comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Վալերիա Օլյունինա

 Քրիստոնեական աշխարհը սգում է Փարիզի խորհրդանիշներից մեկի` Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի ու դրա հետևանքների կապակցությամբ: Տաճարն անվանում են ֆրանսիական մայրաքաղաքի ՙսիրտը՚: Հայերն իրենց ցավակցությունն են հայտնում ֆրանսիացի ժողովրդին: Novostink կայքը ներկայացրել է հետաքրքիր փաստեր, որոնք խոսում են այդ բազիլիկի հետ հայերի ունեցած հոգևոր ու մշակութային կապի մասին: 

2017թ. Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի: Այդ մասին երկու տարի առաջ լրագրողներին պատմել էր հայկական ծագմամբ ֆրանսիացի օպերային երգիչ Ադամ Բարրոն: Պատարագին հրավիրված էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում և ծագումով հայ, ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեժյանը, ով իր գործունեությամբ նպաստում էր Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքական շրջանակների միջև կապերի ամրապնդմանը: Պատարագին հնչեց Կոմիտասի և Չիլինգիրյանի երաժշտությունը: Մեծն Կոմիտասն ապրել էր Փարիզում, որտեղ 1906թ. դասախոսություններ էր կարդացել, քաղաքում տեղադրված է նրա հուշարձանը:
Փարիզի Աստվածամոր տաճարի հանրաճանաչությունն աճեց Վիկտոր Հյուգոյի համանուն պատմավեպի շնորհիվ: Ստեղծագործության հերոսներից մեկին` Վալուաների դինաստիայից Լյուդովիկոս XI-ին բուժում էին ՙհայկական բոլյուսով՚ կամ ՙհայկական քարով՚: Դա կաոլինն է` սպիտակ կավաքարը, որն իր մեջ պարունակող երկաթի օքսիդների պատճառով ունի կարմրաշագանակագույն գունավորում, օգտագործվում է գեղանկարչության մեջ շագանակագույն երանգներ ստանալու համար: Bolus armenica-ի մասին տեղեկություններ է հաղորդում նաև Վլադիմիր Դալի բառարանը, մասնավորապես, նշվում է, որ հնում այն օգտագործվում էր բժշկական նպատակներով:
Հայկական ծագում ունեցող երգիչների մի ամբողջ համաստեղություն է մասնակցել ՙՓարիզի Աստվածամոր տաճարը՚ (կոմպոզիտոր` Ռիկարդո Կաչանտե) մյուզիքլում: Լավագույն երաժշտական Էսմերալդա է ճանաչվել Էլեն Սեգարան, երգչուհու մայրը հայուհի է` Թերեզա Կասպարյան, աշխատում էր հարկային վարչությունում: Թագավորական հետևակի կապիտան Ֆեբա դե Շատոպերի դերում Պատրիկ Ֆյորին էր, ով ծնվել էր հայի և կորսիկուհու ընտանիքում: Հայրը, Պատրիկի խոստովանմամբ, սիրում էր երգել` հակառակ իր ՙսարսափելի՚ ձայնին, իսկ նրա անվանի որդին մանկուց զբաղվում էր երաժշտությամբ և լսում Շառլ Ազնավուրի երգերը:
Չնայած նրան, որ կանադացի երգիչ Գարուի(Պիեռ Գարանյան` մյուզիքլում Կվազիմոդոյի դերում) պաշտոնական կենսագրության մեջ չի հիշատակվում նրա հայկական ծագումը, ԶԼՄ-ներում հաճախ են գրում նրա հայկական արմատների, նրա տատի մասին, ով Պիեռին սովորեցրել է խոսել մայրենի լեզվով: Հատկանշական է, որ Գարուն հրաշալի կատարում է Ազնավուրի լեգենդար ՙԲոհեմ՚ երգը:
Բոլորի կողմից սիրվեց նաև ՙLe temps des cathedrales՚ երգը` դարձյալ հայկական ծագում ունեցող ուկրաինացի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանի կատարմամբ:


Novostink