[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԱՆՑՎԵԼ Է ՎԵՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր թերթի նախորդ  համարներում, ԼՂՀ առողջապահության նախարարությունը 2012թ. նոյեմբերի 1-ից  հանրապետությունում իրականացնում է գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների դիտարկումներ։ Տարբեր բուժհիմնարկներից ստացված ամենօրյա տվյալները հաղորդվում են ԼՂՀ ԱՆ համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն, վերջինս էլ՝ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն։
Տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ՝ 2013թ.հունվար ամսում ԼՂՀ-ում գրանցվել է վերին շնչուղիների սուր վարակների 1578 դեպք, որից 1382-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների շրջանում։ Հոսպիտալացվել է 27 երեխա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 1259 դեպք (1024 երեխաներ)։ 
Հակահամաճարակային տեսչության համաճարակաբան Կարինե Բալայանի պարզաբանմամբ՝  այս տարվա աճը պայմանավորված է սեզոնային շրջանով։ Այսինքն՝ վերին շնչուղիների հիվանդությունները  աճում են հունվար-փետրվար ամիսներին,  մարտ ամսից դրանք աստիճանաբար  նվազում են։ Վերոնշյալ հիվանդությունների աճի հետ կապված՝ Առողջապահության նախարարությունը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն է ուղարկել 5 հիվանդներից վերցված նմուշ՝ գրիպի շտամը հայտնաբերելու նպատակով։ Լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական։ 
Տեսչության մասնագետների հավաստմամբ՝ ներկայումս հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ 2012թ. նոյեմբեր ամսից ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում, Մոր և մանկան պահպանման կենտրոնում  կարանտին է սահմանվել։  Դիտարկումները կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը։ Հանրապետության բոլոր նախադպրոցական և ուսումնական հաստատություններում նույնպես շարունակվում են իրականացվել դիտարկումներ, որոնց տվյալները հաղորդվում են հակահամաճարակային տեսչությանը։ Մոր և մանկան պահպանման կենտրոնում հազվադեպ են լինում  վերին շնչուղիների հիվանդացության դեպքերը, իսկ վերջին երկու շաբթում նման դեպքեր չեն արձանագրվել։ Օ. Հարությունյանի  խոսքերով՝ հարկ եղած դեպքում հիվանդների բուժման համար կօգտագործվի տամիֆլյու դեղամիջոցը, որի անհրաժեշտ չափաբաժինները տրամադրվել են բոլոր բուժկանխարգելիչ հաստատություններին։ 
Բնակչությանը կրկին  խորհուրդ է տրվում պահպանել հիգիենայի կանոնները, իսկ բարձր ջերմության, հազի, մկանացավի, գլխացավի, հոդացավի, հարբուխի և նման այլ նշանների դեպքում՝  դիմել բժշկին։  Գրիպանման հիվանդությունների վարակի հիմնական ուղին  օդակաթիլայինն է, այն մարդուց մարդ փոխանցվում է հազի և փռշտոցի միջոցով։ Վարակը փոխանցվում է նաև կենցաղային ճանապարհով։ Հիվանդի հազի և փռշտոցի ժամանակ վիրուսով աղտոտվում է շրջակա միջավայրը, ուստի հիվանդ վիճակում  անհրաժեշտ է  խուսափել հասարակական վայրեր, ուսումնական հաստատություններ, աշխատանքի և այլ վայրեր գնալուց։ 
Ամեն դեպքում պարտադիր պետք է պահպանել հիգիենայի կանոնները,՝ ընդունել սպիտակուցներով, հանքային աղերով և վիտամիններով հարուստ սնունդ, ինչպես նաև մարզել մարմինը և քնել լիարժեք։