[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՂԵՂ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ

karkut.jpgՄայիսի 22-ին տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Քաշաթաղի շրջանի հարավային արաքսամերձ մի քանի բնակավայրերի: Դեռևս Բերձորում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտն արդեն հուշում էին, որ վնասը մեծ կլինի: Շուտով տեղեկացանք, որ Վան և հարակից բնակավայրերն, իրոք,   մեծ վնաս են կրել: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի կարգադրությամբ ստեղծվել  է հանձնաժողով` ճշտելու վնասի չափերը։ 
Շրջվարչակազմի վերաբնակեցման և գյուղատնտեսության վարչությունների պետեր Ռ. Մաթևոսյանի և Ռ. Աբրահամյանի հետ մեկնում  ենք աղետի գոտի: Հիմնականում տուժել էին Աղաձոր, Վան, Երիցվանք, Մուշ, Ալաշկերտ գյուղական և Միջնավան, Կովսական քաղաքային համայնքները: Աղաձորում հեղեղը լճակների էր վերածել մի քանի տնամերձներ, վնասել ցորենի և գարու արտերը: Առաջինը հանդիպեցի գյուղաբնակներ Ժորա Հարությունյանին և Վիտուշ Մաթևոսյանին, որոնց և՜ գարու արտերն էին վնասվել, և՜ տնամերձները: Ճանապարհամերձ այգին (5000 քառ.մ) վերածվել էր լճակի, իսկ դիմացի բլուրներից վարար ջուրը դեռ իջնում էր և  շարունակում մեծացնել լճակը:  Նման լճակներ էին գոյացել նաև Երիցվանքի տարածքի արտերում, այս մասերում բարեբախտաբար այգիներն ու տները քիչ էին վնասվել: Վանում արդեն այլ է վիճակը. 10-ից ավելի բնակելի տներ և տնամերձ այգիներ էին տուժել: Ջուրը նույնիսկ մոտ 60 մետր քշել¬տարել էր Արմեն Հակոբյանի ՙԼադա՚ ավտոմեքենան, լցվել նրանց տունը, որտեղ անչափահաս 4 երեխաներ կային։ Մի քանի այգիներ  վերածվել էին լճակների: Անցյալ տարի այս բնակավայրը նույնպես մեծ վնաս կրեց հեղեղից: Գտնվելով Ողջի գետի ձախ ափին` գյուղը մյուս կողմից պատված է բլրակներով, որտեղից մի քանի հեղեղատներով վարար ջուրը ցած է իջել և լցվել ջրատարը: Վերջինս չի դիմացել և քանդվել է: Ջուրը լցվել է տներն ու այգիները, նույնիսկ արմատահան արել ծառերը: Միջնավանում նույնպես այգիները շատ են վնասվել. բերքը թափվել է ծառերի տակ, բանջարանոցները վերածվել են ճահիճների: Ընդհանուր առմամբ՝ հիսունից ավելի տների կտուրներ են քանդվել կարկտից ու քամուց: Վնասվել է 300 հեկտար ցանքատարածք` ցորենի ու գարու արտեր, բանջարանոցներ: Դպրոցի ու քաղաքապետարանի շենքերը նույնպես վնասվել են: Մյուս օրը՝ մայիսի 23-ին, Միջնավանում զինվորական Նորայր Մարտիրոսյանի վնասված այգում էինք, որտեղ նաև բանանի տնկիներ կան. դրանք  ջարդվել էին կարկտից։ Այստեղ  իմացա, որ Մուշ համայնքում հեղեղը մեծ վնաս է հասցրել բնակչությանը և շարունակում է իր սև գործը: Իսկապես այլ էր պատկերն այստեղ: Ափերից ելած Ողջի գետը հոսում է գյուղի տարածքով: 15-ից ավելի տներ ողողվել են, իսկ այգիներն ու բանջարանոցները վերածվել են լճերի ու ճահիճների: Կովսական-Միջնավան ճանապարհը դարձել էր գետ. մեքենաները դժվարությամբ էին ընթանում: 
Օրվա առաջին կեսին աղետի գոտի եկան շրջանի ղեկավարությունը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները: Կովսականի քաղաքապետարանում կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին  տուժած համայնքների ղեկավարները, շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, քաղաքաշինության, վերաբնակեցման բնագավառների ղեկավարները, աշխատակազմի ղեկավարը, այլ պաշտոնյաներ: Խորհրդակցությունը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Ներկա էր նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Վ. Ավետիսյանը, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի Քաշաթաղի ներկայացուցիչը, ջրային տնտեսության աշխատակիցները: Որոշվեց ճշտել տարերքի հասցրած վնասները և աջակցել բնակչությանը:  Երեկոյան կողմ ջրային տնտեսության աշխատակիցների կողմից փակվեցին գետից սկիզբ առնող ոռոգման ջրատարները, և Մուշ գյուղն ու ճանապարհը ողողած ջրերը նստեցին:
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր