comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐ ՄՆԱԼ ՏԻՐՈՋ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՂԱԽԻՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐ ՄՆԱԼ ՏԻՐՈՋ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՂԱԽԻՆԸ

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 Այն կոչվում է Աստվածածնի Ավետման տոն։ Ավետում, որի համաձայն պիտի ծնվեր Քրիստոս։ Քրիստոս ծնվեց, որ փրկի մեղավոր մարդուն։ Իսկ մեր նախամայր Եվայի միջոցով աշխարհ մտած մեղքից ու մարդկության կործանումից փրկության համար Աստված ելք էր ընտրել հրեա բարեպաշտ մի պարմանուհու՝ Մարիամին։ Կույսը խոնարհաբար հնազանդվել էր հար մնալ Տիրոջ աղախինը։ 

Կինը՝ կողակցի մասին հոգացող, մայրը՝ պատրաստ ինքնաընծայման իր լույս աշխարհ բերածի համար։ Երկունքի կարողությամբ կինը սատանայի սարսափն է, հալածիչն ու հոգեառը, արարելու ունակությամբ՝ հրեշտակների գործակիցը։
Հայ կինը, որի ափի մեջ ազգի ապագան ենք փնտրում, որի ափը ողորկ մակերես չէ բնավ, ամուսնուն ու զավակին խիզախման է առաջնորդում։ Հայ կնոջ ափերի մեջ՝ հատման կետով ագուցված տերունական խաչ, որի օրհնությունը հայ կինն իր ափով անհրաժեշտության դեպքում ապտակի հետ փոխանցում է որդուն, իր փոքրիկ հայրենիքը խաչի տեսքով դրոշմում զավակի դեմքին։ Հին-հիշելի ժամանակներից հայոց մայրերի առաքելությունն է հայրենիքի փրկության ճանապարհին հավքի թևով բնագիծ հասնել, շոշափելի ներկայությամբ հայտնվել խրամատում, դիրք հսկել, տուն դառնալ անտես-աննկատ, որդուց ու ամուսնուց քայլ առաջ, ազատվել կոշտ ու երկար ճտքակոշիկներից, որոնք քերող կոշտուկների պես սիրտ ու հոգի են ցավեցնում, բայց բարձունքներ ազատագրելու փափագը ցրում է ցավ ու նվվոց, մղում առաջ...
Կինը կողակցին ոգեշնչում է, ուս ուսի ստեղծում ընտանիք, ձևավորում պետության մանրակերտը։ Մայրը որդուն դաստիարակում է. հայրենիքը մեկն է ու անփոխարինելի, հայրենիքը վեր է ամեն ինչից։ Հայրենիքի սիրո նժարն ուղիղ համեմատական է մոր ափերի՝ հատման կետով ագուցված տերունական խաչին։ Հայրենիքի սիրո նժարը մայրական սիրո ու պատվի փրկարարն է։
Առապար է հայ կնոջ ճանապարհը, դարձդարձ ընթացքներով։ Այդ ճանապարհի սկիզբը սերն է, ընտանիքի խաղաղությունը, տան մուտքի սանդղահարթակը, որն իր երկրի սահմանի մեկնակետն է, որտեղից մայրերն ուղեկցում են իրենց հարազատ որդուն դեպի մարտի դաշտ, կանայք ամուսիններին ուղեկցում են դեպի փրկության հանգրվան, սպասում հաղթական լուրի։ Թիկունքից տեղափոխվում են առաջնագիծ, կարոտից աղերսական, հազար տեղից ճաք տված հայացքներին ի պատասախան զուգահեռում և խաչաձևում մարտական ուղիները, միայն թե՝ Տեր, ողորմիր ու փրկիր, պահիր ու պահպանիր...
Իսկ պատերազմն իր խաղն է շարունակում։ Դաժան խաղը՝ տխուր ելքերով։ Ո՞ր մորն է հետաքրքրում, թե ովքեր են խաղացողները։ Զոհվողը սիրասուն զավակ է, խոցվողը՝մայրական սիրտ։ Տխուր ելքերով պատերազմի խաղն ամեն մի վայրկյան խայթոցներ է հարուցում, մայրերին անհանգիստ հոգեպտույտի մեջ առնում։ Բայց դիմանում են հայ մայրերը, աննկուն կամքով, տղամարդավարի, ցավի մեջ ցավ մեղմելով և դեռ անելիք կանխազգալով՝ ամուսիններին ու որդիներին հավասար։ Ցավոք, երբեմն նրանց փոխարեն։ Մեր մայրերը վիրակապում են բաց նյարդերով վերքեր ու դարմանում հոգու անփարատ կսկիծ։ Նույն կերպ են խորհում ու գործում։ Կորուստների հետ միշտ անհաշտ են։
Ավանդական օջախում կանայք սեփական դերի, պատվի կարևորությունն ու անփոխարինելիությունն ամեն օր շարունակական են դարձնում։ Կանայք սգում են, անձնատուր չեն լինում։ Լացում են, չեն ողբում։ Ցավում են, բայց չեն ընկճվում։ Ինչպես Աստվածամայրը՝ խաչվող Միածին Որդուն մարդկության փրկության համար, հայոց մայրերը՝ վասն հավատո, վասն հայրենյաց փրկության իրենց զավակներին են ընծայում, հարկ եղած դեպքում՝ ինքնաընծայվում։ Նահատակ որդիների հետ զրույցը մտովի տեղափոխում են խաղաղ ժամանակներ, վերհիշում բոլոր անցքերն ու իրադարձությունները, քննարկում ապագայի ծրագրերն ու հարազատների հիշատակի առջև ամոթահար չմնալու փաստից բռունցք դարձնում ափը։ Կանայք ափի մեջ տեղավորում են խաղաղ արևելք ու թեքվող արևմուտք, պաղ հյուսիս ու տաք հարավ։ Խորություններ ու բարձրություններ պատկերող կետ-գծերն արդեն պարզորոշ զատում են հորիզոնը հայ կանանց ափերի մեջ։ Ափերի մեջ՝ հատման կետով ագուցված խաչից կորով են հավաքում և ազգի ապագայի տեսիլքն են կերտում հայ կանայք։
Հայ կինն աջ ձեռքով միայն շերեփ չի բռնում։ Ծնում-սնում է։ Կարում-կարկատում։ Գրում-ստեղծագործում-խմբագրում է։ Նկարում-երգում-խաղում է։ Դասավանդում-կրթում-դաստիարակում է։ Կառավարում-տնօրինում է։ Նախագծում-կառուցում է։ Դատում-դատապարտում է։ Դիպուկահար է, ազատամարտիկ, հայրենյաց պաշտպան։ Վիրակապում-բուժում է։ Մարտական խաչ է կրում։ Իր երկրի հերոսն է, բարձագույն պարգևի հասցեակիրը։ Հասարակական, քաղաքական ու պետական գործիչ է։ Բարերար է. հովանավորում-աջակցում է։ Կինն ամենուր է, նրա համար անհաս բարձունքներ չկան։ Նա գեղեցիկ է, որովհետև մայր է, կին, քույր, դուստր։ Իր ազատագրած տաճարում կինը համառորեն ուզում է հարազատին կնքահայր դառնալ, սակայն հանդիպելով քահանայի կտրուկ ՙոչ՚-ին, հնազանդորեն տեղի է տալիս, հարազատին ծառայելու, նվիրվելու աստվածադիր օրենքով առաջնորդվում։ Նորից տրվում սիրուն ու ցավին։ Կնոջ դերն ինքը՝ կինն է փայում-փայփայում, իր դերի անկման կամ բարձրացման՝ մեր օրերի ու մեր բոլորի մտավախությունները հարթում։ Սուրբ Կույսի օրինակով...