[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԴՐՈՒԹԸ՝ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ԾՆՆԴԱՎԱՅՐ

1948 թվականին կարմիր դիպլոմով ավարտելով Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը՝  անմիջապես ուղարկվել եմ ԼՂԻՄ՝ գյուղվարչության կարգադրության տակ:
Մարզգյուղվարչությունից նշանակվել եմ Հադրութի շրջգործկոմի գյուղբաժնի գլխավոր գյուղատնտես: Երկու տարի աշխատելով այդ պաշտոնում` նշանակվել եմ բաժնի վարիչ:
Այդ տարիները համընկան Հայրենական մեծ պատերազմի ավարտական ժամանակաշրջանին. ապրուստն անչափ ծանր էր, հացը բաշխվում էր կտրոններով: Գյուղատնտեսական աշխատանքները հիմնականում կատարվում էին ձեռքով, մեծ կարիք էր զգացվում պարարտանյութերի, թունաքիմիկատների, բայցևայնպես, իմ հիշողության մեջ վառ են մնացել շրջանի գյուղի աշխատավորների համերաշխությունը, համախմբվածությունը, նվիրվածությունը մեկը մյուսի հանդեպ, գյուղմասնագետների հանդեպ ունեցած հարգանքն ու պատիվը: 
Կանցնեն տարներ, բայց իմ հիշողությունից չի ջնջվի այն պահը, երբ կյանքումս առաջին անգամ մի  նամակ եմ հղել ԽՍՀՄ առաջնորդ Ի. Ստալինին՝ հետևյալ հարցով.ՙԻնչո՞վ կարելի է բացատրել այն հանգամանքը, որ լինելով գյուղատնտեսական ինստիտուտի գերազանցիկ ուսանող, միաժամանակ ֆակուլտետի կոմերտկազմակերպության քարտուղար, ստանում էի 750 ռուբլի Ստալինյան կրթաթոշակ, իսկ այժմ, աշխատելով արտադրությունում՝ որպես գլխավոր գյուղատնտես, իմ աշխատավարձը կազմում է 740 ռուբլի՚:
Նամակիս պատասխանը չուշացավ. Վերադասի կարգադրությամբ աշխատավարձս ավելացավ և դարձավ 1500 ռուբլի, որը բավարարում էր երիտասարդ ընտանիքիս բոլոր կարիքները:
Լցված երիտասարդական ավյունով` հենց այդ տարիներին գյուղի աշխատողների հետ գտանք գյուղատնտեսական մթերքների, հատկապես խաղողի բերքատվության բարձրացման գաղտնիքը:  1949թ. շրջանում արձանագրվեց  խաղողի բերքատվության ամենաբարձր ցուցանիշը: Մեր անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ ձեռնամուխ եղանք կատարվածի արդյունքների ամփոփմանն ու  ձևակերպմանը և ներկայացրինք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությանը՝ առաջավորներին պարգևատրելու համար:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 5 խաղողագործներ, որոնցից 3 հոգի՝ Էդիլլվի կոլտնտեսությունից, 2 հոգի՝ Փոքր Խրմանջուղի կոլտնտեսությունից, արժանացան Սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձր կոչման, 4 տասնյակից ավելի առաջավորներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով:
Հերոսի բարձր կոչմանն արժանացան Իլյազ Զալյանը, Ալեքսանդր Աբալյանը, Մեսրոպ Բաղդասարյանը՝ Էդիլլվից, Գուրգեն Սարգսյանը, Թեմուր Արզումանյանը՝ Խրմանջուղից։ 
Հադրութցիների՝ նախադեպը չունեցող այդ հաղթանակը մեծ ոգևորություն  ու խանդավառություն առաջացրեց ինքնավար մարզում:
1953թ. Հադրութում ստեղծվեց մեքենատրակտորային կայան (ՄՏԿ), որի տնօրեն նշանակեցին ինձ:
Իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը համարում եմ հենց այդ տարիները, երբ երիտասարդ հասակում (27 տարեկան) ինձ հաջողվեց զբաղեցնել այդ մեծ ու պատասխանատու պաշտոնը: Այդ ժամանակ ՄՏԿ-ները գյուղատնտեսության բնագավառում մեծ համբավ ունեին, միայն այն փաստը , որ ՄՏԿ-ների տնօրենները հաստատվում էին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի բյուրոյում, նշանակման հրամանը տրվում էր ԽՍՀՄ գյուղատնտեսության նախարարի կողմից, ասվածի վառ վկայությունն է:
Յոթ տարի աշխատել եմ Հադրութի շրջանում, որը համարում եմ իմ երկրորդ ծննդավայրը:
Իմ երեք զավավակներից  երկուսի անձնագրերում ծննդյան վայրը նշված է Հադրութը։ 
Հետագայում ևս, երբ ես 10 տարուց ավելի գլխավորում էի աշխատավորների պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի գործադիր կոմիտեն, հադրութցիները չեն մոռացել իմ կատարածն ու թողած հետքը շրջանում: Հենց հադրութցիները շրջանի թիվ 727 ընտրատարածքում երկու անգամ ինձ առաջադրել են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր:
Լինելով բարձր պաշտոններում՝ երբեք կապս չեմ խզել հադրութցիների հետ, հնարավորության սահմաններում օգնել ու օժանդակել եմ նրանց խնդիրների լուծմանը:
Ինձ համար մեծ պատիվ է, որ օգտագործելով ընդձեռված պահը, անմիջապես իմ նախաձեռնությամբ, օգնություն և օժանդակություն եմ ունեցել քարքարոտ ժայռին կպած Քոչբեկ գյուղը նոր վայր տեղափոխելու գործում, որն այժմ Այգեստան է կոչվում և իրոք այգեստան է դարձել՝ փակելով  Ֆիզուլու շրջանի Ղարադաղլու գյուղի թուրքերի ախորժակը հայկական բերրի հողերի զավթման գործում, իրարից ընդամենը մի ձոր է բաժանում:
Վերհիշելով այս ամենը, հետադարձ հայացք ձգելով երիտասարդական այդ տարիներին կատարած գործերիս ու թողած հետքիս՝ խղճիս առաջ մեղանչած կլինեմ, եթե չհիշատակեմ այդ ժամանակաշրջանում Հադրութի շրջանի գյուղի աշխատավորների, կոլեկտիվ տնտեսությունների որոշ հմուտ ղեկավարներին, որոնք չունեին համապատասխան բարձրագույն կրթություն, բայց մի առանձին հեշտությամբ էին կատարում իրենց պարտականությունները. Երեմ Արզումանյան և Ռուբեն Շադյան՝ Հին Թաղերից, որոնք բարձր են պահել շրջանի անունն ու պատիվը: Նրանց նվիրվածությունը, սկզբունքայնությունը, համառությունը, գործի նկատմամբ սերը մեծ դաս հանդիսացան իմ հետագա գործունեության ընթացքում:
Տարեց մարդը հիշողության կորուստ է ունենում, բայց այս պարագայում ինձ թվում է, թե նրանք կանգնած են իմ առջև... Թվարկեմ նրանցից մի քանիսին` Սիմոն Բաբայան, Նիկոլայ Խաչատրյան՝ Տումիից, Սմբատ Սարգսյան, Սամվել Աբրահամյան՝ Մեծ Թաղերից, Ժորա Բաղդասարյան՝ Տողից, Աղաբեկ Ղազարյան՝ Մարյամաձորից, Ղուլի Ավագյան, Աշոտ Կասպարով՝ Էդիլլվից, Սուրեն Հայրիյան, Ավան Ստեփանյան՝ Հադրութից, Շահնազար Գևորգյան՝ Ծամձորից, Ներսես Գրիգորյան, Ասլան Գևորգյան՝ Խծաբերդից, Ռուբեն Գրիգորյան՝ Խանձաձորից, և շատ ուրիշներ:
Անկեղծորեն ասեմ՝ հպարտության զգացում եմ ապրում, որ Հադրութի շրջանը մեծ վերելքի է հասել մեր ազատ ու անկախ, ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Միայն այն փաստը, որ մեր նորաստեղծ հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց հադրութցի, մեր ազգային-ազատագրական պայքարի կարկառուն դեմքերից մեկը` Արթուր Մկրտչյանը, իսկ այժմ՝ հանրապետության Նախագահ երկրորդ անգամ վերընտրվել է Հադրութի արժանավայել զավակ Բակո Սահակյանը, դրա վառ ապացույցներից է:
Ավարտելով խոսքս՝ Հադրութի շրջանի բոլոր բնակիչներին ցանկանում եմ 2013 թվականին նորանոր հաջողություններ, բարեկեցություն։ Թող նոր տարում իրականացվեն բոլորի երազանքները,  նպատակներն ու ցանկությունները։  
 
Մուշեղ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ