[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ԱՎԵԼԻ ԾԱՂԿՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ

60.jpgՄարտունու շրջանի խոշոր ու շեն գյուղերից է Ղուզե Ճարտարը: Խորհրդային տարիներին գյուղն ուներ 2100-2200 բնակիչ: Այսօր համայնքն ունի 1800 բնակիչ` 480 տնտեսությամբ:
Այստեղ կրթամշակութային օբյեկտների, ենթակառուցվածքների շինարարությունն ու բարեկարգումը գերազանցապես կատարվում են բարերարների աջակցությամբ։ 
Այսպես, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության հովանավորությամբ կառուցվել է  մանկապարտեզ, որը շահագործման հանձնվեց 2011թ. հունիսի 29-ին: Ծրագիրն իրականացվել է  ՙԼուդենդո Գրուփ՚ ընկերության նախագահ Ժան-Միշել Գրինբերգի և  ՙԲերենիկ և Եվրելիա՚ ընկերության նախագահ Միշել Փազումյանի նվիրատվություններով` ի հիշատակ հիմնադրամի բարերար Էմանուել դե Լաբարրի, ով կյանքի վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել հիմնադրամի արցախյան ծրագրերում: 
Գյուղը մանկապարտեզի կարիք ուներ դեռևս 1988 թվականից, երբ Ղուզե Ճարտարն առանձնացավ Ճարտար գյուղից: Մինչ նոր շենքի կառուցումը ընդամենը 40 երեխա էր հաճախում մանկապարտեզ, որը գործում էր դեռևս 1930-ականներին կառուցված դպրոցի նախկին շենքում և զբաղեցնում երկու դասասենյակ: Առանձնահատուկ գրավչություն ունեն երկհարկանի նորակառույց մանկապարտեզի արտաքին ձևավորումը, ներքին հարդարանքն ու կահավորումը: Մանկապարտեզն ունի գեղեցիկ ու հարմարավետ խաղասենյակներ, ննջարաններ, հանդերձարաններ, կենցաղային տեխնիկայով հագեցած խոհանոց, լվացքատուն, բուժկետ, սանհանգույցներ: Ապահովված է նաև կենտրոնական ջեռուցման և օդափոխության համակարգերով: Երեխաներն իրենց բացօթյա ժամանցը կարող են անցկացնել արդեն իսկ բարեկարգ խաղահրապարակում: Մանկապարտեզն իր հարկի տակ ընդունում է շուրջ 80 երեխայի: Ունի 30 աշխատող:
Ճարտարի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատը յուրօրինակ օրրան է ճարտարցիների համար: Պալատի վարիչ Իրինա Առաքելյանի նախաձեռնությամբ ամիսը մեկ անգամ Արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների ծննդյան օրերին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում։ Մարզամշակութային պալատում 2011 թվականից գործում է նաև արվեստի դպրոց, ուր աշխատում է 38 մարդ, հաճախում` շուրջ 250 երեխա: Պալատի, ինչպես նաև դպրոցի կարևորագույն խնդիրը մնում է երաժշտական գործիքների պակասը։ 
Ղ. Ճարտարի միջնակարգ դպրոցը 2006 թվականին է շահագործման հանձնվել: Երկհարկանի շենք է, կառուցվել է պետության միջոցներով: Ունի 220 աշակերտ, որից 50-ը հոսքային դասարաններում է սովորում: Նորակառույց դպրոցի շենքային պայմանները բավարար չէին: Պետության կողմից տրամադրված դրամական միջոցների հաշվին վերջերս լուծվել է մարզադահլիճի հիմնանորոգման խնդիրը,  լրացվել մյուս բացթողումները: 
Համայնքը, բացառությամբ Վերին Ղուզե Ճարտարի, ամբողջությամբ գազիֆիկացված է, գործում են կենցաղսպասարկման մի շարք օբյեկտներ: Բնակչությունն օգտվում է լարային և բջջային հեռախոսակապից, ինչպես նաև համացանցից:
Ճարտարի տեղամասային հիվանդանոցի շենքը խորհրդային շրջանի կառույց է: Երկհարկանի շենքից օգտագործվում են առաջին հարկը և երկրորդի մի մասը. վերջինս ծառայում է որպես ծննդատուն: Ռուսաստանաբնակ համագյուղացի բարերար Վոլոդյա Ավագյանի նյութական օժանդակությամբ վերանորոգվել է շենքի առաջին հարկը, համալրվել անհրաժեշտ սարքավորումներով: Կան  մանկական բժիշկներ, թերապևտ ու մանկաբարձ: Մյուս մասնագետները բացակայում են:
2013 թվականին համայնքի բյուջեի հաշվին սալապատվել է 615 քառ. մետր ճանապարհ` ՙՅալ՚ թաղամասից դեպի ներքև տանող ճանապարհը, որի համար ծախսվել է ավելի քան 3մլն դրամ: Ճանապարհի մնացած մասն ավարտին է հասցվել ՌԴ Կրասնոդարի քաղաքացի, բարերար Վոլոդյա Ավագյանի կողմից (մոտավորապես 500քառ. մետր): 
2013թ. առաջին կիսամյակի տվյալներով` եկամուտների մուտքային մասը կազմել է 3322300 դրամ,  ծախսային մասը՝ 4171000 դրամ:
Գյուղապետ Արթուր Աղաբեկյանի անմիջական նախաձեռնությամբ մեծ աշխատանքներ են տարվում համայնքի սանիտարական վիճակը բարելավվելու ուղղությամբ: Նախատեսված է ընթացիկ տարում ավարտին հասցնել նաև նոր թաղամասի փողոցների լուսավորման աշխատանքները: Ի դեպ, նախնական որոշ աշխատանքներ արդեն կատարված են: Որոշակի աշխատանքներ են իրականացվել նաև ՙԷրած բաղ՚ կոչվող տեղամասը հանգստյան գոտու վերածելու ուղղությամբ: 
Մեծ Հայրենականում զոհված 453 ճարտարցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքն անմխիթար վիճակում էր։ Գյուղապետի և ՊԲ երկրորդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար Արտակ Բուդաղյանի կողմից զգալի աշխատանքներ են իրականացվել, բարեկարգվել ու ցանկապատվել է տարածքը:  
Արցախյան ազատամարտում Ղուզե ճարտարը 57 զոհ է տվել: Մեծ ուշադրություն է դարձվում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի  տարածքի մաքրությանը: 
Չնայած ամեն տարի մի թաղամաս է սալապատվում, կատարվում փողոցների լուսավորման աշխատանքներ, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ անմխիթար վիճակում են մի շարք փողոցներ (շուրջ 5կմ երկարությամբ)։ 
Ինչպես շրջանի շատ բնակավայրեր, Ճարտարը ևս ջրի խնդիր ունի: Երկու օրը մեկ երկու ժամով ջուր է տրվում բնակիչներին: 7կմ հեռավորության վրա գտնվող արտեզյան ջրհորից ջուր է մղվում ջրավազան, որտեղից էլ ջուր է ստանում բնակչությունը: Ջրատարները 40 տարվա խողովակներ են, շահագործման համար ոչ պիտանի: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ 2012թ. մշակվել է ծրագիր, սակայն ինչ-ինչ պատճառներով գործն առայսօր չի սկսվել: Երեք աղբյուր կա գյուղում: Խողովակների անաշխատունակության կամ նորոգման ժամանակ, երբ ջուր չի տրվում, բնակիչներն այդ աղբյուրներից են օգտվում:
Գյուղապետ Արթուր Աղաբեկյանը գոհունակությամբ նշեց, որ երիտասարդությունը գյուղում մնում է և չունի զբաղվածության խնդիր: Շուրջ 70 երիտասարդ ծառայում է ՊԲ 2-րդ պաշտպանական շրջանում:
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, նախորդ տարիների  համեմատ, զգալիորեն նվազել է: Շուրջ 10 բնակիչ տուժել է կարկտահարությունից: 
Համայնքը լրիվությամբ ապահովված չէ գյուղտեխնիկայով: Գյուղամերձ տարածքներում բերքահավաքը կոմբայնների պակասության պատճառով լուրջ խնդրի առաջ է կանգնեցնում գյուղացուն: Այս տարի Ղուզե Ճարտարի 854 հա վարելահողերից ցանվել է 547 հա, որից 454 հա ցորեն, 88 հա գարի, 5 հա եգիպտացորեն: Ցորենի միջին բերքատվությունը կազմել է 18,7 ց, գարու բերքատվությունը` 18ց: Կատարվել է 48 հա սև ցել: Համայնքն ունի 39,3հա սեփականաշնորհված թթայգի, սեփականաշնորհված և վարձակալած հողերում` 100հա խաղողայգի, որից 30հա չի մշակվում: 
Խոսելով անասնապահության մասին` Ա. Աղաբեկյանը նշեց, որ համայնքն ունի 365 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 406 գլուխ ոչխար և այծ, 83 գլուխ խոզ, 7900 թև թռչուն, 143 մեղվաընտանիք: Մսի, կաթի իրացման հետ կապված  խնդիր չկա: Վերջինս իրացվում է գյուղում: Սակայն խոտանման ենթակա անասնագլխաքանակի իրացման խնդիր կա:
Ղուզե Ճարտարում  ապրում է 7 բազմազավակ ընտանիք: Այդ ընտանիքներից 4 -ի համար պետության միջոցներով բնակարաններ են կառուցվում:
 Կիսամյակում  համայնքում գրանցվել է 9 ծնունդ, 6 ամուսնություն, ամուսնալուծություն չկա: Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի պակասել են ծննդյան դեպքերը:
- Գյուղի զարգացման հեռանկարներն իրատեսական են: Զարգացումը մենք կապում ենք նաև մեր բարերարների հետ: Ոչ միայն Ղուզե, այլ ընդհանուր Ճարտարի խնդիրների լուծման համար կազմվել են համապատասխան ծրագրեր և ներկայացվել  բարերարներին,- ասաց համայնքի ղեկավարը` համոզմունք հայտնելով, որ մոտ ապագայում կունենան ավելի բարետես ու ծաղկուն համայնք, կբացվեն նոր աշխատատեղեր,  կլուծվեն համայնքի շատ ու շատ խնդիրներ:
 
Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ
ք. Մարտունի