[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2012թ. հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում աշխատանք փնտրող անձանց թիվը հասնում էր 3315-ի, որոնցից  3153-ը կանայք էին։ Գրանցված անձանց 93,9%-ը, կամ  3114 մարդ, ստացել է գործազուրկի կարգավիճակ։
 Հաշվառվածներից  2761-ը   Ստեփանակերտի բնակիչներ էին, իսկ ամենաքիչը՝ 51 մարդ, գրանցվել է Ասկերանի շրջանում։ Ինչպես  տեղեկացրեց ԼՂՀ սոցապնախարարության աշխատանքի և զբաղվածության  բաժնի գլխավոր մասնագետ  Ռոմելա Իշխանյանը, 2011թ. հունիսի 1-ի համեմատությամբ գործազուրկների թիվը նվազել է 290-ով։ Գրանցված 3114 քաղաքացիներից գործազրկության նպաստ է ստանում 361-ը, որից 334-ը՝ կանայք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստառուների թիվը նվազել է 126-ով։ 
Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ սույն թվականի հունիսի 1-ի դրությամբ՝  հանրապետությունում աշխատանքի է տեղավորվել 137 հոգի, որից 110-ը՝ կանայք. նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 75-ով։ 
Գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված անձանց, հատկապես հաշմանդամների համար ԼՂՀ սոցապնախարարությունում իրականացվող ծրագրերից մեկն էլ կազմակերպվող մասնագիտական ուսուցման դասընթացներն են։  Ծրագիրը նպատակ ունի աջակցել գործազուրկներին, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու շնորհիվ տեղավորվել  հարմար աշխատանքի։ Հերթական անգամ  2012 թվականի ապրիլ-մայիս ամիսներին  ՙՆորք՚  տեղեկատվական վերլուծական  կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղում կազմակերպվեցին  ՙՀամակարգչային հաշվապահություն՚, ՙՀամակարգչային տեխնիկայի վերանորոգում և ծրագրերի տեղադրում՚  մասնագիտություններով դասընթացներ (համապատասխանաբար՝ 108 ժամ և  75 ժամ)։  Համաձայն ուսումնական ծրագրի՝ մասնակիցներին տրվեցին համակարգչային գիտելիքներ, հաշվապահական ծրագրեր։ Դասընթացներին ընդգրկված էր 41 գործազուրկ, որից 12-ը հաշմանդամներ էին։  Մասնակիցների գերակշռող մասը միջնակարգ կրթությամբ իգական սեռի ներկայացուցիչներ էին։  Ռ. Իշխանյանի տեղեկատվությամբ՝ մասնակիցների հիմնական մասը  Ստեփանակերտից և Հադրութի շրջանից էր։ Ուսուցումը  հատկապես այս մասնագիտությունների գծով իրականացնելը պայմանավորված էր տարածքային գործակալությունների կողմից ներկայացված հայտերով. այստեղ հաշվի են առնվել նաև գործազուրկների նախասիրություններն ու  ցանկությունները։ Համաձայն սոցիալական տարածքային մարմինների կողմից ներկայացված ցուցակների՝ ՙՀամակարգչային հաշվապահություն՚ մասնագիտությամբ ուսուցում է իրականացվել 35  անձի համար, որից 9-ը՝ հաշմանդամ։ Բոլոր մասնակիցները Ստեփանակերտ քաղաքից էին։ ՙՀամակարգչային  տեխնիկայի վերանորոգում և ծրագրերի տեղադրում՚ մասնագիտությամբ ուսուցում է անցկացվել 6 անձի համար, որից 3-ը՝ հաշմանդամ։ Մասնակիցներից մեկը Հադրութ քաղաքից էր, մնացածները՝ Ստեփանակերտից։ Այստեղ բոլոր մասնակիցներն արական սեռի ներկայացուցիչներ էին։  Ընդհանուր առմամբ, դասընթացների ուսուցման համար ծախսվել է շուրջ 3 մլն 700 հազ. դրամ։ 
Մասնագիտական  ուսուցման բոլոր  մասնակիցները դասընթացներն ավարտելուց  հետո  քննության արդյունքներով ստացել են վկայականներ։ Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, առաջիկայում նույնպես կկազմակերպվեն հերթական մասնագիտական ուսուցման դասընթացներ։ Այդ առումով արդեն դիմել է շուրջ 78 հոգի։ Սոցապնախարարության տվյալներով՝ այս դասընթացներն ավարտած անձինք աշխատանքի են տեղավորվում առաջնահերթության կարգով։ 
Բացի այդ, գործազուրկներին աջակցելու հարցում նախանշված են այլ ծրագրեր։  Այսպես, շուրջ 19 միլիոն դրամ է նախատեսված մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող  գործազուրկների  և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային  պրակտիկայի  կազմակերպումը գործատուի մոտ  և շուրջ  1 միլիոն դրամ ՝ աշխատանք փնտրող չզբաղված  հաշմանդամների համար  աշխատատեղերի հարմարեցումը  գործատուի մոտ ծրագրերի  համար։ Սակայն այս ծրագրերից ոչ ոք  չի օգտվել, ու հիմնականում  գործատուներն այս առումով շահագրգռված չեն։  Զբաղվածության ոլորտի մասնագետները հույս են հայտնում, որ առաջիկայում կհայտնվեն գործատուներ, ովքեր պատրաստակամ  կլինեն  աջակցել  հաշմանդամներին և կօգտվեն նշված ծրագրերի փոխհատուցումից։ Այսպես, 3 հաշմանդամ  օգտվում են նաև  աշխատաշուկայում  անմրցունակ խմբերի  աշխատավարձի  փոխհատուցման ծրագրից։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ