Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՔՍԻ ՋՐԵՐԸ ՈՌՈԳՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՋՐԵՐԸ

1.jpgԴեռ տարեսկզբին է սկսել գործել Արաքսի ջրերը Հադրութի շրջանի խորքերը հասցնող 35 կիլոմետրանոց ջրանցքը: Նոր վարելահողերի յուրացման առաջին փորձերն արդեն արդյունքներ են տալիս: Արաքսի հովտի բարեբեր հողերի հնարավորություններով նաեւ սիրիահայ ներդրողներն են սկսել լրջորեն հետաքրքրվել:
Ամենահարմար բնակլիմայական պայմանները հանրապետության հարավում են առկա: Շուրջ մեկ տարի տեւած բանակցություններն  ավարտվել են: Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Ա.
 Խաչատրյանը վերջերս արդեն կոնկրետ ժամկետներ ու թվեր է նշել. ՙՍիրիահայ գործարարները ցանկանում են այստեղ ձիթապտղի այգիներ հիմնել: Բանակցությունները սկսվել են դեռ մեկ տարի առաջ եւ պայմանավորված չեն Սիրիայում տիրող քաղաքական վիճակով: Բանակցությունների արդյունքում վարձակալվել են անհրաժեշտ հողերը: Աշնանն աշխատանքները կսկսվեն: Եվ, ամենայն հավանականությամբ, առաջին փուլում մինչեւ 100 հազար դոլլարի ներդրումներ կարվեն՚:
  Սիրիահայերն այս տարածքում միակ ֆերմերները չեն լինի:  Երեսունհինգ կիլոմետրանոց ջրանցքը ջրարբի է դարձրել մոտ չորս հազար հեկտար տարածք:  Այս տարի դրանք մշակելու առաջին փորձերն են արվել:  Սակայն հողերի հիմնական մասը դեռևս սպասում է վարձակալներին: Պետական  միջոցներով ոչ միայն ջրանցքն է կառուցվել, այլեւ մաքրվում են հողերը: Արդեն պատրաստ է  պահեստը, ձեւավորվելու  է մեքենատրակտորային կայան:
Հոգ է տարվում ոչ միայն հողերի մշակությունն ապահովելու, այլեւ հողը մշակողների համար կեցության նորմալ պայմաններ ստեղծելու մասին: Ջրանցքի կենտրոնական մասում այս օրերին բանվորական ավան է կառուցվում: Արդեն գրեթե պատրաստ իննը տնակները մոտ յոթանասուն մարդու համար են նախատեսված: Այստեղ նաև ընդհանուր օգտագործման բաղնիք  ու ճաշարան է կառուցվել:  Ընթացքի մեջ են ավանի էլեկտրիֆիկացման եւ ջրամատակարարման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ աշնանացանի մեկնարկը: Իսկ ծրագիրն  արձագանք է գտել: Բանվորական ավանից ոչ հեռու արդեն առաջին բնակավայրի հիմքերն են դրվել, որտեղ  հաստատված մի քանի ընտանիքներ կան։ Օրակարգում նոր հարցեր են` նոր բնակավայրի լրիվ  էլեկտրիֆիկացումը, երեխաների ուսումը եւ այլն: Բայց նորաբնակները հավատում են, որ շուտով այդ խնդիրներն անցյալում կմնան: ՉԷ որ հողի մշակի համար ամենակարեւորն են գտել: Եվ բերրի հողի գինն իմացողներն այստեղ են շտապում:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ