մեր հիշողության մեջ։ Ճշմարտությունն այն է, որ այդ սերիալները շատ հեռու են արվեստի գործեր կոչվելուց։ Արվեստը պիտի ծառայի ժողովրդին, մինչդեռ այդ սերիալները ծառայում են առանձին մարդկանց (գուցե՝ առանձին խմբերի, ընկերությունների, ստուդիաների)  շահերին։ 
Լավ հիշում եմ. առաջներում հաճախակի ցուցադրվում, բեմ էին հանվում ՙԳիքորը՚, ՙՊատվի համարը՚, ՙՊեպոն՚, ՙՍտալինգրադի ճակատամարտը՚... Եվ մարդիկ սիրով ու անձանձիր դիտում, գեղարվեստական հաճույք էին ստանում, հուզվում, ոգևորվում, հպարտանում, սիրում, նաև՝ ՙդաստիարակվում՚, նոր լիցքով, նոր եռանդով լցվում։ Այսպես էր, քանզի նրանք ապրում էին դերասանների գեղեցիկ խաղով, կիրթ լեզվով, բառ ու բանով։ Դրանք, իսկապես, հիանալի ֆիլմեր էին։ Հետաքրքիր է՝ ո՞վ է հովանավորում, ո՞ւմ երաշխավորությամբ է եթերը տրամադրվում այդ անգույն ու անհամ ֆիլմերին, այդ ճչան տափակություններին։
Եկեք ազգովին մտածենք ու համապատասխան կառույցներից, ոլորտի  պատասխանատուներից պահանջենք  էկրանը մաքրել հոգի պղտորող այդ ֆիլմերից։ Եկեք էկրան հանենք ազգի կրթության ու դաստիարակության խնդրին հետամուտ արվեստի բարձրարժեք գործեր։ Վաղուց արդեն ժամանակն է զգաստանալու, իրերն իրենց անուններով կոչելու, այս ամենին բաց աչքերով ու սթափ նայելու։ Այսպես շարունակել չի կարելի։ Բեմ բարձրանալ, էկրանին երևալ կարող է ամեն ոք։ Բայց ամեն ոք չէ, որ կարող է նայողին գեղագիտական հաճույք պատճառել։ Հարկավոր է լրջորեն մտահոգվել այս խնդրով՝ եթերը տրամադրել շնորհալիներին, մեր ազգի երևելիներին, մեր արվեստի ճանաչված դեմքերի արժանի հետևորդներին։ Այլապես կգա ոգու սովը... Թե՞ այն արդեն ծեծում է մեր դռները։
 
Միքայել ԲԱԼՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ