[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՑԸ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ

brot.jpgԺողովրդական իմաստությունն ասում է. ՙՀաց ունես՝ ամեն ինչ ունես՚, ՙԿուզես ճանաչել մարդուն՝ հետը հաց կեր՚։
Ու նաև հնուց մեզ հասած պատմությունը հիշենք.
Մուշ քաղաքում փոքրիկ քսակի մեջ մի բուռ ցորեն էին լցնում և կախում նորածնի օրորոցից։ Այդ սովորությունը տաս հազար տարեկան է։ Մայրը երեխային օրորում և ասում էր.
-Տանդ միշտ ցորեն լինի, կյանքդ ու արտդ երաշտ չտեսնեն...Հոգիդ մաքուր մնա մինչ խոր ծերություն, և մարդիկ քեզ սիրեն արդար ցորենի պես...
Այո՜, հացը թանկ է ամեն ինչից, այն սրբություն է, հարստություն, ամեն  ինչ։ Ասել է թե՝ այն պիտի խնայել, պաշտել, մի փշրանքն անգամ դեն չնետել։ Լինի՝ թոնրից, փռից հենց նոր հանած, թե՜ թարմությունը կորցրած։
Սակայն որոշ մարդիկ, հավատարիմ իրենց սովորությանը, աղբանոց են նետում հացի ավելցուկը։  Նմաններին արժե մեկ անգամ ևս բացատրել, որ մինչև խանութ հասնելը, սեղանին դրվելը՝ հացը երկար ճանապարհ է անցնում (հողը հերկել, սերմը ցանել, հնձել, կալսել և այլն)։ Այս ամենը պիտի լավ իմանալ և հացի սեղանին հարգանքով, յուրահատուկ ակնածանքով մոտենալ։ 
Ասում են՝ առաջներում, երբ գետնին ընկած հաց էին տեսնում, կռանում, վերցնում էին, մաքրում, համբուրում ու դնում՝ մի քարի, մի ծառի բնի։ Հիմա՜ էլ շատ-շատերն այսպես են վարվում։ Հացը թանկ է ոչ միայն որպես սննդամթերք, այլև որպես մարդկային բարության, անկեղծության, սիրո, հավատարմության, ազնվության խորհրդանիշ։ Իզուր չէ, որ հայի երդումներից մեկը ՙէս հացը վկա՚ բառերն են։ Պատահական չէ նաև, որ հացկերույթից հետո մարդուն չեն ասում՝ կերածդ խորովածը, մեղրը հալալ լինի, ասում են՝ կերածդ հացը հալալ լինի։ Այս խոսքը նույնպես հուշում, համոզում է մեզ, որ բոլոր ուտելիքների մեջ առաջնայինը հացն է։ Հին հույները հացը համեմատում էին միայն արևի հետ։ Հին Հռոմում հացթուխը անձեռնմխելի մարդ էր համարվում։ Ոչ մի հաղթող, արյունակից, թե այլազգի, հաց թխող մարդուն չի սպանել, իրավունք չի ունեցել։
Հացթուխի առաջ ծնկի են իջել, հացը գլխից բարձր դասել։
Շատ հետաքրքիր, ուշագրավ է մեզ հասած զրույցներից մեկը.
Սուլթանը կանչում է իր ամենախելոք պալատականին և ասում.
-Գնա՜, շրջի՜ր աշխարհը և իմացիր, թե մարդն ինչ պիտի ուտի՝ երկար ապրելու համար։
Պալատականը ոտի տակ է տալիս աշխարհի հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը և, վերադառնալով, ասում տիրակալին.
- Հացը՝ սուլթան, ջուրը՝ վեզիր, մնացածը՝ գզիր-մզիր...
Հացը՝ սուլթան...Վատ չի հնչում։ Արդարև, այսպիսին է հացը ու դեռ ավելին։ Հացի համը ուրիշ է, հացի բույրը՝ աննման, հացի ուժը, բուժիչ հատկությունը՝ անգնահատելի, անհամեմատելի։
Թերևս պետք չէ զարմանալ, որ հարգարժան հյուրին աղ ու հացով դիմավորելու սովորույթը սերնդեսերունդ անցել ու մնացել է ժողովրդի մեջ՝ որպես մեծագույն հարգանքի խորհրդանիշ։
Հիմա, փառք Աստծո, հացն առատ է ու կարելի է ասել՝ սոված մարդ չկա։ Բայց սա դեռևս ոչ մեկին բարոյական իրավունք չի տալիս հացը սովորական ուտելիք համարել։
Խորապես գիտակցենք, որ հացը մնում է ամեն ինչից վեր։ Թե՜ նեղ օրերին, թե՜ անհոգ, խաղաղ տարիներին։ Պատերազմի ժամանակ այն իսկական զինվոր է, խաղաղության ժամանակ՝ լավ դիվանագետ, քաղաքագետ։ Ամեն ինչից զորեղ, ամեն ինչից կարևոր։ 
Ուզում եմ մեջ բերել դարերից եկած մի զրույց ևս.
Հայ ժողովրդի անվանադիր Հայկ Աղեղնավորի հայրը՝ Թորգոմը, ցորենի սերմացուն պահում էր կարասների մեջ, որոնց բերանները փակում էր ոսկյա կափարիչներով։
Սա գալիս է հաստատելու, որ ցորենն ավելի բարձր է գնահատվել, քան ոսկին։ 
Ուրեմն, աչքի լույսի պես պահենք-պահպանենք մեր հանապազօրյա հացը, խնայողաբար օգտագործենք այն՝ միշտ և ամենուր, հասարակական սննդի օբյեկտներում, և որ շատ կարևոր է՝ մեր օջախներում։ Սրանով, հավատացեք, զգալիորեն օգնած կլինենք ինքներս մեզ ու մեր երկրին։ 
 
Միքայել ԲԱԼՅԱՆ
Թոշակառու մանկավարժ