Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

2013 թ. ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

Օրերս ԼՂՀ կառավարության նիստում հավանության են արժանացել  հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2013 թվականի տարեկան ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը։ Հաշմանդամների սոցիալական պաշտպանության նշված ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել  նրանց  սոցիալական պաշտպանության 2009-2015 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները, շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները։ 
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե  Նարիմանյանը ներկայացրեց  տարեկան ծրագրի հիմնական խնդիրները, որոնք ուղղված են հաշմանդամների համար կենսագործունեության բոլոր ոլորտներում  հավասար պայմանների ստեղծմանն ուղղված  աշխատանքների իրականացմանը, սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործմանը, նրանց  բժշկական,  հոգեբանական և սոցիալական վերականգնման համար  անհրաժեշտ միջոցառումների ապահովմանը, ինչպես նաև  կրթության, մասնագիտական ուսուցման, զբաղվածության և կենսական նշանակության   հիմնախնդիրների լուծմանը։ 
2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված 9130 հաշմանդամներից 419-ը   մինչև 18 տարեկան երեխաներ են։ Հաշմանդամներին տրվում է ամենամսյա  դրամական օգնություն, իսկ  Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին՝ ամենամսյա պատվովճար։  Բացի դրանից, ԼՂՀ հիշարժան օրերի կապակցությամբ առանձին խմբերի  հաշմանդամ քաղաքացիներին տրամադրվում է միանվագ  դրամական օգնություն։  Պետական  պատվերի շրջանակներում  իրականացվում են հաշմանդամների բուժօգնությունը և բուժսպասարկումը։  1¬ին և 2-րդ  խմբերի  հաշմանդամները  դեղորայք ձեռք են բերում անվճար,  3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 % զեղչով։ Պետական  բյուջեի միջոցների հաշվին  ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2012 թ. կազմակերպել է անկողնային հիվանդների տնային այցեր, հեմոդիալիզի անցկացում, տրամադրվել են   վերականգնողական, կենտրոնական նյարդային համակարգի  ծանր ախտահարումով  հիվանդների  ամբուլատոր բուժօգնություն, դժվարամատչելի  ախտորոշման ծառայություն։ Տարեցտարի  ավելացվում են  պրոթեզաօրթոպեդիկ  և վերականգնողական տեխնիկական պարագաների  տեսականու  ընդլայնման, որակի բարձրացման, եվրոպական արտադրության  լսողական ապարատների ձեռքբերման համար հատկացվող միջոցները։  2012 թ. ինն ամսվա ընթացքում հաշմանդամներին տրամադրվել են 48 թիկնասայլակ, 194 հենակ, 101 ձեռնափայտ, 22 քաղաքացու հատկացվել է քայլակ, իրականացվել է 14 հաշմանդամի  աչքի պրոթեզավորում, 19 հաշմանդամի հատկացվել է  կրծքագեղձի պրոթեզ, 27 հաշմանդամի համար անվճար պատրաստվել են  ոտքի և տարբեր տեսակի  պրոթեզներ, վերանորոգվել 51 պրոթեզ։ 2012 թվականին  լսողության խնդիրներ ունեցող 79 հաշմանդամների տրամադրվել են 88 ժամանակակից թվային ծրագրավորվող , ոչ ծրագրավորվող և անալոգային լսողական սարքեր։ 
Հայտնի է, որ հաշմանդամների վերականգնման գործընթացում կարևոր նշանակություն ունի առողջարանային բուժումը։  Այս տարի  ԼՂՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարարությունը  կազմակերպել է 253 հաշմանդամ քաղաքացիների առողջարանային բուժում, իսկ 50 հաշմանդամների հատկացվել են հանգստյան  տների  ուղեգրեր։  Պետական  բյուջեի միջոցների հաշվին ողնաշարի և ողնուղեղի վնասվածքների հետևանքով  առաջացած հիվանդություններով  տառապող առաջին խմբի  16 հաշմանդամներ  ուղարկվել են   Ուկրաինայի  Սակի քաղաքի  մասնագիտացված առողջարանային կլինիկա։ 
Տարվա ընթացքում կանոնակարգվել են նաև հաշմանդամների  և հաշմանդամ երեխայի  կարգավիճակ ունեցող  անձանց կրթության հարցերը, կազմակերպվել միջոցառումներ հատուկ կրթության  կարիք ունեցողների համար։  Շարունակական բնույթ կկրեն  աշխատաշուկայում հաշմանդամների   համար աշխատավարձի  փոխհատուցման և  աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրերը։  Դրանք հնարավորություն  են ստեղծում շահագրգռել  գործատուներին՝  հաշմանդամներին աշխատանքի ընդունելու հարցում։  Աշխատաշուկայի անմրցունակ խմբերին աշխատանքի ընդունելիս գործատուին տրվում է աշխատավարձի մասնակի  փոխհատուցում։ Գործող ծրագրերից է նաև  հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների  վերականգնումը, որի շրջանակներում  համապատասխան ուսուցում է ստացել 12 հաշմանդամ։  
2012 թ. ինն ամսվա ընթացքում   196 հաշմանդամի հատկացվել է 19 միլիոն 295 հազար դրամ միանվագ օգնություն։ Առաջին խմբի  100 հաշմանդամի տարեկան  վեց անգամ հատկացվում է օգնություն պարենամթերքի տեսքով։ Ներկայումս 21 միայնակ հաշմանդամներ ՙՍտեփանակերտի տուն-ինտերնատ՚ -ում  գտնվում են  պետության լրիվ խնամքի ներքո, իսկ 60 հաշմանդամներ սպասարկվում տնային  պայմաններում։  Վերոնշյալ բոլոր ծրագրերը  գալիք տարում կկրեն շարունակական  բնույթ։ 
 ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարզաբանմամբ՝ ինչպես անցած տարիներին, այնպես էլ  2013 թվականին  իրականացվելու են հաշմանդամների  սոցիալական պաշտպանության  և նրանց կյանքի որակի բարելավմանն  ուղղված միջոցառումներ, որոնք  կբխեն հաշմանդամների  իրավունքների ու շահերի  պաշտպանությունից, հաշմանդամներին հասարակությանն ինտեգրելու  անհրաժեշտությունից։ Գալիք տարի կշարունակվեն կազմակերպել հաշմանդամների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ, հաշմանդամների համար մատչելի  պայմանների ապահովման, կրթության ու մասնագիտական  ուսուցման ծրագրեր, ինչպես նաև  միջոցառումներ ուղղված  զբաղվածության խթանմանը, տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցներին, հաշմանդամներին  և սոցիալապես անապահով  ընտանիքների անդամներին  ամենամսյա օժանդակության  տրամադրումը։ Բացի այդ ամենից, կիրագործվի Արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների բնակարանային ապահովման նոր ծրագիրը։
 Կընդլայնվեն  հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության  շրջանակները։