Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈԳՍԵՐԸ ՆԱԵՎ ՄԵՐ ՀՈԳՍԵՐՆ ԵՆ

Արցախյան պատերազմի մասնակիցների, զոհվածների ընտանիքների, հաշմանդամների, վիրավորների սոցիալական խնդիրներով պետությունն սկսել է զբաղվել հրադադարի հաստատումից անմիջապես հետո: Այս տարիներին իրականացվել են պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական պաշտպանությանն ու նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ: 
ԼՂՀ սոցապահովության և առողջապահության նախարարությունների համատեղ ջանքերով հաշմանդամների առողջության, աշխատունակության և սոցիալական կարգավիճակի վերականգնման տարաբնույթ միջոցառումներ են իրականացվել։ Նման ծրագրեր կյանքի են կոչվել նաև հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից:
Արցախյան պատերազմի մասնակիցների վերաբերյալ օրենքով սահմանված արտոնություններն ամրագրված են  ՙՀաշմանդամների սոցիալական ապահովության մասին՚ և ՙԶինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին՚ ԼՂՀ օրենքների դրույթներով (երկրորդ օրենքի հոդված 3-ի բ  կետով բացատրվում է, որ զինծառայողներին հավասարեցված անձինք են ԼՂՀ պաշտպանության մարտական գործողությունների այն մասնակիցները, ում վրա տարածվում են այդ օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված դրույթները): Պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում ԼՂՀ կառավարության սահմանած կարգով։ 
Օրենքի այս դրույթները մանրամասնելով՝ կարելի է պատկերացնել, որ հանրապետությունում ապրող ազատամարտիկները պետության կողմից իրենց վերապահված արտոնությունների շնորհիվ ապրում են  ապահով, առանց խնդիրների: Սակայն այսօր, երբ Արցախյան պատերազմից անցել է շուրջ երկու տասնամյակ, պատերազմի մասնակիցների շրջանում սոցիալական լարվածությունը  դեռևս պահպանվում է, հասարակության այդ հատվածի ներկայացուցիչների մեծ մասը բողոքում է ցածր  թոշակներից, նախկին շատ ազատամարտիկներ զբաղվածության ու բնակարանային խնդիրներ ունեն, կան նաև առողջական ծանր խնդիրներ, առողջարանների կարիք ունեցող նախկին ազատամարտիկներ: Պետությունն, անշուշտ, որոշակի արտոնություններ շնորհել է մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին, սակայն այդ օրենքների որոշ կետեր այսօր հաճախ չեն գործում, քանզի հատկապես երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամների մեջ մեծ թիվ են կազմում իրենց իրավունքներին անիրազեկ անձինք: Նախկին ազատամարտիկները հաճախ բողոքում են, որ անվճար դեղորայք ստանալու համար պետք է հաղթահարեն առաջնային բուժօգնության հաստատությունների անվերջանալի հերթերը: Շատերն էլ, անտեղյակ, որ գոյություն ունեն իրեն հասցեագրված որոշակի արտոնություններ, հաշմանդամության համար տրվող թոշակով ստիպված են լինում հոգալ անհրաժեշտ դեղորայքի ծախսերը: Այս և նման բնույթի այլ հարցեր մենք փորձեցինք պարզաբանել համապատասխան գերատեսչություններում: Ըստ Առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության կազմակերպման և վիճակագրական վերլուծության բաժնի պետ Ագապեի Հայրունու, նախարարությունն, ինչպես միշտ, աշխատում է ուշադրության կենտրոնում պահել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող սոցիալական խմբերին:  2011թ. սկզբից գործում է որոշակի սահմնափակում, համաձայն որի երրորդ խմբի հաշմանդամներին դեղերը հատկացվում են ոչ թե անվճար, այլ 50 տոկոս զեղչով: ՙԱրցախյան պատերազմում հաշմված, տարբեր կարգի վնասվածքներ ստացած անձինք անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու համար պետք է գործող կարգով բժշկական կազմակերպություն  ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական խմբի պատկանելությունը հաստատող փաստաթուղթ: Ընդհանրապես, հիվանդներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր նշանակելիս հիմք է ընդունվում ամբուլատոր քարտում առկա ախտորոշումը կամ հիվանդանոցային կազմակերպության կողմից տրված հիվանդության պատմությունից գրված քաղվածքը (էպիկրիզը).
Հիվանդներին դեղերի անվճար հատկացումն իրականացվում է ամբուլատոր պոլիկլինիկական և դիսպանսերային բժշկական կազմակերպությունների կողմից տրված դեղատոմսերով հիվանդի ամբուլատոր  քարտում համապատասխան գրառումով, իսկ մասնագիտացված հիվանդանոցների կողմից` հիվանդության պատմությունում: Բնակչության առողջության առաջնային պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին անվճար կամ արտոնյալ  պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող սոցիալական խմբերի հիվանդությունների ցանկում ընդգրկված անձանց դեղերով ապահովումն իրականացնում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները՚,- պարզաբանեց Ա. Հայրունին: Հաշմանդամների հնչեցրած դժգոհություններին ԱՆ մասնագետներն անտեղյակ չեն, ավելին, ըստ ԱՆ պետական առողջապահական գործակալության տնօրեն Լեոնիդ Համբարձումյանի, դեռևս 2009թ. գերատեսչությունն ըմբռնումով է վերաբերվել նրանց բողոքներին: Հիմք ընդունելով  ՙՀաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին՚ օրենքի պահանջներն ու ելնելով  հաշմանդամների առողջության խաթարումներով պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից`  նախարարը հրաման է արձակել, որով ԼՂՀ ԱՆ բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ մատուցող հիմնարկների ղեկավարներին հրահանգվել է բուժօգնության իրականացման գործընթացում խստիվ առաջնորդվել վերոհիշյալ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, համաձայն որի` հաշմանդամներն իրավունք ունեն ապահովվել բուժսպասարկմամբ առաջնահերթ կարգով: 
Սոցապնախարարության սոցիալական աջակցության բաժնի պետ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ`  ներկայում հանրապետությունում հաշվառված է   զինծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած  ավելի քան 2600 անձ:  Նրա խոսքերով` պատերազմին հաջորդած տարիներին հաշմանդամների կենսամակարդակը բարձրացնելու նպատակով իրականացվող տարաբնույթ ծրագրերը շարունակական բնույթ են կրում, ուշադրության կենտրոնում է պահվում հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման համակարգը: ՙՀաշմանդամներին անվճար տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ, լսողական սարքեր և սայլակներ: Աստիճանաբար անցում է կատարվում թվային լսողական սարքերի տրամադրմանը: Ավելացվել են հաշմանդամներին տրամադրվող պարագաների քանակը և տեսականին (լրացուցիչ ռետիններով ձեռնափայտեր, հենակներ, ծայրատի ձեռնոցներ, գուլպաներ և այլն), տարեցտարի ավելացվում է առողջարանային  բուժման ուղեգրերի քանակը՚,- ասաց Ս. Իսրայելյանը: Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է, որպեսզի հաշմանդամը հաuարակական կյանքին լիարժեք մաuնակցության ձգտում ունենա:  Ս. Իսրայելյանը նշեց, որ  գործնականում անհնար է հաշմանդամներին մեկ առ մեկ իրազեկել այս կամ այն սոցիալական ուղղվածության ծրագրի մասին: Պետպատվերի շրջանակներում իրականացվող ծրագրերին առավելագույնս տեղյակ լինելու համար մայրաքաղաքում ապրող հաշմանդամները  պետք է ներկայանան Ստեփանակերտի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն,  շրջաններում ապրողները` շրջանային ստորաբաժանումներ: Հաշմանդամության հիմնախնդիրների իրազեկման, խնդիրների ճիշտ ներկայացման հարցում գերատեսչությունում կարևորում են նաև հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական  կազմակերպությունների դերը: Uոցիալական ուղղվածության ծրագրեր իրականացնելիս գերատեսչություւնը համագործակցում է հաuարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ