comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԾԱՂԿԱԶԱՐԴ (ՏԻՐՈՋ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ)
[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՂԿԱԶԱՐԴ (ՏԻՐՈՋ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ)

Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը` Ծաղկազարդը, նվիրված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին: Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի այն տոնախմբում է ապրիլի 14-ին:

 Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ ՙՕվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում՚ (Մատթ 21:9): 

Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը, ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը:
Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչեւ Սուրբ Հարության տոնը, կոչվում է Ավագ շաբաթ:
Ծաղկազարդի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր: