ՙՏԱՏԻԿ-ՊԱՊԻԿԻ՚ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

13.JPGՍտեփանակերտցիները բազմիցս տեղեկացվել են Արցախը խորհրդանշող ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձանի ու նրա տարածքի բարեկարգման ծրագրի մասին, որը հիմնականում ավարտվել էր սահմանված ժամկետում՝ սեպտեմբերի 1-ին: Սակայն աշխատանքների ավարտն ազդարարող  արարողությունը տարբեր պատճառներով հետաձգվեց։ 
Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԼՂՀ իշխանությունները՝ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, բարերարներ, բազմաթիվ հյուրեր և ստեփանակերտցիներ:7.JPG
Հուշարձանի հանդիսավոր բացման և տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտման հետ կապված` ելույթ ունեցավ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով ներկաներին ողջունեց նման հրաշալի առիթով և անդրադարձավ հուշարձանի տեղադրման դժվար տարիներին (տեղադրվել է 1967թ.), երբ յուրաքանչյուր նախաձեռնություն բազմաթիվ խոչընդոտներով էր կյանքի կոչվում: 
- Դժվար չէ կռահել, թե այն բանից հետո, երբ հայտնի դարձավ քանդակը հենց Ղարաբաղում տեղադրելու հեղինակի մտադրությունը, ինչ թշնամաբար վերաբերմունք ցուցաբերվեց Բաքվի իշխանությունների կողմից: Պատկերացնել կարելի է, թե ինչ փորձություններով անցան մարզի իշխանությունները, որպեսզի քանդակը տեղադրվի Ստեփանակերտում: Այդ իսկ պատճառով հետադարձ հայացք ձգելով մեր ոչ վաղ անցյալին՝ չի կարելի չհիշել և արժանին չմատուցել այն ժամանակվա ղարաբաղյան իշխանությունների, հիրավի, օլիմպիական հաստատակամությանը, ովքեր կարողացան մեծ դժվարությամբ, մշակույթի ոլորտում աճող ադրբեջանական էքսպանսիայի պայմաններում պաշտպանել իրենց հայտնի համերկրացու՝ Սարգիս Բաղդասարյանի գաղափարը՝ մարմնավորել ղարաբաղցիների ոգին, արիությունն ու տոկունությունը: Պիտի խոստովանել, որ այս պահին մենք երկար ենք սպասել: Եվ ահավասիկ, այսօր մենք բոլորս միասին պատիվ ունենք մեր հայրենակից Սարգիս Բաղդասարյանի անմահ ստեղծագործության հանդիսավոր բացումը կատարել, դրանով իսկ տոնել տաղանդավոր քանդակագործի 90-ամյակը, որը նշվել է նաև Հայաստանում և Սփյուռքում,- ասաց քաղաքապետը:1.JPG
Ս. Գրիգորյանը հատկանշեց հուշարձանի նշանակությունը՝ որպես խորհրդանիշ, ընդգծելով, որ այն պատկերված է ԼՂՀ պետական և մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքային զինանշաններին: Նա ներկաների անունից խորին շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում ջանքերով շենանում է Արցախը, այս դեպքում՝ մոսկվաբնակ գործարար, ծննդով ստեփանակերտցի Կարեն Ավագումյանին, ում և հանձնվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի շնորհակալագիրը:
15.JPGԻ դեպ, տեղեկացնենք, որ Կարեն Ավագումյանի կողմից սա առաջին բարերարությունը չէ, նրա հովանավորությամբ կառուցվել և բարեկարգվել է մանկական հիվանդանոցի բակը:
Ելույթ ունեցավ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ով հիշեց 60-ականների մթնոլորտը և իրադարձություններ՝ կապված քանդակի գաղափարի, նրա ստեղծման ու տեղադրման հետ: Պարզվել է, որ նման հուշարձան Ղարաբաղում տեղադրելու գաղափարի մտահղացումը ծնվել է Երևանում՝ Բագրատ Ուլուբաբյանի և Սարգիս Բաղդասարյանի` Արցախի ճակատագրով մտահոգությունից: Հուշարձանի վերջնական անվանումն էլ առաջարկվել է Բ. Ուլուբաբյանի կողմից, որը և հավանություն է ստացել: Հուշակոթողն էլ մտածված էր այնպես, որ հիշեցնի նաև Հայաստանի խորհրդանիշը՝ Սիսն ու Մասիսը, որը նույնպես իրագործվել է: 
Ելույթի համար խոսք տրվեց նաև Սարգիս Բաղդասարյանի որդուն՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանին: Նա հուզված էր և երախտապարտ ԼՂՀ իշխանություններին՝ հորը արժանվույնս գնահատելու համար:
ttt.jpgԵլույթ ունեցավ նաև բարերար Կարեն Ավագումյանը, ով կարևորեց ԼՂՀ իշխանությունների, մասնավորապես, Բակո Սահակյանի կողմից ցուցաբերվող  վերաբերմունքը՝ կապված սփյուռքահայ գործարարների նախաձեռնությունների հետ, այն է՝ հովանավորչությամբ նպաստել պատմական Հայրենիքի վերականգնմանը, աջակցել համերկրացիներին՝ ապրելու բարեկեցիկ պայմաններում:
 6.JPGՇնորհակալություն հայտնվեց հուշարձանի տարածքի բարեկարգման նախագծի ճարտարապետ, ՙՆարինե և Գեղանի՚ ՍՊԸ տնօրեն Վլադիկ Սարգսյանին, ինչպես նաև շինարարական աշխատանքներն իրագործած ՙԱրկշին՚ ՍՊԸ կապալառու կազմակերպության տնօրեն Արկադի Ծատրյանին՝ աշխատանքները բարձր մակարդակով կատարելու համար:
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձանի հեղինակի որդուն՝ Աշոտ Բաղդասարյանին և բարերար Կարեն Ավագումյանին:
Հանդիսավոր արարողությանը մշակութային ծրագիրն ապահովել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ մեկտեղ:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ