Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

88-Ի ՇԱՐԺՈՒՄԸ. ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

nune_029.jpg88-ի սերնդի մասին դեռ երկար պիտի հիշվի ու խոսվի:
Սերունդ, որին վիճակված էր փոխել պատմության ալարկոտ ընթացքը, Խորհրդային Միության տարածքում ազդարարել քաղաքական փոփոխությունների սկիզբը և առարկայացնել ու իրականություն դարձնել.ժամանակ առ ժամանակ հայության սրտում ժայթքող և խլացվող փափագը, իրագործել այն, ինչ նվիրյալներին է միայն հաջողվում:
 Հազարավոր մարդկանց` Ստեփանակերտի` այն ժամանակ Լենինի, այժմ` Վերածննդի  հրապարակում հավաքվելուն այդ ընտրյալների թաքուն ու բացահայտ աշխատանքն էր նախորդել:  
Համազգային շարժման համակարգողների մի մասը ծննդով Հադրութից էր (Իգոր Մուրադյան, Արթուր Մկրտչյան, Մանվել Սարգսյան, Էմիլ Աբրահամյան և այլք): Հադրութցիների մոտ միշտ էլ  ուժեղ էին արտահայտված  ինչ-որ բան փոխելու, Ադրբեջանի քաղաքականության դեմ ընդվզելու փորձերը, և պատահական չէ, որ 1988-ի փետրվարի 12-ին հզոր հանրահավաք պոռթկաց շրջանում։  Ցույցի և նրան նախորդած իրադարձությունների մասին է պատմում շրջանում Շարժման ակտիվիստներից մեկը` Գագիկ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ (Սադխյան), ում համար այն սկսվել է 1984-ին: 
85-ին Էմիլ Աբրահամյանի նախաձեռնությամբ մի քանի տղաներով սկսեցինք թաքուն ստորագրություններ հավաքել՝ Հայաստանի հեռուստաալիքները շրջանի տարածքում հեռարձակելու նպատակով։ Մինչ այդ շրջանում դիտում էին ռուսական և ադրբեջանական ալիքները: Ասեմ, որ գորբաչովյան վերակառուցումն ու հրապարակայնությունը մեզ իսկապես հույս ու հավատ էին ներշնչել։ Սկզբում անասելի դժվար էր, յուրաքանչյուրին պետք է առանձին բացատրեինք, որ դա հակախորհրդային քայլ չէ։ Մի 4-5 ամսում հաջողվեց հավաքել մոտ 250 ստորագրություն.։ 86-ի գարնանը նամակներ ուղարկեցինք  Մոսկվա, ինչին հետևեցին ճնշումները։ Հետո Արթուր Մկրտչյանը նշանակվեց շրջանի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն: Նրա շնորհիվ մեր նամակներն ավելի կոնկրետ ու կուռ բովանդակություն ստացան: Բողոք-նամակներ սկսեցինք ուղարկել` կապված հայկական դպրոցներում Ադրբեջանի պատմության պարտադրված դասավանդման, Ադր ԽՍՀ-ի կողմից վարվող քաղաքականության, այլ անարդար դրսևորումների հետ: Մենք արդեն համախոհների քանակի աճ ունեինք: Շրջանի բնակչության ակտիվացմանը նպաստեց նաև Ղրիմի թաթարների ցույցը Մոսկվայում, ինչպես նաև ՙՅումանիտե՚ թերթում նշանավոր գիտնական Աբել Աղանբեկյանի՝ Ղարաբաղյան հարցի մասին հոդվածը, որի  քսերոպատճենը մեր ձեռքին էինք պահում: Այս ամենից հետո  ստորագրություններն ավելի շատացան։ 
Հիշում եմ, 1987 թվականին, երբ Ստեփանակերտից մի խումբ ակտիվիստներ եկան և առաջարկեցին ստեղծել ընդհատակյա կազմակերպություն, որը պիտի զբաղվեր Շարժման կազմակերպմամբ, Արթուրն ու Էմիլն ասացին, որ Հադրութում արդեն իմաստ չունի գործել ընդհատակյա, քանի որ շրջանի բնակչության մեծամասնությունը մեր կողմն է: Նույն թվականին Հադրութում 9 հոգով նամակ գրեցինք Գորբաչովին, որում մանրամասն բացատրել էինք Ղարաբաղի ժողովրդի՝ Հայաստանին միանալու պահանջը: Դրանից հետո շատ լուրջ հետապնդումներ սկսվեցին: Մենք գիտեինք, որ Ադրբեջանի ղեկավարությունն ամեն գնով ձգտելու է կիրառել 65-ի սցենարը: 
Փետրվարի 12-ի կեսօրին շրջան ժամանեց մարզգործկոմի նախագահ Օսիպովը` գումարելու ՙպարտխոզակտիվի՚ ժողովը: Մենք գիտեինք, որ նման ժողովներին ներկայացնում էին նախօրոք պատրաստված որոշումը: Ըստ Բաքվից բերված արձանագրության` ՙՀադրութում բողոքի ալիք բարձրացնողները մի խումբ էքստրեմիստներ են, որոնց պահանջը Ղարաբաղի ժողովրդի պահանջը չէ՚։ Արթուրը զանգեց, անմիջապես եկանք շրջկոմ` մասնակցելու ժողովին, սակայն մեր դեմ դուռը փակեցին:  Գրեթե ուժով մտան Արթուր Մկրտչյանը` որպես թանգարանի տնօրեն, Գրիշա Հայրապետյանը՝ որպես կազմբաժնի վարիչ, երբ արդեն ուզում էին դուռը փակել, մի կերպ Էմիլին էլ ներս հրեցինք։ Էմիլը մի անգամ միայն գլուխը դուրս հանեց ու ասաց` ժողովրդին հավաքիր։ 40 րոպեից մեր տղաները մթագնած դուրս եկան դահլիճից: Այդ ժամանակ շրջկոմի շենքի շուրջն արդեն տեղ չկար, հավաքվել  էր ոչ միայն շրջկենտրոնի, այլև շրջանի համարյա բոլոր գյուղերի բնակչությունը: Ժողովուրդը փակեց շենքի մուտքը` ձերբակալելով Օսիպովին, հանպատրաստից տեղի ունեցած այդ ցույցը, որն առաջինը դարձավ մարզում, տևեց մինչև կեսգիշեր. պահանջը մեկն էր` ներկայացնել ընդունված որոշումը: Հադրութի ողջ բնակչությունն այդ օրը հերոսի նման պահեց իրեն: Այդպես ժողովուրդը հաղթեց և որոշումը չեղյալ համարվեց: Այդ օրը շատերս առաջին անգամ հրապարակավ  ելույթ ունեցանք, սակայն արցախցին հիշեց Արթուր Մկրտչյանի խոսքը, ճանաչեց նրան որպես փայլուն հռետոր։ Չեմ սիրում ՙլիդեր՚ բառը, սակայն Արթուրի դեպքում այդ բառը շատ տեղին է: 
Հաջորդ օրը` 13-ին, Հադրութում պիտի  շրջգործկոմի նիստ լիներ, սակայն այն հետաձգվեց, այդ օրը տեղի ունեցավ  մարտունեցիների և հադրութցիների համատեղ ցույցը: Մոտ մեկուկես ժամ  բանակցություններ ընթացան շրջգործկոմի նախագահի հետ ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու մասին հռչակագիրն ընդունելու շուրջ: Կեսօրին կնիքը դրվեց և  այն ընթերցվեց ժողովրդի առջև։ Փետրվարի 14-ին Բաքվի գլխավոր դատախազությունից եկան` շրջգործկոմի նախագահ Ա. Նավասարդյանին ձերբակալելու, 15 րոպեի ընթացքում շրջանի բնակչությունը փակեց շրջդատախազության մուտքն ու ողջ շրջակայքը: Ծրագրվածը ոչ միայն ձախողվեց, այլև Բաքվից անձամբ եկած  գլխավոր դատախազը կարգին վախ ապրեց, երբ դուրս եկավ շենքից և հայտնվեց հօծ բազմության առջև:                                                                           Հետո շրջանի սահմանամերձ գյուղերում սրվեց իրավիճակը: Մենք նույն ակտիվիստներով ջոկատ ստեղծեցինք ու օր ու գիշեր հերթապահում էինք Արփագետիկում և այլ գյուղերում: Հայաստանից եկած ջոկատները հետագայում միացան մեզ: Ապա սկսվեց իսկական պատերազմը: Պատերազմի կանխազգացո՞ւմ: Մեր մեջ կային մարդիկ, ովքեր Շարժման հենց սկզբից պատկերացնում էին, որ այն կվերաճի պատերազմի, նրանց մեջ էր Իգոր Մուրադյանը` Շարժման հիմնադիրներից մեկը: Նա երևի ավելի խորն էր ընկալում աշխարհի երևույթները և պատերազմն էր համարում  Շարժման հնարավոր զարգացումը: Ընդհանրապես, ես այն համոզմունքն ունեմ, որ արցախցին հավերժ պայքարող հայի տեսակ է: Սկզբում մենք պայքարում էինք ինքներս մեր մեջ (այդ պայքարի արդյունքում մենք յոթ տասնամյակների ընթացքում կարողացանք պահպանել մեր ինքնությունը), հետո պայքարեցինք թշնամու դեմ ու հաղթեցինք: 88-ի փետրվարին մեր ամենագլխավոր նպատակը Հայաստանի հետ վերամիավորումն էր: ժամանակի պահանջով մենք անկախություն հռչակեցինք, քանի որ այլ ելք չկար,  բայց դա ինչ-որ տեղ այսօր նաև վնասում է մեր զարգացմանը, քանի որ մենք փակված ենք ինքներս մեր մեջ:  Ամեն դեպքում, այն, որ այսօր Ղարաբաղն անկախ է ու ազատ` մեր կարևորագույն նվաճումն է:
Այսօրվա մտատանջություննե՞րս: Պատերազմի վերսկսման վտանգը նաև մեզ շատ է խանգարում` զուտ մեր մտածողության, մեր իրավունքները պաշտպանելու առումով: Մեր արժեքային համակարգն  է փոխվել:  Ցավոք, այսօր կարծես այնքան էլ հարգի չեն հանրային ու համազգային  խնդիրների մասին խոսող մարդիկ: Երիտասարդ սերունդը մաքուր և անձնական օրինակով ուղենիշ դարձած հերոսների պակաս ունի: Մեր ժամանակի հերոսն այսօր կյանքը բարիքները վայելող  օլիգարխն է: Կենցաղային հոգսերը տիրել են ոչ վաղ անցյալում միայն իր եզերքի մասին մտածող արցախցուն։ Դա պատճառ է, որ  տարիների ընթացքում ոմանք սկսեցին թերագնահատել 88-ի Շարժումը: 
Այսքան դարերի ընթացքում միայն Շարժման շնորհիվ մենք դադարեցինք աշխարհի համար լինել միայն տաղանդավոր ու դժբախտ ճակատագրի տեր ազգ: Եթե չլիներ Սումգայիթը, 88-ի փետրվարը, մեր ամենամեծ հպարտությունը լինելուց բացի, կդառնար մեր ազգի պատմության ամենալուսավոր էջը։ Չմոռանանք դա և կարողանանք առաջնորդվել 88-ի արժեքներով: 
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ