[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻՆԵՆՔ ԱՎԵԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ. ՍԱ ԳՈՐԾԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՍՆ Է

WAAN.jpgԱվելի քան  20 տարի է, ինչ Վահան Արզումանյանն ապրում էր Լիտվայի  Կաունաս քաղաքում։ Մասնագիտությամբ  բժիշկ է։ Երկար տարիներ եղել է  Կաունասի  հայկական  համայնքի ղեկավարը  և փորձել համախումբ պահել տեղի հայությանը, ամրապնդել նրանց  կապը հայրենիքի հետ։ Արդեն  4 տարի է, ինչ  նա բնակվում է Երևանում։
-Վահան, ինչո՞ւ  տեղափոխվեցիք  Հայաստան։ Կարծես  թե Լիտվայում աշխատանքի  խնդիր չունեիք...
- Երևի, այնուամենայնիվ, մեծ էր ցանկությունը,  որ երեխաներս  մեծանան  հայկական  միջավայրում, հայրենիքում։ Իսկ   եթե ավելի անկեղծ  լինենք՝  ես նույնպես շատ էի կարոտում, և եկավ մի օր, երբ որոշում կայացվեց ապրել  հայրենիքում։ 
- Երկար տարիներ Դուք Ձեր մասնագիտությամբ  աշխատում էիք Կաունասում։  Տեղափոխվելով Հայաստան, Դուք աշխատում եք  նո՞ւյն  մասնագիտությամբ։ 
¬ Այո, բժշկությունը ես շարունակում եմ, բայց՝  ոչ Հայաստանում. ամիսը մեկ անգամ  մեկնում եմ Լիտվա, որտեղ իմ պաշտոնը պահպանվել է։ 
- Իսկ հիմնական ի՞նչ աշխատանք եք իրականացնում  Հայաստանում։ 
- Հասարակական ոլորտում մենք  հանդես  ենք գալիս  տարբեր  նախաձեռնություններով. դրանք Լիտվայի  և Հայաստանի  (Արցախի)  միջև  համագործակցության  ծրագրեր են, ինչի միջոցով  փորձում ենք եվրոպական՝ տարբեր  ոլորտներում ձեռք բերված  փորձն արմատավորել հայրենիքում, իսկ հայկական ավանդույթներն ու երկիրն ընդհանրապես ներկայացնել  դրսում։ 
- Ո՞ր ոլորտներն եք ընտրել  գործունեության  համար։
- Առաջին ծրագիրը, որ բավականին  հաջողությամբ  կյանքի կոչվեց Արցախում, ՙՏնջրի՚ երաժշտական փառատոնն է, որի  գեղարվեստական ղեկավար Օլգա  Արզումանյանն իմ կինն է։ Սկզբում, երբ փառատոնի  նախագիծը դեռ քննարկման փուլում էր, քննադատաբար էր ընդունվում տեղացիների կողմից. կարծիք կար, որ դասական երաժշտությունը  Ղարաբաղում ճանաչում չի ունենա, և ծրագիրը  դատապարտված է ձախողման։ Ես պնդեցի հակառակը, քանի որ, ըստ իս, դասական երաժշտությունը երաժշտության կատարելության հասցված տեսակն է, իսկ կատարյալ արվեստը  չի կարող հետաքրքիր չլինել մտածող, զգայուն արցախցիների համար։ Ռիսկն իրոք մեծ էր, բայց  այն,  այնուամենայնիվ, չխանգարեց կյանքի կոչել ծրագիրը։ Առաջին փառատոնը  ցույց տվեց, որ  Արցախում  գոյություն ունի մարդկանց հսկայական  խումբ, որն այդ երաժշտության  կարիքն ունի, իսկ  իրենք՝ երաժիշտները, կարիք ունեն  դրսի  փորձի հետ շփվելու,  ճանաչելու, սովորելու։ Ծրագիրը շարունակական է։ 
Այսինքն՝ մենք հասկացանք, որ մեր ծրագրով  կարող ենք  բազմաթիվ խնդիրներ լուծել։ Տեղի բնակչության մտածելակերպը, մենթալիտետը փոխելու, ձևավորված որոշ կարծրատիպեր կոտրելու անհրաժեշտություն կա։ Դրանցից մեկն առաջինը լինելու ձգտումն է։ Աշխարհում  վաղուց  հեռացել են  դրանից։ Որպեսզի լսեն, գնահատեն, պետք է ոչ թե  առաջինը լինել, այլ սիրել ընտրած զբաղմունքը, գործը, քանի որ միայն այդ  պարագայում  այն կկատարվի  առավելագույն  որակով։ Եվրոպայում լավ են յուրացրել այդ դասը, և ես կցանկանայի, որ իմ հայրենակիցները  նույնպես  ունենան աշխատանքից հաճույք ստանալու ունակությունը։  
- Ինչո՞ւ եք կարծում, թե տեղացիները  չեն  կարողանում  հաճույք ստանալ իրենց  զբաղմունքից։ 
- Սա  իմ կարծիքն է, իմ  դիտարկման գնահատականը. ես ինքս արմատներով Արցախից  եմ, և նման տեսակետի հանգել եմ  երկար տարիներ Լիտվայում ապրելուց հետո։ 
Մենք աշխատում ենք վերջնական արդյունքը տեսնելու, վայելելու համար, իսկ նրանց հետաքրքիր ու ցանկալի է աշխատանքի պրոցեսը։ 
- Ինչո՞վ  եք  դա բացատրում։ 
- Կարծում եմ,  կարևոր գործոն է նաև Ղարաբաղի  մեկուսացվածությունը, կտրվածությունն աշխարհից։ Ինչո՞վ  է վատ առաջինը լինելու պարագան. այն, որ երբ դու առաջինն ես (կամ քեզ զգում ես առաջինը), ներսում արգելակվում է  զարգացման պրոցեսը։ Դրա համար պետք է հնարավորություն ունենալ   տեսնել, շփվել նմաների հետ, որպեսզի  զարգացումը  կատարյալ լինի։  Ահա այս  խնդիրն ենք փորձում լուծել  մեր նախագծերով։ 
- Իսկ ինչո՞ւ  է ընտրվել մշակույթի  ոլորտը...
- Որովհետև նախ՝ մշակութային  ծրագրերի միջոցով է  հաջողվում համեմատաբար  մեծ թվով անձանց  ներգրավել, շահագրգռել։ Բացի այդ, դարձյալ  մշակույթն է, որ քիչ  հակազդեցություն է ստանում տարբեր  ուժերի կողմից։ Եվ ընդհանրապես, մշակույթի  լեզուն ավելի  մատչելի է  հասարակ  քաղաքացիներին, քան, ասենք, բժշկի։ 
- Երկրորդ ծրագիրը, որ  ուզում եք  իրականացնել  Ղարաբաղում, ոչ մշակութային  ուղղություն ունի... Ընտրվել է տուրիզմի ոլորտը։ Ինչո՞ւ։ 
- Ղարաբաղում  տուրիզմի  զարգացման հեռանկարները  լայն են։ Այս ծրագրով  կփորձենք  խթանել  գյուղական տուրիզմի  զարգացումը։ 
Ներկայումս այն դեռ բանակցային, սկզբնական  փուլում է, և մեզ  մատնացույց են անում  բազմաթիվ  խնդիրներ, որոնք կարող են ծագել  աշխատանքի ընթացքում։ Ըստ իս, խնդիրը ոչ միայն, և ոչ այնքան ենթակառուցվածքների  բացակայության  մեջ է  (նման խնդրի  գոյությունը,  մենք, իհարկե, չենք ժխտում), այլ ճկուն մտածելակերպի, նախաձեռնողականության բացակայության։ Հաճախ մեզ մոտ ՙտուրիզմ՚ հասկացությունը զուգորդվում է  մի որոշակի  տարածքում ճոխ կերուխումերի  հետ։ Դա տուրիզմի  ոլորտի կողմից  առաջարկվող  ծառայությունների մի մասն է միայն։ Մենք ձգտել ենք ցույց տալ  արտասահմանյան  փորձը, որտեղ հստակ երևում է, որ շահույթ կարելի է ստանալ ոչ միայն ռեստորան կամ հանգստի գոտի կառուցելով, այլև  ավելի յուրօրինակ ու հետաքրքիր  նախաձեռնություններով, որը հնարավորություն  կտա  խթանել ներքին տուրիզմը և դրսից զբոսաշրջիկների նոր հոսք ապահովել։ 
Որպես առաջարկ կարող եմ նշել, ասենք, Բերձոր-Ստեփանակերտ-Դրմբոն-Դադիվանք-Քարվաճառ  ճանապարհին մի քանի կետի վրա փոքր  քեմփինգների կառուցումը, որտեղ զբոսաշրջիկները կարող են հանգրվանել իրենց վրաններով։ Սա թույլ կտա այդ  տարածքում  զարգացնել որոշ  ենթակառուցվածքներ՝ այնտեղ մատուցվող  ծառայությունների շնորհիվ։ 
Եթե չկան խոշոր գումարներ, պետք է սկսել քիչ  ծախսեր  պահանջող  ծրագրերից. սա է իմ  մոտեցումը։ Ու կարծում եմ, փոփոխություններ պետք է  կատարվեն նախ մեր մեջ ՝ մտածողության, կենցաղի, հակառակ դեպքում, նույնիսկ  գումարների  ու  ենթակառուցվածքների  առկայության  պարագայում  մեծ  արդյունքի  չենք  հասնի։ Պետք է լինել ավելի  համարձակ և նախաձեռնող. սա գործի հաջողության կեսն է։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ