comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱՐՑԱԽԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐՈՒՄ Է...՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐՈՒՄ Է...՚

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 Զմմառի վանք տանող ոլորապտույտ ճանապարհն անցնում է Լիբանանի հովանավոր՝ Հարիսայի Աստվածամոր հոյակերտ կոթողի կողքով՝ առավել իմաստալից դարձնելով օրվա հանդիպումը: 

Վանքը հիմնադրվել է 1749 թվականին՝ Բեյրութից երեսուն կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Քեսրուանի լեռան լանջին, հանդիսանում է Հայ կաթողիկե եկեղեցու Զմմառի պատրիարքական միաբանության աթոռանիստը: Մեր այցելության պահին ընդարձակ բակում միջօրեի անդորրն էր թագավորում: Եվ այդ խոսուն լռությունն էլ հնարավորություն տվեց վերանալ երկիր մոլորակի աղմուկից ու ներքին մի ուժով ընկալել հարուստ պատմական անցյալ ու լիարժեք գործող ներկա ունեցող հայկական այս հաստատության պատմությունը: Երկհարկանի շինությունն ամբողջանում է վեհարանով, Սուրբ Ցավագին Տիրամոր մատուռով, Սուրբ Աստվածածին եկեղեցով, թանգարանով, մատենադարանով և հարակից այլ կառույցներով:
Հայերիս հետքն այս տարածաշրջանում նախևառաջ հիշատակվում է հռոմեացի պատմիչների գործերում:Համաձայն այդ տեղեկությունների, մեր նախնիները դեռևս մ.թ.ա. 4-3 դդ. արդեն հասել էին Միջերկրականի արևելյան ափերը՝ տեղի շուկաներում վաճառելով Հայաստանի գինին ու որդան կարմիրը:Հայտնի է նաև, որ Տիգրան Մեծը բազմաթիվ հայերի է վերաբնակեցրել Փյունիկիայում: Իսկ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո ստվարացել են մեր հայրենակիցների շարքերը, որոնցից էլ կազմավորվել են առանձին համայնքներ: Ունենալով կրոնական հանդուրժողականության դարավոր ավանդույթներ, Լիբանանը 19-րդ դարի սկզբին հյուրընկալեց Կոստանդնուպոլսում և Թուրքիայի տարբեր հատվածներում հալածանքներից մազապուրծ հայերին:Դրան պետք էր հաջորդեր Մեծ եղեռնը, և այս անգամ էլ գեհենից հրաշքով փրկված հազարավոր հայերի համար Լիբանանը դարձավ փրկության հանգրվան:
…18-րդ դարակեսին պոլսահայ կյանքում սաստկացած կրոնադավանաբանական վեճերն աստիճանաբար հանգեցնում են եղբայրատյաց հալածանքների ու կռիվների: Հայ կաթոլիկ համայնքի առաջնորդներից Աբրահամ արքեպիսկոպոս Արծիվյանը, որպեսզի դադարեցնի այդ եղբայրասպան աղետը, նախաձեռնում է առանձին պատրիարքով անկախ նվիրապետություն ունենալ:1741-ին Հալեպում կայացած հավաքում Արծիվյանն ընտրվում է կաթողիկե հայերի կաթողիկոս-պատրիարք (որպես աթոռանիստ է ընտրվում խաղաղ ու առանձնացյալ Զմմառի բարձունքը): Եվ 1749-ին նրա կոնդակով սկսվում է այս վանքի կառուցումը: Սակայն հենց նույն տարում նա մահանում է, այդպես էլ չտեսնելով իր մտահղացման իրականացումը: Մեզ ուղեկցող հայր Մովսեսը (միաբանության քարտուղարը)տեղեկացնում է, որ միաբանության հիմնադիրին հաջորդած պատրիարքներից յուրաքանչյուրն զգալի ավանդ ունի միաբանության ընդարձակման ու գործունեության աշխուժացման գործում:Նա առանձանահատուկ շեշտում է Գրիգոր Պետրոս պատրիարքի (կարդինալ Աղաջանյան) անունը՝ մեջբերելով նրա խոսքը.ՙԶմմառու վանքը մշտամրմունջ աղոթք մըն է երկինք բարձրացող՝ նախնյաց հոգիով և լեզվով՚:
Երկրորդ հարկը հետո է ավելացել, իսկ դրանից առաջ 1750-1751 թվականներին կառուցվել են վանքի առաջին խցերը, վեհարանը, մատուռը, Սուրբ Աստվածածին եկեղեցին,1791-ին` Ժառանգավորաց վարժարանի երկհարկանի շենքը: Ավագ խորանին Տիրամոր Վերափոխման մեծադիր կտավն է (1780 թ., նկարիչ՝ Պիետրո Լաբրոցցի):
Աղոթարանի հյուսիսային և հարավային պատերին Գրիգոր Լուսավորչին ու Հովսեփին նվիրված խորաններն են:1901-ին կառուցվել է վանքի զանգակատունը,1908-ին՝ մեծ դահլիճը:
Կաթողիկե պատրարքների ուղարկած միաբան-վարդապետների մասնակցությամբ են Արևմտյան Հայաստանում հիմնադրվել եկեղեցիներ, դպրեվանքեր, դպրոցներ և այլ ազգապահպան կառույցներ: Իհարկե, այս ամենը` մեծագույն դժվարությամբ: Թուրքերի կազմակերպած եղեռնը հիմնահատակ արեց նաև Հայ կաթողիկե եկեղեցու՝ Արևմտյան Հայաստանում հիմնադրած բոլոր կառույցները: Մեծ եղեռնի ժամանակ նահատակվել է վանքի 15 միաբան:
Մինչև 20-րդ դարի 80-ական թվականները վանական համալիրում իրականացվել են և՜ նոր կառույցների շինարարություն, և վերանորոգչական աշխատանքներ: 1945-ին Սուրբ Աստվածածին եկեղեցին նկարազարդել է հայ անվանի նկարիչ Հարություն Կալենցը:
Հայր Մովսեսը հպարտությամբ նշում է, որ Զմմառի եկեղեցին հայտնի է նաև Տիրամոր սրբապատկերով: Շատ հրաշքներ կան կապված նրա անվան հետ, որոնք վերաբերում են թե՜ վանական կյանքին և թե՜ հավատացյալներին: Լիբանանցիները շատ լավ գիտեն այդ ամենի մասին, և այստեղ այցելուների պակաս երբեք չի լինում:
Տիրամոր սրբապատկերի հրաշքները շարունակվում են հիվանդների բուժմամբ: Անկախ ազգությունից՝ նրա զորությանը հավատացողինն է հրաշքը՝ ասում է հայր Տոնանյանը:
Նա նաև պատմեց, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ, Լիբանանում եղած թուրքական զորամասի ասկյարները եկել էին վանքը թալանելու: Թուրք գնդապետը վանք հասնելուն պես բռնվել է սուր փորացավով: Նրան օղի են տվել, և խմելուց հետո նա վանքում քնել է մինչև երեկո: Արթնացել և աննշան բաներ վերցնելուց հետո՝ հեռացել իր զինվորներով: Դրանից ժամանակ առաջ վանքի միաբանները ձեռագիր մատյաններն ու գանձերը թաքցրել էին այլ վայրում՝ զգուշանալով նման վտանգներից: Բայցևայնպես, թաքստոցում խոնավությունից վնասվել են շատ արժեքավոր մատյաններ: Վանահոր խոսքով` աշխատանքներ են տարվել ձեռագրերը փրկելու ուղղությամբ:
Խոսելով Լիբանանի հայ համայնքի կյանքում Զմմառի ունեցած դերի մասին` մեր զրուցակիցը նշեց, որ այս վանքի միջոցով լավագույնս են ճանաչվել հայերը, տեղացիները կարողացան ավելի լավ գնահատել իրենց: Վանքի միաբաններն իրենց սրբակենցաղ վարքով հայի անունը բարձր են պահել: Զմմառի վանքն ապաստանել է Կիլիկիայից տարագիր 400 որբի, սատարել Լիբանանում հաստատված հայ գաղթականներին, ասում է հայր Մովսեսը:
Իր կարիքները հոգալու համար վանքը ժամանակին ձեռք է բերել կալվածքներ, 1810 թվականից առայսօր ունի համբավավոր գինու արտադրություն:
Այսօր հյուրերին հարուստ ցուցանմուշներով է ներկայանում թանգարան դարձած՝ 1749-ին կառուցված եկեղեցին: Նեղլիկ միջանցքն իրարից բաժանում է նույնքան նեղլիկ սրահն ու վանահայրերի խցերը:
Ցուցադրանքի մաս են կազմում տարբեր երկրների ղեկավարների կողմից հայ պատրիարքներին շնորհված շքանշանները, կաթողիկոսական կնիքները, եպիսկոպոսական գավազանները, իտալացի գեղանկարիչների յուղաներկ կտավներ, վանական կյանքին վերաբերող կարևոր փաստաթղթեր, գորգեր, կենցաղային հետաքրքիր պարագաներ:
Վանք-թանգարանում պահպանվում են Սուրբ Ստեփանոսի, Հովհաննես Մկրտչի,Գրիգոր Լուսավորչի, Սուրբ խաչափայտի մասունքներից: Թանկ ու նվիրական է ապակյա մասնատուփի մեջ պահվող փուշը Տիրոջ չարչարանյաց պսակից: Այստեղ է պահվում 1600 թվականին պատրաստված փղոսկրե խաչը՝ Հռոմի պապի նվերը՝ Աբրահամ Արծիվյանին: Սուրբ խաչափայտի մասունքն ավագ ուրբաթ հանվում է, և դրանով է կատարվում հավատացյալների օրհնությունը:
Հիրավի, ցուցանմուշներից յուրաքանչյուրն ունի իր ուշագրավ պատմությունը: Մեր ուշադրությունը գրաված փոքրիկ նախշազարդ տուփը պատկանում էր Լիբանանում հայտնի արաբ իշխան Ամիրբաշիրի կնոջը՝ քրդուհի Ջիհան իշխանուհուն: Հայ պատրիարքների հետ ունեցած բարեկամությունն այս կնոջը դեպի քրիստոնեություն էր բերել: Եվ քրիստոնեություն ընդունելուց հետո նա հաճախ էր այստեղ գալիս խոստովանության և այնքան շատ էր վստահում միաբանության առաջնորդներին, որ նույնիսկ իր գանձերն էր այս վանքում պահում: Իշխանուհու նամակներն այսօր վանքի մատենադարանի հետաքրքիր ցուցանմուշներից են:
Վանքի ձեռագրերի պահոցում կան շատ հնատիպ գրքեր: Ըստ մասնագետների՝ ՙԶմմառյան հավաքածուն կարևորության տեսակետից երրորդն է՝ Երևանից ու Վենետիկից հետո և առանձնանում է իր տաղարանների ու բժշկարանների ճոխությամբ՚:
Մեր զրույցի վերջին ակորդը վերաբերվում էր Արցախին: Հայր Մովսես Տոնանյանն իր խոսքն ավարտում է այսպես.ՙՈղջ հայությանը ցանկանում եմ հաղթանակ, նաև` Արցախին կատարյալ անկախություն ու բարգավաճ կյանք: Արցախը միշտ մեր աղոթքներում է…՚:

Ստեփանակերտ-Երևան-Բեյրութ-Ստեփանակերտ