[ARM]     [RUS]     [ENG]

ԿԵՂԾԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԼՂՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղարից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Գևորգյանը՝ նախնական համաձայնության մեջ մտնելով ՙՊոլիգրաֆ՚ ՓԲԸ համակարգչային բաժնի պետ Ալբերտ Բաղդասարյանի հետ, 2012թ.նոյեմբերի 26-ից մինչև 2013թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում աշխատավայրի և աշխատավարձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ է կազմել՝ պաշտոնական փաստաթղթեր կեղծել և յուրաքանչյուրը 50.000 դրամի դիմաց իրացրել մի խումբ քաղաքացիների, որոնք էլ՝ օգտագործելով կեղծ փաստաթղթերը, դրանք ներկայացրել են ՙՅունիբանկ՚ ու ստացել ՙConstant+՚ սպառողական կարիքների բավարարման համար վարկային միջոցներ։
Սույն փաստով ընթացիկ տարվա հունվարի 22-ին ԼՂՀ  ԿԱ ԱԱԾ քննիչի կողմից ԼՂՀ ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 
Քրեական գործով դատավարական ղեկավարումն ու դատախազական հսկողությունն իրականացնում է ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը։
 
ՀՐԴԵՀՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է, 
ԻՍԿ ՎՆԱՍԸ՝ ՆՎԱԶԵԼ
 
ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2012թ. կառույցի կողմից  աշխատանքներ են իրականացվել հանրապետության տարածքում հրդեհային անվտանգությունն ապահովելու և անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման ու դրանց խախտումների կանխման ուղղությամբ։ Նշված ժամանակաշրջանում հանրապետության տարածքում տեղի է ունեցել հրդեհի 395 դեպք՝ 2011-ի 376-ի դիմաց։ 
Նախորդ տարվա համեմատությամբ հրդեհների թվի աճ է գրանցվել մասնավորապես Ստեփանակերտում, Ասկերանի, Մարտունու, Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում։ Ասկերանի շրջանում բռնկված մեկ հրդեհի ժամանակ վառվել է երկու բնակելի տուն, որից մեկը՝ մասամբ։
Ընդհանուր առմամբ՝ գրանցված հրդեհների գերակշիռ մասը կազմում են չոր խոտերի հրդեհների դեպքերը. թվով 294՝ կամ 74,4 տոկոս՝ 2011-ի 302-ի, կամ 80,3 տոկոսի դիմաց։
2012-ին ԼՂՀ տարածքում գրանցվել է ցորենի դաշտում հրդեհի բռնկման 3 դեպք, ինչի հետևանքով հրդեհի ճարակ է դարձել 10,9 հա տարածք։ Հրդեհի պատճառ են հանդիսացել հակառակորդի կրակոցները, կոմբայնի անսարք վիճակը և կրակի հետ անզգույշ վարվելը։ Նշված դեպքերը տեղի են ունեցել Մարտակերտի շրջանում, այդ թվում՝ երկուսը Նոր Հայկաջուր համայնքի տարածքում, մեկը՝ սահմանամերձ գոտում։ 
Անցած տարում հրդեհի յոթ դեպքի պատճառ է հանդիսացել հրկիզումը։ Հրդեհների պատճառած նյութական վնասի չափը կազմել է 34983023 դրամ՝ 2011-ի 65946354 դրամի դիմաց։
Հրշեջ-տեխնիկական հետազոտման են ենթարկվել պետական և մասնավոր հատվածի 2755 օբյեկտներ։ 
 
ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԸ 
ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ 
 
2012-ին ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայությունում որոշակի աշխատանքներ են իրականացվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի մի շարք օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ծառայության պետ Արթուր Հարությունյանի տեղեկացմամբ՝ անցած  տարում հանրապետության տարածքում տեղակայված արտադրական վտանգավոր օբյեկտներում տեղի են ունեցել 6 տեխնածին վթարներ, որի հետևանքով մահացել է 2 մարդ, իսկ 4-ը ստացել է մարմնական վնասվածքներ։ 2011-ի համեմատությամբ տեխնածին վթարների թիվն աճել է 2-ով. 2011-ին տեղի է ունեցել 4 տեխնածին վթար, որի պատճառով մահացել են 2 և մարմնական վնասվածք ստացել ևս 2 մարդ։
Կառույցի պետի հավաստմամբ՝ 2012թ. արտադրական վտանգավոր օբյեկտների պետական ռեեստրում գրանցվել է  նման 80 օբյեկտ։ ԼՂՀ-ում գործող նման վտանգավոր օբյեկտներում 2012թ. տեղի է ունեցել 6 դժբախտ պատահար, որից 5-ը՝ ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ-ում, իսկ 1 դեպք՝ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Մարտակերտի մասնաճյուղում։ ԼՂՀ կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն՝ դժբախտ դեպքերի տեխնիկական քննություններ են իրականացվել և նյութերն ուղարկվել համապատասխան մարմիններին։ ՙՅուրաքանչյուր նման պատահարի տեխնիկական քննության ավարտից հետո վտանգավոր այդ օբյեկտների ղեկավար անձանց հետ ՙՏեխանվտանգության կենտրոն՚ ՊՈԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ քննարկվել են դժբախտ դեպքերի պատճառները, կատարվել անհրաժեշտ վերլուծություններ և համապատասխան հանձնարարականներ տրվել՚,- ասաց Ա. Հարությունյանը։
Կառույցի պետի խոսքերով՝ արտակարգ իրավիճակների տեսչության և ՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚-ի մասնագետների կողմից ստուգվել է հանրապետության տարածքում գործող կաթսայատների և Ստեփանակերտ քաղաքի բնակելի շենքերում առկա մարդատար վերելակների տեխնիկական վիճակը, ինչի արդյունքում հայտնաբերված թերությունները կարճ ժամկետում վերացնելու համար տրվել են հանձնարարականներ։
Ըստ Ա. Հարությունյանի, առանձին կառույցների կողմից արտադրական պատահարների կանխարգելման ուղղությամբ իրականացված զննումները բավարար չեն եղել։ 2012թ. հոկտեմբերին ԼՂՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ստեղծվել են կաթսայատների շահագործումն ու սպասարկումը իրականացնող մասնագիտացված կազմակերպություններ, որոնց գործունեության արդյունքում զգալիորեն կբարձրանա շահագործման անվտանգության մակարդակը, կբարելավվի սպասարկման որակը, կապահովվի անխափան և անվտանգ ջերմամատակարարում։  
 
Սեփ. լրատվություն