comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԻՐԵՆՔ, ՓԱՅՓԱՅԵՆՔ, ԲԱՅՑ՝ ՈՉ ԽՈՍՔՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻՐԵՆՔ, ՓԱՅՓԱՅԵՆՔ, ԲԱՅՑ՝ ՈՉ ԽՈՍՔՈՎ

 altԲնությանն իրավամբ մայր ենք անվանում։ Ասել է թե՝  պետք է սիրենք, փայփայենք նրան, հոգանք նրա ՙերկարակեցության՚ մասին։ 

Բնության  պահպանության, ծառ ու ծաղկի, կանաչ զանգվածի  ընդլայնման  հարցը պիտի  մտահոգի ոչ միայն նրանց, ովքեր ի պաշտոնե կոչված են  զբաղվելու դրանով, այլև բոլորիս, մեծի ու փոքրի սրբազան գործը  պիտի դառնա։ 

Այսօր մեզանից շատերը տոն օրերը  կամ ուղղակի  երկօրյա հանգիստը  գերադասում են  անցկացնել բնության գրկում, հենց մեր մայրաքաղաքի  շրջակայքում։ Սակայն  ցավը  նրանում է, որ դեռևս շատերը  չունեն բնությունից օգտվելու վարվեցողություն, համապատասխան մշակույթ։ Արդյո՞ք այդ ոչ սրտացավ  վերաբերմունքի մասին չեն խոսում այն տհաճ  պատկերները, որոնց հաճախակի ականատես ենք  լինում քաղաքը  երիզող  անտառահատվածներում, թփուտներում, զովաշունչ  ձորակներում, գողտրիկ վայրերում։ Հոգնած  քաղաքաբնակը՝  ուտելիքներով  ու խմիչքներով ՙզինված՚ ստեփանակերտյան  շոգերից փախչելով, շտապում է ժամ առաջ  վայելել  բնության հրաշալիքները՝ մաքուր օդն ու ծաղիկների բուրմունքը, անտառն  ու նրա զովությունը։ Շտապում  է, տեղ հասնում ու... ծաղիկների փոխարեն տրորված  կանաչի վրա հանդիպում է  խորովածատեղիի  մոխրակույտերի, ուտելիքի  մնացուկների, աջ ու ձախ շպրտված  դատարկ  շշերի, կտրտած մատղաշ ծառերի  կույտերի։ Մի քիչ դժգոհելուց, մի փոքր  տարածք  գտնելուց հետո տեղավորվում է։ Այս անգամ ինքն է ուտում, խմում,  առանց շրջապատից  դասեր առնելու, աղտոտում  չորսբոլորը և անհոգ ու  ինքնագոհ  հեռանում՝ մոռանալով, որ իրենից հետո  եկողները հիմա  էլ իրեն  պետք է   պախարակեն։ 
Ոչ ոք իրավունք չունի մարդկանց  արգելելու  հանգստանալ  բնության  գրկում։  Ոչ ոք չի ասում, թե  բնությունից  օգտվել չի կարելի։ Բայց  բնության հրաշալիքներից  օգտվել չի նշանակում, թող  ներվի  ասել, վայրենաբար, բարբարոսաբար ամեն ինչ ոչնչացնել։ Չէ՞  որ անտառում  խարույկ վառելը վտանգավոր է։ Իսկ առանձին  անբարեխիղճ ու անփույթ քեֆչիներ խորովածի համար  կարող են շրջապատի  մատղաշ ծառերը  ոչնչացնել։ Այսպես  վայելում են բնության բարիքը և որպես հատուցում  ջարդում, փշրում ապակե տարաներն ու անհոգ հեռանում։ Իսկ ինչո՞ւ հետո չհավաքել շուրջբոլորը, հետները չտանել ուտելիքի մնացորդները, թղթի կտորները, ցելոֆանի տոպրակները, դատարկ շշերը, չմարել խարույկը։ Ու՞ր մնացին  մեր գիտակցությունն ու բարոյականությունը։ Կամ՝ ի՞նչ խղճով է տվյալ  քաղաքացին  շրջակայքը վերածում աղբանոցի։ Ինչպե՞ս է ստացվում, որ  մարդն ազնվանալու ¬ վեհանալու  փոխարեն վայրենանում է, կորցնում իր մարդկային կերպարը։ Ինչպե՞ս է բնության արարչության, գեղեցկության կողքին մարդը կարողանում այդպես հեռու մնալ այն չփչացնելու, անաղարտ պահելու մտահոգությունից, շրջապատի նկատմամբ  սրտացավությունից։ Ո՞վ է ասել, որ բնության գրկում հանգիստը խաշ-խորովածն է, որն անպայման  ուղեկցվում է անճաշակ, բարձր հնչող երաժշտությամբ՝ խանգարելով կողքինի  հանգիստը։ Անհրաժեշտ է, որ մենք ինքներս մեր մեջ հանգստի մշակույթ արմատավորենք, եթե, ցավոք, այն չկա, իսկ եթե կա՝ փոխանցենք մեր երեխաներին։ 
Այո, բարեկարգ քաղաքը, մաքուր  շրջապատը տվյալ ժողովրդի մշակույթի  չափանիշն են։ Իսկ եթե  խոսքերը, հորդորները չեն ազդի՝  խստորեն  պատժել բնությունն աղտոտողներին և ոչնչացնողներին։ 
Սրբորեն պահենք ու պահպանենք  առանց  այն էլ  նվազող  մեր կանաչ  տարածքները։
 
Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ