[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՄԻՏՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի կողմից իրականացվել են մի շարք գործողություններ` ուղղված մայրաքաղաքի երթուղիների սպասարկման մակարդակի բարձրացմանը: Ներքաղաքային ավտոբուսային երթուղիների կանոնավոր ուղևորափոխադրումների լիարժեք կազմակերպման համար բաժնի կողմից ձեռնարկված քայլերի, ինչպես նաև կատարված այլ աշխատանքների շուրջ զրուցեցինք վերոնշյալ բաժնի պետ Էդգար ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ:
Ըստ Է. Ավանեսյանի՝ փոփոխության է ենթարկվել  Ստեփանակերտի քաղաքապետի համապատասխան որոշմամբ հաստատված՝ ներքաղաքային երթուղային սպասարկման (երթակարգավարման) պայմանագիրը, համաձայն որի պայմանների խախտումն առաջացնում է համապատասխան տուգանքների նշանակում: Նշյալ պայմանագիրը կնքվել է քաղաքապետարանի ՙՍտեփանակերտի համայնքային ծառայություն՚ ՓԲԸ-ի և մայրաքաղաքում ընդհանուր օգտագործման ավտոբուսային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների (ՙՍտեփանակերտ-սերվիս՚ ՓԲԸ և ՙՄհեր՚ ՍՊԸ) միջև: Վերահսկումը կատարվում է գծային կարգավարական կառավարման գործընթացով, արդյունքներն արտացոլվում են լուսանկարներով, որտեղ ֆիքսված է լինում ժամանակը, ինչը երթակարգավարներին թույլ է տալիս համեմատել շարժակազմերի փաստացի աշխատանքային հաստատված չվացուցակի հետ: Արձանագրված խախտումները բերում են տուգանքի. 3-5 րոպե շեղման դեպքում ուղևորափոխադրողները տուգանվում են 3000 դրամով, 5-6 րոպեի դեպքում` 6000 դրամով, 16 և ավելի րոպեների դեպքում` 8000 դրամով: 4-րդ գրանցված խախտման դեպքում պատվիրատուն (երթակարգավարման ծառայությունը) հիմնավոր փաստաթղթերով գրավոր առաջարկություն է ներկայացնում Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժին` համապատասխան կազմակերպությանը երթուղու սպասարկումից զրկելու մասին: Բաժինն ընթացքավորում է առաջարկները և քննարկման դնում մրցութային հանձնաժողովի առջև: Տուգանքի են ենթակա նաև այլ խախտումներ` ավտոբուսի սրահում վարորդների և ուղևորների կողմից ծխելու, բարձր երաժշտություն միացնելու և այլնի դեպքում:
Հաշվի առնելով ուղևորահոսքի զգալի տատանումները՝ ըստ տարվա ժամանակների, հստակեցվել են երթուղիների աշխատանքային ժամանակահատվածները` գարնան-ամառային (ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը) և աշնան-ձմեռային (հոկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը): Գարնան-ամառային ժամանակահատվածը երկարացվել է մեկ ժամով. ավտոբուսային երթուղիների համար աշխատանքի սկիզբը սկսվում է առավոտյան ժամը 7.00-ին և ավարտվում երեկոյան ժամը 23.00-ին, միկրոավտոբուսային երթուղիների համար` 7.30-ից մինչև 22.00-ն: Երթուղիների աշխատանքային ժամանակահատվածի սկիզբն ու ավարտը հաշվի է առնվում Հաղթանակի հրապարակից: Համաձայն հաստատված ավտոբուսային երթուղիների ամփոփ չվացուցակի, ըստ երթուղիների շարժման, գոյություն ունեն նվազագույն և առավելագույն միջակայքեր (ինտերվալ): Երեկոյան ժամերին նկատվում է ուղևորահոսքի անկում, ինչի հետևանքով կրճատվում է սպասարկող ավտոբուսների քանակը՝ ապահովելով երթուղիներում նախատեսված առավելագույն միջակայքը: Ներքաղաքային ավտոբուսային երթուղիների կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման մակարդակի բարձրացման նպատակով շարժակազմերում իրականացվել են նաև կահավորման աշխատանքներ. ցուցադրված է ցուցատախտակ, որտեղ նշված է երթուղու համարը, շարժման ընթացուղին, վարորդական քարտը (անուն, ազգանուն, ընկերության անվանումը և այլն): Դա թույլ է տալիս սպասարկման մակարդակի բարձրացմանը ներգրավել նաև ուղևորներին, որոնց ակտիվությունը ևս կնպաստի խնդրի ավելի արագ լուծմանը:
Մայիս ամսում ՙՍտեփանակերտ-սերվիս՚ ՓԲ ընկերության 10 ավտոբուսներում տեղադրվել են պլազմային հեռուստացույցներ, որով առաջին հերթին ուղևորները տեղեկացված կլինեն քաղաքապետարանի աշխատանքային գործունեության, այդ թվում` երթուղիների ամփոփ չվացուցակների մասին և այլն: Վազող տողերի միջոցով նրանք հաղորդակից կդառնան նաև գովազդներին: Հարմարավետության նման ձևը մեծապես կծառայի ուղևորների սպասարկման մակարդակի բարձրացման ծրագրին: Ծրագիրը կլինի շարունակական:
Այսօրվա դրությամբ աշխատանքներ են ընթանում ներքաղաքային երթուղիների կանոնավոր ուղևորափոխադրումների միասնական ամփոփ չվացուցակների մշակման շուրջ, որը հիմնված կլինի ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված երթուղիների աշխատանքային և ոչ աշխատանքային չվացուցակների վրա:
Էդգար Ավանեսյանի տեղեկատվությամբ՝ մոտ ժամանակներս, որպես առաջնային քայլ, նախատեսվում է տեղադրել աշխատանքային չվացուցակն արտացոլող ցուցանակներ թիվ 10 և 17 երթուղիների սկզբնակետում, վերջնակետում և որպես հանգուցային կետ` Հաղթանակի հրապարակում, ինչը  ուղևորներին կօգնի ժամանակը խնայելու հարցում: Այդ գործը կլինի շարունակական և բոլոր երթուղիների համար:
Ըստ բաժնի պետի, ԼՂՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան մասնագետների հետ համատեղ հետազոտվել են մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման կատարելագործման և ճանապարհատրանսպորտային վթարների նվազեցման հնարավորությունները: Արդյունքում ավտոճանապարհները կահավորվել են 140 ճանապարհային նշաններով։ Ճանապարհային երթևեկության ապահովման նպատակով շարունակվում են վերահսկվել մայրաքաղաքի բոլոր լուսաֆորային օբյեկտների սպասարկման և վերանորոգման աշխատանքները: 
Բաժնի մյուս կարևոր ոլորտը համարվում է արտաքին (փողոցային) լուսավորության ապահովումը: Նշյալ ոլորտի խնդիրների լուծման համար բաժինը գործակցում է ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի հետ, որի կողմից կատարվում են էլեկտրամոնտաժային աշխատանքներ: Բաժինը վերահսկող դերում է: Ըստ բաժնի գլխավոր մասնագետ Զորեն Ղազարյանի (ով պատասխանատու է արտաքին լուսավորության աշխատանքների իրականացման համար), 2012թ. առաջին կիսամյակի պլանները կատարված են: Աշխատանքների մեծ մասն իրականացվել է  ծայրամասային լուսավորման ցանցի համակարգի ստեղծման նպատակով: Այդ աշխատանքներն ընթացել են մի շարք ծայրամասային փողոցներում՝ Վարդան Այգեկցի, Վաչագան Բարեպաշտ, Դանիել-Բեկ Փիրումյան, Ա. Առաքելյան 1 փակուղում, Բաղրամյան փակուղում,  Լազարևի 1 փակուղում, Աջափնյակ թաղամասում, ինչպես նաև Վերածննդի հրապարակից դեպի Շահումյանի անվան մարզադաշտ տանող ճանապարհահատվածում: Ընդհանուր առմամբ տեղադրվել են 124 նոր լուսատուներ: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքի փողոցներում, բակերում և հարակից տարածքներում նորոգվել են շուրջ 397 լուսատուներ: Արտաքին լուսավորության ապահովման նպատակով մայրաքաղաքի բակերում և հարակից տարածքներում տեղադրվել է 78 լուսատու: 
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ՙԱրցախուղի՚ ՓԲԸ-ի հետ համագործակցելով՝ բաժինը  բարելավման ծրագրի շրջանակներում իրականացնում է նաև փողոցների խճապատման (կոպճապատման) աշխատանքներ, ինչը նույնպես շարունակական բնույթ կկրի: Վերահսկումը կատարվում է զարգացման ծրագրերի բաժնի և ԼՂՀ քաղաքաշինության նախարարության տեխհսկիչների հետ համատեղ: Աշխատանքներն ընթանում են հիմնականում մայրաքաղաքի ծայրամասերում: Արդեն խճապատված է նախատեսվածի մոտ 40 տոկոսը:
Բաժնի գործառույթների մեջ է մտնում նաև ջրամատակարարման և ջրահեռացման վթարային իրավիճակների վերացման վերահսկումը: Էդգար Ավանեսյանի տեղեկատվությամբ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանձնարարականով բաժինը բացահայտել և տեղեկացրել է համապատասխան կառույցներին` Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքում մի շարք խախտումների և թերությունների մասին:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ