comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ
Logo
Print this page

ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

altՈւզում եմ գրել մեր օրերում խիստ զարմանալի մի դեպքի, ավելի ճիշտ՝ ժամանակավրեպ մի երևույթի մասին, որին վերջերս առնչվեցի։
Փոքր հարսս (թոռնիկիս կինը) ծննդատանն էր,  հարազատներով հավաքվել էինք այնտեղ, ծննդաբերությունը թեև շատ ծանր էր, բայց բարեհաջող վերջաբան էր ունեցել։ Բոլորս  ուրախանում էինք, շնորհավորում իրար՝ նորածնի առթիվ։ 
Ծննդատան պատուհաններից  մեկի առջև լուռ կանգնած էր միջահասակ մի կին։ Եկել էր աղջկան տեսության։ Կարոտած հայացքով նայում էր պատուհանի հետևը կանգնած դստերը։ Մթնշաղ էր, աղջիկը չէր կարող տեսնել, որ մայրը լալիս է։ Կինը նույնիսկ փորձ չէր անում թաշկինակը տանել դեպի աչքերը։ Վախենում էր իրեն մատնել։ 
- Ի՞նչ է պատահել, մամ, ինչո՞ւ այս քանի օրը մենակ ես գալիս։
Մայրը լուռ էր։ Արցունքները խանգարում էին նրան խոսել։ Մենք արդեն նկատել էինք այդ կնոջ դառնագին ապրումները, չգիտես ինչու, քարացած կանգնել ու նայում էինք, բայց այնպես, որ նա չնկատեր դա։
- Մամ, երեխաներին բերեցին կերակրելու, ես գնամ, լա՞վ,- վերևից ձայն տվեց աղջիկը ու վազելով անհետացավ։
Մնալով մենակ՝ կինը հենվեց մի ծառի ու ազատություն տվեց արցունքներին։
-Դուք վա՞տ եք զգում, մորաքույր,- նրան մոտենալով՝ հարցրեց թոռնիկս։
Նա տարուբերեց գլուխը, ծանր հառաչեց և աշխատեց տիրապետել իրեն։
- Կինդ ի՞նչ ունեցավ,- հանկարծ հարցրեց նա։
- Աղջիկ...
Նա թույլ ժպտաց, հետո տխուր ձայնով հարցրեց.
- Իսկ դու տխրեցի՞ր, երբ իմացար աղջիկ է։
-  Մեզ համար տարբերություն չկա, երկուսն էլ Աստծո տվածն է, եթե աղջիկը չլինի, տղան որտեղի՞ց կլինի։ Տղա էլ կունենանք, չենք նեղվում,¬ հետևեց պատասխանը։
Նա լուռ նայեց թոռնիկիս. հայացքը տխուր էր, շատ տխուր։
- Իսկ աղջիկ ունենալն իսկական դժբախտություն դարձավ նրա համար,- ասես ինքն իրեն խոսեց կինը։
Հաճախ են մարդու մոտ լինում այնպիսի պահեր, երբ ինչ-որ կարևոր բան  թաքցնում է նույնիսկ ամենամտերիմ մարդուց, սակայն անծանոթին պատրաստ է պատմել ամենաթանկ ապրումները, կիսվել՝ թեթևություն զգալու համար։ Այդպես եղավ նաև այդ կնոջ հետ։
- Կեսգիշերին,- սկսեց պատմել կինը,- փեսայիս մայրը զանգահարեց մեր տուն և ասաց, որ աղջկաս երկունքի ցավերը սկսվել են։ Շտապ գնացի։ Մի տեսակ սառնություն զգացի նրանց տանը։ Աղջկաս ամուսինը նույնիսկ չբարձրացավ բազմոցից։ Ես հագցրի աղջկաս, ու լուռ դուրս եկանք տնից։ Երբ տաքսի էինք նստում, լսեցի փեսայիս բարկացկոտ ձայնը. ՙԱղջիկ երեխա եղավ՝ իմ երեսը չեք տեսնի՚։
Ես միայն հետո իմացա, որ նրանց սառնության պատճառը աղջկաս՝ իրենց կարծիքով, մի քանի օր շուտ ծննդաբերելն էր. ՙԿյանքը ցույց է տվել, որ այդպիսի դեպքերում աղջիկ է ծնվում՚։
 Նրանցից և ոչ մեկը մեզ հետ ծննդատուն չեկավ։ 
Երկու ժամ հետո ծնվեց իմ առաջին թոռնիկը։ Աղջիկ էր։ Ես այդ պահին շատ երջանիկ էի և ուրախ,և, ճիշտն ասած, դեռ լրջությամբ չէի ընդունում փեսայիս ասածը։ Բայց լուսադեմին, երբ գնացի նրանց տուն և հայտնեցի լուրը, ամուսինն ու ծնողներն այնպես մթագնեցին, կարծես մահվան լուր էի տարել։ Փեսաս նույնիսկ վեր ցատկեց տեղից և գոռաց. ՙԴե գնա ու քո աղջկան ինքդ պահիր, ինքդ տիրություն արա՚։
Նվաստանալով ու մի կողմ դնելով ինքնասիրությունս, աղաչեցի նրան մտածել իր ասածի վրա, սակայն նա ավելի բարձր գոռաց. ՙԵս 18 տարի ալիմենտ կտամ, բայց աղջիկ չեմ պահի՚։
Իսկ մայրը, կարծես իմիջիայլոց, կողքից ասաց. ՙԱմոթ չէ՞՝ աղջի՛կ, տղաս այնպիսի շրջապատ ունի՚։ Զայրույթից բերանս  ցամաքեց, երբ հայրն էլ գլխով լուռ համաձայնության նշան արեց։ Միայն նրանց դպրոցական աղջնակն էր լաց լինում։
Երբ դուրս էի գալիս նրանց տանից, մոտեցավ փեսայիս մայրը և ինձ մեկնեց մի քանի թղթադրամ։ Ես դրանք նետեցի նրա ոտքերի տակ ու լացակումած ուղղվեցի դեպի  ծննդատուն: Արդեն մի քանի օր է, ինչ աղջկաս այցելում են միայն իմ հարազատները։ Այսօր առավոտյան բժիշկը կանչեց և հարցրեց՝ ՙԵրեխան օրինավո՞ր է, հայր ունի՞՚։
Կինը հեծկլտաց։ Նրա համար դժվար էր հիշել այդ ամենը, դժվար էր նաև լռելը։
Ես գիտեմ նրանց անունները և հասցեն (այդ կնոջ հետ էլի առիթներ ունեցա հանդիպելու, զրուցելու), բայց չեմ ուզում անունները տալ, գուցե կհասկանան, որ անհեթեթ ՙպահանջ՚ են դնում երիտասարդ մոր առջև...
 
Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.