ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԲԱՑԵՑ ԴՌՆԵՐԸ

Xazanchi_3.jpgԵթե տանիքների անմխիթար վիճակը նորղազանչեցիներից յուրաքանչյուրի անձնական հոգսն է, ապա հանդիսությունների տան բացակայությունը ընդհանուր խնդիր էր: Էր` որովհետեւ Նոր Ղազանչիում արդեն այդ խնդրի մասին կարող են անցյալ ժամանակով խոսել եւ պարզապես հերթագրվել` ծնունդը, կնունքը կամ հարսանիքը ով երբ է կազմակերպելու:
ՙՆախկինում ոչ մի հարմար շինություն չունեինք: Ստիպված էինք բոլոր տեսակի միջոցառումները բացօթյա անցկացնել՚,- ասում է  Նոր Ղազանչիի համայնքի ղեկավար Թեմուր Առստամյանը:
Հանդիսությունների տան բացմանը  նորղազանչեցիները երկար են  սպասել: Ուստի զարմանալի չէ, որ օգոստոսի 11-ին, չնայած արեւի այրող ճառագայթներին` գյուղի ողջ բնակչությունը համերաշխորեն հավաքվել էր նորակառույց շենքի բակում: Համագյուղացիների ուրախությանը միացել էին նաեւ այսօր Արցախի տարբեր բնակավայրերում ու  արտերկրում հաստատված ղազանչեցիները:
Շինարարությունը 2009 թվականին է սկսվել` ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Արթուր եւ Վիտալի Ասծատրյանների նախաձեռնությամբ:  ՙՇեն՚ կազմակերպությունն էլ է մասնակցել այս ձեռնարկին` աջակցելով խոհանոցային գոտու եւ պահեստի շինարարությանը: Հանդիսությունների նորակառույց տունը գերդաստանի հոր` Յուրի Ասծատրյանի անվամբ է կոչվել: Բացման հանդիսավոր արարողությանը հավաքված նախկին եւ ներկա ղազանչեցիների շնորհակալության խոսքը սրտառուչ էր: Արդեն հյուրի կարգավիճակով հարազատ գյուղը եկած Յուրի Առաքելյանը  նվերներ ուներ. քարտեզներ` դպրոցին եւ Արցախի  Ատլասը` համայնքապետարանին: Իսկ շնորհակալության հասցեատերը, բնականաբար, բարերարն էր:
Ներկա էին նաեւ Մարտակերտի շրջվարչակազմի ներկայացուցիչներ: Մասնավորի եւ պետության ջանքերով աստիճանաբար կլուծվեն գյուղում առկա խնդիրները, լավատես է Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հենրի Մանուկյանը: 
Իր խոսքը շնորհակալությամբ սկսեց նաեւ Ասծատրյանների ներկայացուցիչը` դիմելով նրանց, ովքեր հակառակ բոլոր դժվարություններին, այսօր վերադարձել եւ շենացնում են հայրենի եզերքը:
Կարմիր ժապավենը կտրելու առաքելությունը Յուրի Ասծատրյանի թոռնիկներին վստահվեց:
Այդ օրը նորաբաց սրահում ուրախությունն էր թեւածում:   Սպասքի մասին իրենք հոգ կտանեն: Փույթ չէ, որ հանդիսությունների տունը դեռ կահավորված չէ: Վստահ են` շուտով դա էլ կլինի: Երկրի նախագահն է խոստացել: