[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ

 DSC03348.jpgԵրեխաների  պաշտպանության միջազգային օրը ԼՂՀ սոցապնախարարության կազմում գործող՝ Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 հաստատությունում կազմակերպվեց հերթական միջոցառումը։ Այստեղ խնամվում ու դաստիարակվում են առանց ծնողական խնամքի, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 35 երեխաներ։ 

Հունիսի 1-ին գիշերօթիկ հաստատության դաստիարակների և երեխաների համատեղ ջանքերով կազմակերպված գողտրիկ միջոցառմանը  ներկա էին  ԼՂՀ սոցապնախարարության ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը, երեխաների կնքահայր, Ասկերանի շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Էմանուել քահանա  Վարդանյանը, բարերարներ, հյուրեր։ Երեխաները ներկաներին հիացրին իրենց ասմունքով, երգ ու պարով, թատերական ներկայացմամբ։ Այս հաստատությունն արդեն չորս տարի է, ինչ գտնվում է պետության հոգածության և հովանու ներքո։ Եվ, ինչպես նշում են դաստիարակները, այդ ամենի դիմաց երեխաների երախտիքը կլինի այն, որ ապագայում դառնան արժանի քաղաքացիներ մեր Արցախ աշխարհի համար և իրենց  ձեռքբերումներով, հաստատուն քայլերով ընթանան կյանքի ճանապարհով։ Հնչած երգերի մեծ մասի հեղինակը հաստատության երաժշտական ղեկավար Իրինա Փիրումյանն է։ Նրա ջանքերով էլ ամեն տարի կազմակերպվում են նման հիանալի հանդեսներ։ 
Միջոցառմանն ամփոփվեցին տարվա կատարած աշխատանքները, նշվեցին երեխաների հաջողությունները, ձեռքբերումները։ Տնօրենության հավաստմամբ՝ տարին հագեցած էր, հետաքրքրություններով լի։ Երեխաները պատմամշակութային այցով եղել են Տիգրանակերտում, Դադիվանքում, Ամարասում, Գանձասարում և հաճախակի՝ նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում, իսկ Ասկերանի շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է 14 երեխաների մկրտություն։ Բացի այդ, նրանք ուսման և սպորտի ասպարեզում ունեցել են բավականաչափ հաջողություններ։ Ինչպես նշում են հաստատության դաստիարակներն ու հոգեբանը, իրականում երեխաներին շատ քիչ բան է հարկավոր, բավական է, որ վերջիններս սիրվեն, հոգ տարվի նրանց  մասին։ Երեխաների դաստիարակության գործում կարևորվում է նաև հայրենասիրական ոգու դաստիարակումը։ Այդ առումով տարվա ընթացքում կազմակերպվել են մեծ թվով  հայրենասիրական միջոցառումներ։ Հնգամյա Արտյոմը թեև այժմ երգով, բայց հստակ ասում է, որ ինքն անպայման զինվոր կդառնա և կծառայի հայոց բանակի շարքերում։ 
Գիշերօթիկ հաստատության տնօրենությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ պատվոգրեր հանձնեց հաստատության այն երեխաներին, ովքեր ամբողջ տարվա ընթացքում ջանասիրաբար աշխատել են և իրենց լավագույնս դրսևորել ուսման, սպորտի և այլ բնագավառներում։  Միջոցառման ժամանակ անչափ հուզվել էր Էմանուել քահանան։ Մարդիկ մոտենում և քահանային հարց էին տալիս, թե արդյո՞ք մեր օրերում հրաշք լինում է։ ՙԱյո, այ սա հրաշք է... Այս երեխաները հրեշտակներ են, որ  անկեղծորեն  երգում ու պարում են ու միմյանց շնորհավորում։ Եկեք բոլորս  խոնարհվենք  հաստատության ուսուցիչների առջև այս աստվածանվեր աշխատանքի ու ծառայության համար, որ միշտ լինեն այս երեխաների կողքին։ Աստված տեսնում է ձեզ, եկեք բոլորս միշտ  աղոթենք և Աստծուն ապավինենք, և նա կիրականացնի մեր երազանքները՚,- մաղթեց երեխաների կնքահայրը։ 
Ստեփանակերտի հ. 9 հիմնական դպրոցի տնօրեն Լևոն Գևորգյանի խոսքերով՝ նման երեխաներն իրականում ջերմության, ծնողական սիրո կարիք ունեն։ Եվ այստեղ արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովվի այս երեխաների անհոգ մանկությունը։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ