[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱՄԱԿՈՒՐՍԵՑՈՒՍ

Բարև, սիրելի Գյուլումզար։ Ինչո՞ւ այսքան տարիներ անց հանկարծ հիշեցի քեզ ու նույնիսկ ցանկություն ունեցա գրելու այս ամենը։ Որքան էլ կյանքը հակադրել է մեր ժողովուրդների զգացումները, միևնույն է, հին ընկերությունն ու հուշերը ելք կգտնեն  դրանցից՝ վերապրելու բարձր մարդկայինը, որ մեր ուսանողական չարքաշ, բայց երջանիկ օրերն էին պատճառում։ Հիշեցրին հենց այդ օրերի անանց առկայծումները, չնայած կես դար է անցել։ Չեմ տարակուսում, որ դու ևս այսպես  չես խորհում, թեև դեպքերի բերումով ինքդ էլ ես փախստականի ճակատագիրը կրել ընտանիքովդ։ Դիլիջանցի ադրբեջանցի աղջիկդ, հայկական դպրոցական կրթություն ստացած, հայտնվել էիր Երևանի պետհամալսարանի հայկական բանասիրականի մեր կուրսում, դարձել մեր սիրելին, խոնարհ ու համեստ Գյուլումզարը, և ո՞վ էր երեք տասնյակ ուսանողներիցս մեկը, որ մտքում անհարգալից բան էր թաքցնում՝ թե նա ադրբեջանուհի է՝ սրանից բխող հնարավոր խորթացմամբ առ քեզ։ 
Ես միայն, ղարաբաղցիս, մի անգամ անզգուշաբար ասացի քեզ, որ Ադրբեջանում սեփականացնում են մեր հայկական երգերն ու պարերը, զգալով, որ կպա լուռ անհամաձայնությանդ, բայց դա չխանգարեց քեզ լիքը բարությունիցդ բաժին հանելու նաև ինձ, ինչպես մյուսներին, հիշում եմ,ինչ սրտագին ընկերության մեջ էիր Հռիփսիմեի, Արմենուհու, Արտեմիսի, բոլորիս հետ։ Բա մեր էքսկուրսիանե՛րը  Հայաստանի պատմական հուշարձաններ, թանգարաններ, ուր դու էլ մեզ նման հպարտություն էիր ապրում՝ հաղորդակցվելով հայ արվեստի սքանչելիքներին, ինչ փույթ, որ նրանք հայկական էին։ Դու էլ մեզ նման զգում էիր, որ դրանք համամարդկային արժեքներ են և ոչ միայն մերը, այլև բոլորինը, ովքեր սիրում, գնահատում են ճշմարիտ ստեղծագործությունը։ Դե, էլ չեմ ասում, որ դու էլ մեզնից ոչ պակաս էիր յուրացնում  հայոց լեզվի, գրականության, պատմության, մյուս առարկաների ընձեռածը։ Չէ՞որ հետագայում տասնյակ տարիներ երևանյան դպրոցում հայեցի կրթելու, դաստիարակելու էիր հայորդիներին։ Եվ դու մեծ պատասխանատվությամբ էիր կատարում քո գործը, խոր հարգանքով խոսում ձեր ուսուցչական կոլեկտիվի, քո լավ համակերպվածության ու շնորհակալական զգացողությանդ մասին։ Բարի հետք էիր թողնում, դրանով էլ պատիվ բերում ոչ միայն քեզ, այլև քո ժողովրդին։ Գիտեմ, սիրով կհիշես համալսարան ընդունվելու քսանհինգամյակի մեր հավաքը Վեդի քաղաքի հարևանությամբ  գտնվող  աղբյուրի մոտ, ուր քեֆ էինք անում, երգում, ուրախանում։ Ասելու, հիշելու շատ բան կա, Գյուլումզար, բայց այս օրը քեզ հետ հեռակա հաղորդակցվելու առիթը, գիտես, ուրիշ պիտի լինի։ Չեմ հավատում, որ հայագիտությամբ սնվածդ հեշտ տրված  լինես Բաքվի ՙգիտունների՚ անհեթեթ բարբաջանքներին, որոնց ականատեսն ես։ Այդ ինչե՛ր են հորինում տգետները՝ նախագահից սկսած, ովքեր գիշեր-ցերեկ ստի ու կեղծիքի մաղձ են թափում հայության հասցեին։ Սրտի ցավով չե՞ս  տանում այդ ամենը, եթե այո, ուրեմն նույն Գյուլումզարն ես՝ անկրթությանն ու անբարոյականությանն անհաշտ։ Էլ ի՞նչ է մնացել, որ չմոգոնի նրանց հիվանդ երևակայությունը, երևի այն, որ հայկական այբուբենն էլ են իրենց նախնիներն արարել (գուցե այսպես՝ Մուսա-Մեսրոպը), քանի որ հայեր, Հայաստան չի եղել, համատարած Ադրբեջան է եղել, ուրեմն էլ ո՞վ պիտի հնարեր այդ տառերը, եթե ոչ ադրբեջանցի թուրքերը։ Գոնե բանականության նշույլը հիշեցներ նրանց՝ բա էդ ո՞նց է, որ սեփականի փոխարեն ուրիշինն եք ստեղծել։ Միջնադարյան հորդայական արշավը, Գյուլումզար, մարելու է, գալիք ձեր սերունդները մանրելու են պապերի, հայրերի արարած ցեխը, ամեն ինչ դնելու են տեղը։ Վատն այն է, որ այդ քարոզիչներն արգելակում են սեփական ժողովրդի քաղաքակրթվելը, ինչը մեծագույն հանցանք է, որ մարդ գործում է ինքն իր դեմ։ Այսօրվա աշխարհում կա՞ մի այլ տարածք, ուր եկվորները բնավորվելով՝ բնիկներից սովորում են արհեստ, արվեստ, կենցաղավարություն, սակայն վերջում նրանց վրա զենք ուղղելով ասում՝ սա մեր հողն է, գնացեք։ Դա միայն Ղարաբաղն է, որի հայկականությունը դու մեր պատմությունից գիտես։ Չեմ ուզում ծավալվել, իմաստ էլ չունի, ինչքան որ ես գիտեմ ձերոնց հոռի պահվածքի մասին, դու հավանաբար տասնապատիկը կիմանաս։ Ուզում եմ հավատալ, որ չես մերվել այդ խառնաշփոթին, իսկ եթե ոչ, արդեն խղճի բան է։ Ժողովրդական իմաստությունն ասում է. եթե անհաշտ ես բութ շրջապատիդ հետ, նշանակում է խիղճ ունես։ Հավատում եմ, որ քո սրտում այն ապրում է, թեկուզ` լռված։
 
Բարի հուշերով՝ քո համակուրսեցի
Արտաշես ՂԱՀՐԻՅԱՆ