[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԸ` ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

nune_031.jpgՀադրութը  հանրապետության հարավային սահմանամերձ բնակավայրերից է: Հրադադարի հաստատումից ավելի քան 18 տարի անց քաղաքն ապրում է բնականոն հունով՝ փորձելով լուծումներ գտնել բազմաթիվ ու բազմաբնույթ հոգսերի շրջապտույտում: 
Քաղաքն Արցախյան պատերազմի տարիներին եղել է հրետակոծության և ռմբակոծության թիրախ, ինչի հետևանքով  բնակելի ու  հասարակական նշանակության գրեթե բոլոր շենքերն ու տներն այս կամ այն չափով ավերվել են:
Հետպատերազմյա տարիներին պետության և հովանավորների միջոցներով քաղաքը վերականգնվել է: Շատ շենքեր ու փողոցներ հիմնանորոգվել են, սակայն նրա ընդհանուր պատկերը դեռ շատ է հեռու բարեկարգ ու կոկիկ կոչվելուց: 
Սահմանամերձ քաղաքի գլխավոր խնդիրների ու դրանց լուծման շուրջ էր մեր 
զրույցը Հադրութի քաղաքապետ  Արմեն 
ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ։ Մինչ այդ մենք հետաքրքրվեցինք` շրջկենտրոնից բնակչության արտահոսք կա՞, թե՞ ոչ, ինչին քաղաքապետը պատասխանեց, որ արտահոսք չի նկատվում, ավելին, վերջին տարիներին բնակչության աճ է արձանագրվել. Հադրութն այսօր  արդեն մոտ 4000 բնակիչ ունի: 
-Պրն Աբրահամյան, կխնդրեինք նախ խոսել անցած տարում Հադրութում արձանագրված դրական տեղաշարժերի մասին։
-2012 թվականին Հադրութի քաղաքապետարանը որոշակի բարեկարգման աշխատանքներ է տարել գրեթե բոլոր փողոցներում և բազմաբնակարան շենքերի տարածքներում: Խճապատման, կից պատերի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Ազատության, Անկախության, Սարալանջ, Մայիսի 9-ի փողոցներում: Ամբողջովին լուսավորվել են Կասպարովի, Անկախության փողոցները: Վերանորոգվել են մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ, կարգի են բերվել շենքերի մուտքերը: Համայնքի կազմում են նաև Վանք և Տյաք գյուղերը: Անցած տարում  հաջողվել է լիովին վերանորոգել Վանքի ակումբի տանիքը, ընթացքում են ներքին հարդարման աշխատանքները: 
Եթե խոսելու լինենք ընդհանրապես Արցախյան պատերազմին հաջորդած  տարիներին  արձանագրված առաջընթացի մասին,  կարելի է ասել,  որ  կատարվածը շոշափելի է։ Մոսկվաբնակ բարերար Մ. Բաղդասարովի միջոցներով կառուցվել են  հրապարակ, առևտրի կենտրոն,  մի շարք արտադրական և առևտրի նշանակության օբյեկտներ: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել է Հադրութի հիվանդանոցը: Կաթոլիկ օգնության ծառայության միջոցներով կարիքավոր երիտասարդ ընտանիքների համար  կառուցվել է բնակելի թաղամաս: Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին հուշակոթող է կանգնեցվել: Հադրութում գործարաններ, առանձին արտադրամասեր չկան, սակայն բնակչության շրջանում աշխուժություն կա: Կառավարության ծրագրերը միտված են գյուղատնտեսության զարգացմանը, իսկ մեր շրջանը միշտ էլ զբաղվել է գյուղատնտեսությամբ:  
- Քաղաքի բնակչությունը շատ է բողոքում ջրի հիմնախնդրից: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:
- Ջրամատակարարման հարցն իրոք մեծ խնդիր է մեր  բնակչության համար: Չնայած կատարված աշխատանքներին՝ այն չի կարելի բավարար համարել: Ներքին  ջրատար ցանցը կառուցվել է 1976 թվականին, տարիներ շարունակ ջրագծերի մաշվածության պատճառով  հաճախ վթարներ էին լինում,  ու մարդիկ օրերով զրկվում էին  ջրից: Դեռևս 2008-ին  Արջաղբյուր-Հադրութ 22 կմ երկարությամբ ջրագծով խմելու ջուրը հասցվեց  շրջկենտրոն, սակայն դարձյալ  ջրի կորուստները մեծ էին: Ինչպես հայտնի է, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով անցյալ տարի մեկնարկել է Հադրութ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման ծրագիր, որով նախատեսվում է կառուցել շուրջ 33 կմ երկարություն ունեցող ներքին ցանց, պոմպակայան և 2 ջրամբար, վերանորոգել  70-ականներին կառուցված խորքային հորն ու ջրավազանները: Իհարկե, լավ կլիներ  ունենալ ջրային տնտեսություն, որը  բնակչության ջրամատակարարումը կվերցներ իր վրա:  
- Ո՞ր փուլում  են այսօր աշխատանքները: Շատ հադրութցիներ բողոքում են, որ աշխատանքները, չգիտես ինչու, դադարեցվել են, իսկ փողոցները հայտնվել են  քարուքանդ վիճակում:
- Իմ կարծիքով, անիմաստ է մինչև աշխատանքների ավարտը  շինարարներից պահանջել բարեկարգել փողոցները: Շուրջօրյա ջուր ունենալու համար պետք է կարողանալ նաև ժամանակավոր անհարմարությունները հաղթահարել: Ջրատար ցանցի կառուցման ծրագրին, որքանով տեղյակ եմ, մասնակցում են մի քանի շինարարական կազմակերպություններ` հիմնականում ՀՀ-ից: Մինչև նախորդ տարվա աշնան սկիզբն աշխատանքներն ընթանում էին ամբողջ թափով: Շուտով դրանք կվերսկսվեն և, հավանաբար, այս տարի ավարտին կհասցվեն:  Ծրագրել ենք տեղադրել  ջրաչափեր, որոնց բացակայությունը  ևս իր բացասական գործն է անում,  շատ բնակիչներ պարզապես չեն փակում  ծորակները: 
Փողոցներն, իրոք,  քարուքանդ վիճակում են, սակայն որոշները, ինչպես նշեցի, հընթացս խճապատվում են: 
- Յուրաքանչյուր քաղաքի համար խիստ կարևոր են սանիտարական մաքրման և կանաչապատման աշխատանքները: Ինչպիսի՞ն է վիճակը Հադրութում:
- Դրանով  զբաղվում է ՙՀադրութի  կոմունալ տնտեսություն՚ ՊՓԲԸ-ն: Ճիշտ է, ընկերության ներկայիս տեխնիկական  հագեցածությունն ու ֆինանսական հնարավորությունները չեն համապատասխանում  աշխատանքների ծավալներին, սակայն նախորդ տարվա ընթացքում  կանաչապատման ու փողոցների մաքրման ուղղությամբ ևս քիչ բան չի արվել: Ծայրամասային թաղամասերում  տեղադրվել են աղբարկղեր: Պետք է ասել, որ առկա է աղբի տեղափոխման համար հատկացված միայն մեկ մեքենա, ինչը ևս դժվարացնում է կառույցի աշխատանքները: Նախորդ տարվա դեկտեմբերին հանրապետության նախագահի մոտ  խորհրդակցություն կայացավ` նվիրված քաղաքների նորմալ կենսագործունեության ապահովմանն ու քաղաքապետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերին: Պետությունը հետամուտ է  քաղաքների բնականոն զարգացմանը, և մենք հուսով ենք, որ առկա խնդիրներն ընթացիկ տարում հնարավոր կլինի լուծել: Այսօր  պակաս կարևոր  չէ նաև  ջրահեռացման նորմալ համակարգ ունենալը: Ներկայում  ծայրամասային թաղամասերից  անձրևաջրերն ու ցեխաջրերը հոսում են դեպի կենտրոն։ Պատճառն այդ թաղամասում ջրահեռացման համակարգերի բացակայությունն է։  Ասեմ, որ խորհրդային տարիներին կենտրոնական փողոցներում տեղադրված ջրահեռացման գծերն էլ նպատակին չեն ծառայում:    
- Հադրութն այսօր նաև երիտասարդության զբաղվածության և ժամանցի խնդիր ունի: 
- Երիտասարդության զբաղվածության հարցերն ավելի հեշտ կլուծվեն, եթե լիարժեք գործեն ՓՄՁ ծրագրերը: Ինչ վերաբերում է ժամանցին, ապա մեր երիտասարդությունը միշտ էլ այն կազմակերպելու հետաքրքիր գաղափարներ ունի: Անգամ պատերազմի տարիներին  լիարժեք գործում էին մշակույթի տունն ու դիսկոակումբը։ Ժամանցի խնդիր երևի թե բոլոր փոքր քաղաքներում է առկա: Նախորդ տարվա ընթացքում երիտասարդական այգի ունենալու նպատակով մեր նախաձեռնությամբ  մի խումբ երիտասարդներ մաքրման աշխատանքներ են կատարել մշակույթի տանը հարող տարածքում: Մինչև տարեվերջ այդ տարածքը պետք է վերածեինք զբոսայգու, որը պետք է դառնա ոչ միայն տեղի բնակչության համար հետաքրքիր ժամանցի կամ հանգստի վայր, այլև քաղաքի  գեղատեսիլ անկյուններից մեկը: Ցավոք, տեխնիկայի խնդիր առաջացավ, աշխատանքներն ընդհատվեցին  ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն այս տարի մտահղացումն անպայման կյանքի կկոչվի: 
 
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ