comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԸՆԿԱԼԵԼ ՏՈՆԻ ԻՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ, ԳԻՏԱԿՑԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՅՆ ՈՂՋ ՀՈԳՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԿԱԼԵԼ ՏՈՆԻ ԻՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ, ԳԻՏԱԿՑԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՅՆ ՈՂՋ ՀՈԳՈՎ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 Զատիկը դարավոր արմատներ ունեցող տոն է, որը որոշակի փոփոխություններ է կրել, բայց այն նախկինի պես մեծ հանդիսությամբ նշվում է քրիստոնեական բոլոր երկրներում։ Հայաստանում և Արցախում Սուրբ Զատկի տոնն այս տարի կնշվի ապրիլի 21-ին։ Տոնը ՙզատիկ՚ է կոչվում, ամենայն հավանականությամբ, ՙազատություն, ազատվել, զատվել՚ բառերի հետ կապված և տառապանքներից, չարից ու մահից ազատվելու իմաստ ունի։ ՙՊասխա՚ բառը հունարենից նշանակում է ՙանցում, ձերբազատում՚, ինչն արդեն ենթադրում է ինչ-որ լուսավոր ու հրաշալի բանի սպասում։ Զատկին ռուս քրիստոնյաները, ողջունելով իրար, ասում են` ''Христос воскрес!'' որին հետևում է ''Воистину воскрес!''՚ պատասխանը։ Հայերս ողջունում ենք իրար ՙՔրիստոս հարյավ ի մեռելոց՚ բառերով, պատասխանում` ՙՕրհնյալ է հարությունը Քրիստոսի՚։

Զատիկն իր մեջ խորհուրդ է պարունակում, դա Քրիստոսի հարությունն է, հաղթանակն ընդդեմ մահվան: Այդ խորհուրդը կարող է վերապրել յուրաքանչյուրը. կարելի է հարություն առնել, հաղթել մահվանը։ Շատերը դեռևս հիշում են մարտնչող աթեիզմի խորհրդային տարիները, երբ քանդվում էին տաճարները, փակվում վանքերը, իսկ հոգևորականներին աքսորում կամ պարզապես սպանում էին։ Իսկ Ղարաբաղում այդ ամենն իրականացվում էր ևս մեկ` հեռուն գնացող նպատակով։ Կրոնի դեմ պայքարի շղարշի տակ Ադրբեջանն ավերում էր հայկական եկեղեցիները, տաճարները, շիրմաքարերը, մի խոսքով՝ այն ամենը, ինչը կարող էր վկայել հայերի անդրեածին ժողովուրդ լինելու մասին։ Բնականաբար, կրոնի, մեր դեպքում` քրիստոնեության դեմ կենաց ու մահու 70-ամյա պայքարն իր բացասական հետևանքներն ունեցավ։ Կրոնը պարզապես արմատախիլ արվեց մարդկանց հոգիներից, ոչնչացվեց, և շատ ղարաբաղցիներ հեռացան իրենց հոգևոր արմատներից, Զատիկը չէին նշում, մոռացել էին տոնի հոգևոր իմաստը, նրա նշանակությունը։ Բայց եկավ բեկումնային 1988 թվականը։ Արցախցիների ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդին ոչ միայն ազատագրեց օտար լծից, այլև վերադարձրեց քրիստոնեության գիրկը։ Եվ, փառք Աստծո, հոգևոր արժեքները մեզանում աստիճանաբար վերականգնվում են։
Այո, Զատիկը սիրված տոն է, քանի որ այն փրկության, հավատի, Քրիստոսի հարության, ուրախության խորհուրդն ունի։ Իսկ ի՞նչն է մեզ ստիպում անհամբեր սպասել այդ տոնին: Այս հարցով դիմեցինք մի քանի քաղաքացիների։
Էդիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, թոշակառու.-ՙԴժվար է դա բացատրել։ Ես ընկեր ունեմ, ով 70-ն անց է արդեն։ Եվ ահա նա վերջերս ասաց, որ տարեցտարի սկսել է կամաց-կամաց հասկանալ` Զատիկն ինչ է։ Բայց դա այնքան էլ հեշտ չի ստացվում՚։ Նրան ընդհատում է մեկ այլ թոշակառու` ՙՊետք է շատ բարի գործեր անել։ Տոներ շատ ունենք, գործերն են քիչ՚։
Հատկապես ուրախալի է, որ այսօր երիտասարդությունն է ակտիվություն ցուցաբերում այս հարցում՝ այցելելով եկեղեցիներ ու սրբավայրեր։ Իսկ հավատավոր երիտասարդություն նշանակում է ամուր ընտանիք, և որպես հետևանք՝ ամուր պետություն։ Բայց որքանո՞վ են նրանք հասկանում տոնի իմաստը։ Մոտենում եմ մի խումբ աղջիկների, ովքեր ակտիվորեն ինչ-որ բան են քննարկում։
-Աղջիկնե՜ր, կներեք, իսկ ի՞նչ է ձեզ համար նշանակում Զատիկը,-հարցնում եմ։ Նրանք քմծիծաղ են տալիս, այս ու այն կողմ նայում, և նրանցից ամենահամարձակը պատասխանում է՝ դա այն տոնն է, երբ ձու են ներկում, տարբեր թխվածքներ պատրաստում և եկեղեցի գնում։
-Իսկ ինչի՞ համար,-փորձում եմ պարզել։
-Դե, -տատանվում են աղջիկները։ -Որպեսզի մեզ մոտ ամեն ինչ լավ լինի։
Փոքր-ինչ հիասթափված պատասխանից, մոտենում եմ մի խումբ երիտասարդների, հարցնում եմ` իսկ ձեզ համար ինչ է Զատիկը։ ՙԴա քրիստոնեական մեծ տոն է, Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տոներից մեկը,- իրար ընդհատելով պատասխանում են նրանք։ - Քրիստոս հարություն առավ մեռելներից և մեզ հավիտենական կյանք շնորհեց։ Այդ օրը պարտադիր պետք է այցելել եկեղեցի, մոմ վառել, աղոթել և Աստծուց մեղքերի թողություն խնդրել։ Իսկ տանը, իհարկե, պետք է լինեն ներկված ձվեր, պարտադիր` կարմիր, քանի որ կարմիր ներկված ձուն այն բանի խորհուրդն է, որ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյան գնով՚։
Նույն հարցով դիմում եմ աշխատանքի շտապող մի կնոջ. ՙՃշգրիտ ասել չեմ կարող, հավանաբար, դա ավելի բարվոք ապագայի հավատն է։ Ինձ համար Քրիստոսի ամենակարևոր պատվիրանը մերձավորին սիրելն է։ Շատ կուզենայի, որ մարդիկ քիչ ավելի բարի լինեին իրար հանդեպ՚,-պատասխանում է նա։
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ.-ՙՔրիստոսի հարությունն ամենալավ ու լուսավոր տոնն է, դա մեր հավատքի հիմքն է։ Իր հարությամբ Տերը պարգևեց մեզ հավիտենական կյանք, Նրա շնորհով ազատագրվում ենք բազմաթիվ մեղքերից և վերջապես մաքրվում։ Քրիստոս խաչվեց մեր մեղքերի համար, բայց հարություն առավ և նոր կյանք պարգևեց մեզ։
Ամեն տարի այդ օրն ընտանիքով այցելում ենք եկեղեցի, ավանդույթի համաձայն` տանը ճաշի սեղանի շուրջ աղոթում ենք և շնորհակալություն հայտնում Աստծուն՝ այդպիսով մեր երեխաներին սովորեցնելով տոնի ճշմարիտ իմաստը՚։
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ.- ՙԵրբ Հիսուսը թաղվեց, երրորդ օրը գերեզման եկան Մարիամ Մագդաղենացին և մյուս յուղաբեր կանայք, բայց գերեզմանը դատարկ գտան, նրանց առջև նստած էր հրեշտակը, որն ասաց` Հիսուսը, որին փնտրում եք, հարություն առավ։ Ուրախացած կանայք շտապեցին վերադառնալ ու բոլորին հաղորդել այդ բարի լուրը։ Նրանք լցված էին ուրախությամբ ու հույսով։ Նման ուրախությամբ ու հույսով եմ լցվում նաև ես։ Չէ՞ որ Քրիստոս մեռավ մեզ համար, իր մահով քավելով մեր մեղքերը, այնուհետև հարություն առավ և նոր կյանք պարգևեց մեզ։ Իր հարությամբ Հիսուս Քրիստոս մաքրեց ինձ մեղքերից և մոտեցրեց իրեն, և ինձ համար դա ամենամեծ ավետիսն է, ամենամեծ ուրախությունը։ Հավատացյալի համար Քրիստոսի հարությունը հարատև ուրախության, անվախճան ցնծության աղբյուր է, որն իր գագաթնակետին է հասնում Սուրբ Զատկի տոնին՚։
Դժբախտաբար, շատերը դեռևս չեն հասկանում այդ մեծ տոնի հոգևոր իմաստը։ Ինչպես ասել էր ծանոթներիցս մեկը` չնայած իմ ունեցած երկու բարձրագույն կրթությանը, կրոնի հարցերում վատիկ եմ։ Եվ դա միանգամայն բացատրելի է. 70 տարիների ընթացքում խորհրդային իշխանությունները համառորեն զբաղվում էին կրոնի վերացմամբ` փորձելով փոխարինել այն համատարած աթեիզմով։ Կոմունիստական ռեժիմը բռնագրավում էր եկեղեցական ունեցվածքը, ծաղրում կրոնը, հալածում հավատացյալներին և դպրոցներում աթեիզմ սերմանում։ Բայց, փա՛ռք Տիրոջը, ժամանակները փոխվեցին, և այժմ մենք, թող որ դանդաղ, բայց հավատարմորեն վերադառնում ենք մեր հոգևոր ակունքներին։
Շուտով Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է՝ Զատիկը, ինչը, ինչպես նշեցի, նշանակում է մեղքերից ազատագրում և դարձ առ Աստված։ Հենց դարձ, և թեկուզ այդ դարձի ճանապարհին դեռ որոշ սխալներ ենք թույլ տալիս, բայց ձգտում ենք հասկանալ այդ տոնի իրական իմաստը, իսկ ամենակարևորը՝ գիտակցել և ընդունել այն ողջ հոգով։