[ARM]     [RUS]     [ENG]

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

280101.jpgՄեծամիտ ու գոռոզ մարդկանց հետ շփվելը ոչ մեկի համար հաճելի չէ: Երբեմն արտաքինից սառը, կոպիտ, քիթը վեր ցցած մարդկանցից ոմանք հոգու խորքում չափազանց ամաչկոտ, թույլ ու լալկան են: Այս պարագայում մեծամտությունը կրում է պաշտպանական մեխանիզմի բնույթ: Մեծամտության քողի տակ երբեմն թաքնված են թերարժեքության բարդույթով տառապող անհատներ, ովքեր աջակցության կարիք ունեն: Այսպիսիները սովորաբար իրենց մեծամտության առաջին զոհն են դառնում: Պատնեշներ դնելով մարդկանց և իրենց միջև, այս մարդիկ  դատապարտվում են միայնակության: Մեծամիտը, քանի որ ցանկանում է բոլորից լավը լինել, ի վիճակի չի լինում ճանաչել ինքն իրեն:
 Նա չի կարողանում սիրել ինքն իրեն, հետևաբար և` մյուսներին: Մյուսներից վեր բարձրանալու համար մեծամիտը, նախևառաջ, պետք է գերազանցի ինքն իրեն: Այս ճանապարհին նա զոհաբերում է իր բազում ցանկությունները, պահանջմունքներն ու մարդկային զգացմունքները: 
Մեծամտությունն այն արատներից է, որը մեծ մասամբ ձևավորվում է սխալ դաստիարակության արդյունքում: Ծնողները փոխանակ խրախուսեն զավակներին առաջընթացներով կամ պատժեն սխալների պատճառով, անընդհատ համեմատության մեջ են դնում ուրիշ երեխաների հետ: Արդյունքում երեխան դադարում է իրապես ճանաչել ճիշտն ու սխալը: Նա ամեն ինչի մասին դատում է համեմատության մեջ: Ցանկացած գնով փորձում է առաջ անցնել մյուսներից: Այս տիպի մարդկանց համար կարևորվում է այն, որ  ուրիշները տեսնեն իրենց առաջընթացները։ Հակառակ դեպքում դրանք նրա աչքում արժեզրկվում են: Այս մարդիկ գրեթե ի զորու չեն ի սրտե բարություն անել մեկին, նրանք ամեն ինչ անում են ցուցադրաբար: Իհարկե, կան ավելի խելացի մեծամիտներ, ովքեր փորձում են քողարկված անել այդ ամենը և հմտորեն ցուցադրում են իրենց համապատասխան արարքը ուրիշիների միջոցով՝ ձևացնելով, թե, իբր, դա իրենց դուր չի գալիս: 
Մեծամիտը չի կարողանում շփվել նրանց հետ, ում իրենից ցածր է համարում: Չի կարողանում նաև շփվել նրանց հետ, ում նախանձում է ու հոգու խորքում ընդունում նրա` իրենից բարձր լինելը: 
Քրիստոնեությունը հպարտությունը դասել է մահացու մեղքերի շարքը։ Ասել է թե, ով բարձրամտելով՝ իրեն բոլոր մարդկանցից վեր է դասում և իր համար բոլորից ավելի մասնավոր փառք ու պատիվ փնտրում, դուրս է գալիս մարդկության կարգից, ուստի այդպիսին բանական մարդ չէ՝ մարդկության պատիվը չճանաչելու պատճառով: Հպարտն ու փառամոլը, մարդահաճոներից գովեստներ լսելով, գոռոզանում է և անմտաբար ցանկանում, որ մյուսներն էլ գովեն իրեն, և չի հասկանում, թե սուտ գոռոզություն են այն գովեստները, որ մարդահաճոներն իրեն տալիս են մարդկանց շահասիրության ու կեղծավորության պատճառով: Գոռոզները սովոր են ապերախտ լինել, որովհետև երբ իրենց մի բարեկամից ձանձրանում են, չեն հիշում նրա հավատարմությունն ու երախտիքները, այլ իսկույն մերժում են նրան:
Փառասիրության բաղձանքը մարդուն շատ անգամ չափից ավել է խոսել տալիս իր արած գործերի կամ իր հետ պատահած դեպքերի մասին՝ համոզված, որ դրանով էլ ավելի մեծ պատվի կարժանանա, բայց խաբվում է՝ կորցնելով ունեցած պատիվն էլ: Խիստ զարմանալի է, որ մարդկանց մեջ հպարտները շատ են, բայց իրենց հպարտ չեն ճանաչում. քանի որ հպարտությունը մասնավոր գերազանցության հանդեպ սեր է, չի թողնում սեփական տկարությունը ճանաչել: Ամեն հպարտ կա՜մ տգետ է, կա՜մ հանդուգն: Տգետ է, որովհետև չունեցած բարին կարծում է, թե ունի, քանզի հպարտներին հատուկ է մտքով կուրանալը, և հանդուգն է, որովհետև ունեցած սակավ բարիքներով կամենում է ընկերների մեջ առավել բարձր երևալ, որով և արհամարհում է ուրիշներին՝ իբրև բարիքներից զուրկ մարդկանց: Եվ որովհետև այս ախտն առավել չար ու թաքնված է, ուստի մարդն առավել զգուշության կարիք ունի՝ նրանով չհիվանդանալու համար:
Հպարտը ոչ ոքի առաջ չի ուզում խոնարհվել: Բայց քանի որ պատվասեր է, շատ դեպքերում խոնարհվում է մարդահաճելու՝ հարգանք ստանալու համար: Որովհետև ով մեկից մեծարվել է ցանկանում, հարկադրաբար նրան հաճոյանալ է ջանում, ինչի պատճառով մտովի տանջվում է, թե ինչպես կարող է հաճելի լինել: Ուստի մեծարում է նրանց, որոնք մեծարանքի արժանի չեն, որպեսզի նրանցից փոխադարձ պատիվ ստանա: 
Հպարտը չի կամենում, որ այլ մեկն իրենից բարձր լինի, այդ պատճառով էլ նախանձոտ է և, չտանելով ուրիշների հաջողությունները, բարկությամբ է լցվում, չկարողանալով նրանց հաջողություններին արգելք լինել՝ հուսալքվում ու ծուլության է մատնվում:
 Հպարտությունը բոլոր կործանարար մտքերի ու հույզերի աղբյուրն է։ Սեփական անձի գերակայության զգացումը հանգեցնում է նրան, որ մարդ սկսում է ստորացնել, նսեմացնել ուրիշներին։ Առաջանում է ենթագիտակցական ահռելի ագրեսիա, ինչը ժամանակի ընթացքում շրջվում է այն կրող մարդու դեմ։ Հպարտ, մեծամիտ մարդն իր բանականությունը, կարողությունը բարձր է դասում ամեն ինչից և բոլորից։ Նա շրջապատող աշխարհի մասին իր պատկերացումն ունի և վստահ է, որ հենց այդ պատկերացումն է միակ ճիշտը։ Նա ձգտում է իրեն ենթարկել շրջապատող աշխարհը, և հաճախ դա անում է բռնությամբ։ Իսկ իր պատկերացումների և իրականության անհամապատասխանության դեպքում նրա հոգում ծնվում են ագրեսիվ հույզեր` չարություն,  ատելություն, արհամարհանք, նախանձ և այլն։ Սրանք էլ հանգեցնում են տարբեր հիվանդությունների։ 
Հպարտությունը սեփական անձը գերագնահատելու սովորություն է, դրա հետեւանքով՝ աշխարհում իր իրական տեղը չգտնելը և այս կյանքում նպատակի գիտակցության բացակայությունը։ Նման մարդիկ իրենց ամբողջ էներգիան վատնում են աշխարհի հետ ՙպատերազմելով՚` ապացուցելու համար իրենց ասածի կամ արածի ճշմարտացիությունը։ 
Հպարտության մահացու զգացումից ազատվելու համար պետք է սովորել իրավիճակը, կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ Եվ հիշել, որ մենք ինքներս ենք ստեղծում այդ իրավիճակները և մեր կյանքն ամբողջապես։ Սովորենք ներել մարդկանց, քանի որ ներելով ուրիշին` ներում ենք ինքներս մեզ։
Դարձյալ պետք է մտքում անմոռաց պահել բանսարկուի չարամիտ հնարները. նա առավել ջանադիր է մարդկանց հորդորելու դեպի հպարտություն, քան դեպի այլ մոլություններ և զգուշանալ հպարտությունից: Որովհետև այս ախտը հեշտությամբ է դեպի ներս, հոգու մեջ սպրդում, դժվարությամբ ճանաչվում, շատերի մեջ անբուժելի մնում, ու եթե ուրիշ մոլություններ մարդուն մեղավոր են դարձնում, սա ամբողջովին դև է դարձնում: Ուստի մարդ ունի մեծ արթնության կարիք։
Մարդու ճշմարիտ փառքն ու իմաստությունը վայելուչն ու օգտակարը ճանաչելն ու դրանք ձեռք բերելն է: Իսկ ի՞նչն է ավելի վայելուչ ու օգտակար մարդուն, քան ամենքին սիրելի լինելն ու ուրախամիտ ապրելը: Եվ ահա խոնարհը բոլոր բարիներին սիրելի է և խաղաղ ու ուրախ կյանք է վարում: Ուստի ով իրեն սիրում  և կամենում է հարգի ու պատվական լինել մարդկանց առաջ, թող խոնարհամիտ լինի:
Զարմանալի է, որ ամեն ոք, ուր էլ գտնվի, պարսավում է հպարտությունը՝ որպես չար ու վնասակար բան և գովում խոնարհությունը՝ որպես բարի և օգտակար: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ միշտ և ամեն տեղ հպարտները բազում են, իսկ խոնարհները՝ սակավ: Սրանք թերևս չունեն բարու և չարի ճանաչումը: Քանզի մեծ նախատինք է մտավոր բնությանը, բարին ու չարը ճանաչելով, բարին թողնել ու չարիք գործել: Բայց թվում է, անպատեհ է կարծել, թե տակավին մարդիկ չեն կարողանում բարին ու չարը ճանաչել՝ անթիվ օրինակներից և Աստվածային Գրքի ու իմաստունների խրատների քննումից հետո, որոնք միաբան ուսուցանում են, թե հպարտությունը չար է, և խոնարհությունը՝ բարի:
Արդյունքում նրանք միայնության ու մշտապես տագնապի մեջ են գտնվում: Կարելի՞ է, արդյոք, ձերբազատվել այս մեծ արատից:
Նախևառաջ, մարդ պետք է գիտակցի, որ ինքը զերծ չէ այս չարիքից: Ընդունի, որ այն խորտակում է իր կյանքը: Անիմաստ վատնում է ժամանակն ու եռանդը։ Այն դեպքում, երբ կարող է հանգիստ ապրել ու արարել: Մարդ ինչքան շատ վախենա ստորացնող իրավիճակներից, այնքան ավելի շատ կհայտնվի նման իրավիճակներում: 
Պետք է սովորել սիրել ու ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Ամեն օր կարելի է քայլեր կատարել մարդկանց հետ մտերմանալու համար, որպեսզի աստիճանաբար ջնջվեն տարիների ընթացքում կուտակված օտարությունն ու սառնությունը: Պետք է սովորել ներողություն խնդրել մարդկանցից, ընդունել սեփական սխալները և ներել, ինչն, իհարկե,  բարդ է, բայց ցանկության դեպքում՝ հնարավոր: Պետք է դադարել համեմատվել ուրիշների հետ: Որովհետև համեմատվելով, անընդհատ քննադատում ենք: Ամեն մարդու մեջ պետք է տեսնել ուսուցչի, եթե նույնիսկ վերջինս չունի բարձրագույն կրթություն: Քանի որ ամեն մեկն ունի իր կյանքի փորձը, հետևաբար, որևէ բան կունենա սովորեցնելու դիմացինին: 
 
 
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան