comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՊՐԵԼ՝ ԱՊՐԻԼՈՒՄ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ ՀԻՇԵԼՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐԵԼ՝ ԱՊՐԻԼՈՒՄ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ ՀԻՇԵԼՈՎ

Նորայր Հովսեփյան

 Սեպտեմբերի 15-ին Շուշիի սուրբ Ղազանչեցոց տաճարում մեծ մկրտություն է կազմակերպվել: Մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները, պատերազմից հետո ծնված եւ տղաների անունը կրող փոքրիկները:

Կնքահայրերն էլ ապրիլյան պատերազմի մասնակիցներն են՝ շարքայինից գնդապետ: Բոլորն էլ իրենց պարտքն են համարում զոհված մարտընկերների ընտանիքների կողքին լինելը: Վստահ են, նոր, հոգեւոր կապը, առավել քան նպատակին է ծառայելու՝ դառնալով նաեւ տասնամյակներ ձգվող բարեկամության հիմքը:
Ապրել՝ չմոռանալով նրանց, ովքեր մնացին ապրիլում: Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության հռչակած նպատակն է: Ում ճակատագիրը խնայել է մարտի դաշտում, իր պարտքն է համարում զոհված մարտընկերոջ ընտանիքի կողքին լինելը: ՙՈրեւէ բան չկա, որ կարող է նրանց հուշերից վերացնել այդ ցավը: Բայց մենք կարող ենք թեթեւացնել այդ ցավը՝ լինելով նրանց կողքին: Իրենց երեխաների թիկունքին կարող է լինել ապրիլյանի մասնակիցը՝ որպես քավոր, տղաների երեխաները, հարազատները՝ սանիկ՚,- ասում է Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամ Շուլի Հակոբյանը: Հենց այդպես էլ միությունում հասունացավ գաղափարը, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցները դառնան նույն պատերազմում զոհված հերոսների հարազատների, պատերազմից հետո ծնված եւ տղաների անունը կրող փոքրիկների կնքահայրերը: Ռուբեն Մխիթարյանն ու ընկերներն էլ օգնեցին գաղափարը գործի վերածել: ՙԵս ու ընկերներս ուղղակի մեկ անգամ էլ ցույց տվեցինք, Հայոց բանակը, պաշտպանության բանակը, ընկած տղաներին պետք է հիշել ոչ թե առիթից առիթ, այլ ամեն օր՚,- բազմաթիվ օրերի չարչարանքը կարճ է բանաձեւում նախաձեռնության կազմակերպիչ Ռուբեն Մխիթարյանը: Արդյունքը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մարդաշատ հրապարակն է: Ռոբերտ Աբաջյանի պապը կնքահայր չէ, բայց որոշել է անպայման ներկա լինել փոքրիկ Ռոբերտների մկրտությանը: Փոքրիկ Ռոբերտներից մեկը Քաշաթաղի շրջանից է: Երիտասարդ մայրը խոստովանում է՝ իր 7-րդ երեխայի անունը որոշել էր այն ժամանակ, երբ դեռ բժիշկները չէին ասել՝ տղա կծնվի՞, թե՞ աղջիկ: ՙԵրազիս եմ տեսել: Ինչը ճիշտ է՝ էդպես եմ որոշել: Ամուսինս ասաց՝ ինչ գիտես, թող ծնվի՝ հետո: Ասացի՝ ես արդեն գիտեմ՚,- պատմում է Արեւիկ Գրիգորյանը:
Իսկ գնդապետ Սահակյանի գրկին զոհված մարտական ընկերոջ՝ Դավիթ Գասպարյանի դուստրն է: ՙՄարիանան իմ գեղեցկուհին է, ու ես քավոր եմ կանգնելու իրեն ու մինչեւ մեր գեղեցկուհին ամուսնանա՝ բոլոր միջոցառումներին էլ պարտադիր մասնակցություն կունենամ՚,- վստահեցնում է պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը: Պատմությունները շատ են: Ղազանչեցոցի բակը լի է հյուրերով ու նրանց պատմություններով: Բայց արդեն տաճար մտնելու ժամն է: 40 կնքահայրերը, 90 սանիկների եւ նրանց ընտանիքների անդամների հետ Ղազանչեցոց են մտնում, որտեղ արդեն ամեն ինչ պատրաստ է պատասխանատու արարողության համար: Մեծ կնունքին նաեւ նախագահ Բակո Սահակյանն է մասնակցել՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: Նրանցից շատերը նախկին ազատամարտիկներ են, 1990-ականների պատերազմի ու Ապրիլյան պատերազմի մասնակիցներ:
Տաճարը, որ որպես կանոն լուռ ու խորհրդավոր է լինում, լցվել է փոքրիկ Ռոբերտների, Արմենակների, Տիգրանների ճիչ ու ծիծաղով: Այսպես նոր պատմություններ են ծնվում, բարեկամական նոր կապեր ամրանում: Արցախի թեմակալ առաջնորդն օրվա տոնական տրամադրությունը բնական է համարում: Մարդկանց միավորողը պարզապես կորստի ցավը չէ, այլ այդ ցավը միասին հաղթահարելու ձգտումը: ՙՄկրտեցինք, խաչը կախեցինք հենց խաչվերացի տոնին, որ կրկնակի ուժեղ լինի եւ իրենք էլ դառնան հայրենիքի հզոր պաշտպան՚,- օրվա խորհուրդն է ամբողջացնում Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ավարտին բոլորին էր անակնկալ սպասում: Քավոր սանիկներին ու հյուրերին Ղազանչեցոցի բակում շուշեցի փոքրիկներն են դիմավորել՝ ամբողջական դարձնելով օրվա ուրախությունը: