comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՀՈՒԶՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՍ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՀՈՒԶՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՍ

555.jpgՅուրաքանչյուր ազգի պետական վերածնության գործոնների շարքում իր ուրույն  տեղն ու դերն ունի  մայրաքաղաքը։
Շատերս ականատես եղանք, թե ինչպիսի փորձությունների միջով անցան Արցախն ու նրա մայրաքաղաքը մեզ  պարտադրված պատերազմի ժամանակ։ Հետպատերազմյան  շրջանում հիմնականում կարողացանք վերացնել պատերազմի հետքերը։ 
Բայց այսօրվա Ստեփանակերտն  ավելի հրատապ խնդիրների կիզակետում է հայտնվել. նորանկախ  մեր  հանրապետությունն իր մայրաքաղաքով հայտնվել է աշխարհի տարբեր քաղաքական գործիչների, զբոսաշրջիկների   ուշադրության կենտրոնում։
Բոլոր ժամանակներում էլ Ստեփանակերտը եղել է ամենականաչապատ ու էկոլոգիապես մաքուր քաղաքներից մեկը,  և շարունակում է  մնալ այդպիսին։ Դեռ ավելին, Ստեփանակերտն այսօր իրենով  նոր փուլ է նշանավորում նաև արցախահայության քաղաքաշինության պատմության մեջ։ Հիմնովին վերակառուցվող մայրաքաղաքն իր թևերը տարածում է տարբեր ուղղություններով։ Այո, այսօր Ստեփանակերտն արտաքին դիտորդի համար մաքուր քաղաք է։ Ահա թե ինչու յուրաքանչյուրս պարտավոր ենք բարձր պահել մեր կենցաղավարման մակարդակը, անբիծ ապրելակերպով բազմապատկել Արցախի մայրաքաղաքի  նորօրյա կերպարը։ 
Մենք հաճախ ենք  հպարտությամբ ասում, որ մեր քաղաքը մեր տունն է։  Եվ  նրա բարեկեցությունը սկսվում է քո և իմ, մեր բոլորի փողոցից, բակից ու շքամուտքից։ Ո՞ւմ չէ  հաճելի իր բակը տեսնել գեղեցիկ, ասֆալտապատ՝ մանկական խաղահրապարակով, կանաչապատ շքամուտքերով և մաքուր շրջապատով։ Առաջին հայացքից քաղաքի գեղեցիկ շենքերը հաճելի տպավորություն են թողնում մարդկանց վրա։ Բայց եթե մտնում եք շենքի բակը՝ այս կամ այն մուտքի առաջ աղբակույտ է։  Կտեսնենք  շինարարական աղբով լցված պարկեր՝ դարսված  իրար վրա։ Եվ նման իրավիճակ է  տիրում բազմաթիվ բակերում, ու դեռ ավելին։ Ասֆալտապատելու փոխարեն որոշ փողոցներում, որպես բարեգործական ակցիա (պատգամավոր կամ  քաղաքապետարանի  ավագանու  անդամ ընտրվելու ձգտող մարդկանց կողմից) բակերը հարթեցրել  են խճով, որն էլ դժվարացրել է բնակիչների  տեղաշարժերը՝  առաջացնելով  դժգոհություններ։
Առանց զայրույթի  հնարավոր չէ  անցնել մեր գեղեցիկ  շենքերի  տգեղ շքամուտքերի  մոտով։ Իրողություն է, որ բնակարանը  սկսվում է շքամուտքից։ Իրոք, շքամուտքը լոկ ծածկ չէ կամ  սպասատեղի՝ բնակարան մտնելուց առաջ, այն նախ և առաջ շենքի  ճարտարապետական  դետալ է, նրա  համալիրն ամբողջացնող  մաս, բնակարանի շարունակություն։  Իսկ մեր մայրաքաղաքում  անշուք ու  կիսավեր, անդուռ ու  անապակի  լուսամուտներով շքամուտքներ՝ ինչքան ուզեք։ Եթե փորձենք ՙպտույտ մը՚ գործել ստեփանակերտյան  շքամուտքերով, շատ տխուր   տեսարանների ականատես կլինենք. քանդված  եզրապատեր,  ջարդոտված, պոկված  դռներ։ Իսկ որոշ շենքերի  բնակիչներ  էլ  զոռ են տվել երևակայությանը՝ ցուցաբերելով հնարամտություն. ջարդված  լուսամուտների ապակիների  փոխարեն  մուտքերի  ամեն մի լուսամուտ փակել են ստվարաթղթերով,  պոլիէթիլենով կամ  բարակ  տախտակներով։ Սակայն  դրանք էլ   չեն  կարողացել  դիմանալ  քամու ուժգնությանը, պատռոտվել  են՝  իրենց  ծվենները թողնելով  պատուհաններին։  Թվում է՝ այսքանից հետո ավելորդ է  անգամ խոսել  շքամուտքերի  լուսավորման  մասին. գիշերները  մարդիկ խարխափելով  մի կերպ  բարձրանում  կամ իջնում  են մուտքերով, դժվարությամբ  որոնում ու գտնում  հարկավոր  հասցեն։
Ասում են՝ ընտանիքն  առանց այլանդակի չի լինում,  ու մեր  շարքերում  դեռ կան բնակիչներ, որոնք հաճախակի չարամտորեն  խախտում են համակեցության  նորմերը՝  մոռանալով, որ  կենցաղային  մշակույթը նախևառաջ  քաղաքացու հարգանքն ու պատասխանատվությունն են իր անձի  և շրջապատի  նկատմամբ։ Օրինակ, ինչպիսի՞ գնահատական  կարելի է տալ  այն բնակչուհիների վարքագծին, ովքեր  բարձրահարկ շենքերում  իրենց լվացքը  ողջ  մանրամասնություններով  փռում են՝ ի տես բոլորի։ Դա դեռ  բավական  չէ,  նույնիսկ ավելորդ են համարում  այն պատշաճորեն  ջրազերծել, վացքից  ջուրն ազատորեն ծլլում է անցորդների վրա։ Կամ թե  չէ, ինչո՞վ  են մեղավոր  բնակարան  վերանորոգողի  հարևանները, երբ  այդ գործընթացը  երբեմն ընդհատումներով ձգձգվում է ամիսներ,  և մարդիկ  խոր քնի  ժամանակ, ահաբեկված  արթնանում են շինարարության աղմուկից։  Շատ հաճախ  խիճը, ավազը, գաջը, ցեմենտը  և բազմատեսակ այլ շինանյութեր  անփույթ  կերպով աստիճաններին  թափելով՝ տանում¬հասցնում են  5-րդ հարկ՝ չհավաքելով նույնիսկ  թափվածը։ Երբեմն էլ  ամբողջ շինանյութերը  բերում, ամբարում  են բարձրահարկ  շենքերի հարթակներում, ինչն էլ առաջ է  բերում բնակչության  արդարացի  զայրույթն  ու բողոքները։ Ահա այս  և նման այլ  պարագաներում է անհրաժեշտ  տնային կոմիտեի նախագահի միջամտությունը։ 
Խորհրդային  իշխանության տարիներին Ստեփանակերտի  գործկոմում հատուկ հաստիքներ  կային, որոնց  զբաղեցնողները բացատրական, գաղափարադաստիարակչական  աշխատանքներ էին տանում բնակիչների շրջանում, որպեսզի  քաղաքի  մաքրությունը, բազմահարկ շենքերում  տիրող կարգուկանոնը  միշտ լինեն պատշաճության  սահմաններում։  Այսօրվա  այդ առաքելությունը  կարծես ստանձնել են տնային  կոմիտեների  նախագահները։ Քաղաքապետարանի  և բնակչության միջև կապող  օղակ հանդիսացող  հասարակական  այդ պատասխանատվությունը  նրանք հիմնականում կատարում են պարտքի  մեծագույն  զգացումով, ուստի անհրաժեշտ է բարձրացնել  նրանց  կարգավիճակը,  նյութապես  շահագրգռել  նրանց, ինչն ավելի  արդյունավետ   կդարձնի բոլորի  գործունեությունը։  Չէ՞ որ հասարակության մեջ  տեղ գտած  այս համատարած  անտարբերության պայմաններում  նրանք են, որ ձգտում են  պահպանել  քաղաքի  կանաչապատման  նպատակով տնկված  ծառերն ու  թփերը, վերահսկում են  բակերի, փողոցների  մաքրության, կարգ ու կանոնի  պահպանումը, համապատասխան  տեղեկանքներ, բնութագրեր  են տալիս մարդկանց։ 
Մայրաքաղաք  Ստեփանակերտի շուրջօրյա  ջրամատակարարումը վաղուց  իրականություն է։ Այն  սկսվեց  աշխատանքային  հուժկու, գրոհային  թափով, որպեսզի  այդ բաղձալի  ծրագիրն  ավարտվի ժամանակից շուտ  կամ ժամանակին։  Ջրաշինարարները  մոռացան  ամենակարևորի՝  աշխատանքների որակի մասին։ Եվ այսօր  քաղաքի  գետնուղիներով անցնող ջրմուղների  որոշ հանգույցներում  առաջանում են վթարներ, ջուրը  դուրս գալով  ասֆալտի երեսը՝  անհարմարություններ է առաջացնում։  Ուրախալի  է, որ  քաղաքապետարանը,    ցանկացած պահի  կոորդինացնելով  ու  մոբիլիզացնելով համապատասխան ուժերը, շտապ  կերպով վերացնում է  վթարները, ինչ  փույթ, թե ասֆալտին  ավելանում են  կարկատանները։
Ազատամարտիկների  փողոցի 21-րդ շենքը  շահագործման է  հանձնվել 1973թ., և   մինչ օրս  նրա բակը  ոչ մի անգամ  չի  վերանորոգվել։ Բակի լայնությունը  5-6 մետր է, նրա դիմաց, շենքի  երկարությամբ  ձգվում են ավտոտնակները, տարբեր ժամերի էլ բակում  կայանվում են  բնակիչների  ավտոմեքենաները։ Այնտեղ բացառված է  երեխաների  խաղը, նրանց  հանգստի  կազմակերպումը։ Հաճախակի է պատահում, որ  շտապօգնության  մեքենան  չի կարողանում  բակ մտնել։ Այդ փոքր բակն այսօր  վեր է ածվել  փոսորակների, և անձրևաջրերի,   ձնհալոցքի հետևանքով  այնտեղ գոյանում են  լճակներ ու  դժվարացնում մարդկանց շարժը։ Դեռ ավելին, անցյալ տարի վերանորոգման է  ենթարկվել շենքի տանիքը, բակի ուղղությամբ  տեղադրված  վեց ջրհորդաններից  ջրի հոսքը, ծովանալով, ներծծվում է   նկուղը,  խարխլելով  նաև նրա հիմքերը։ Այդ մասին  ես  բազիցս ահազանգել եմ  քաղաքապետարան.   խոստումներից  բացի ոչինչ  չեն  ձեռնարկել։  Քաղաքապետարանի  այսօրվա  ղեկավարությունը,  վերջապես  ընդառաջելով  բնակչության  խնդրանքներին, պլանավորել է բարեկարգել նաև այդ  բակը։ Լավ կլիներ, որ այդ  ջրհորդանները միացվեին կոյուղու  ցանցին, մեկընդմիշտ կլուծվեր  բակի հեղեղումների հարցը, և ամռան  ամիսներին  (ոչ միայն) խոնավահոտը  չէր վնասի  մարդկանց։ 
Այս և նման  պրոբլեմներ շատ  կան մայրաքաղաքում։ Հուսանք, որ քաղաքապետարանը  կկարողանա քաղաքային խնդիրներին  ճիշտ ու  ռացիոնալ  լուծումներ  տալ։  
 
Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ 
Տնային կոմիտեի նախագահ