ՍՈՒՐԲ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ
Հայ ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ ջերմությամբ ու երախտիքով է տոնել և պանծացրել մեր Սուրբ Թարգմանիչ վարդապետների հիշատակը, որոնց նվիրված երկու տոն է սահմանել Հայաստանյայց Եկեղեցին:
Առաջինը կոչվում է ՙՍրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ՚ և նշվում է հունիսի 11-ից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում (այս տարի հուլիսի 11-ին): Այդ օրը համարվում է Ս.Սահակի և Ս.Մեսրոպի հանդիպման օրը Ռահ գետի ափին: Տոնի օրը բազմաթիվ ուխտավորներ մեկնում են Օշական` երկրպագելու և խունկ ծխելու երանաշնորհ վարդապետ Ս. Մեսրոպ Մաշտոցի շիրիմի վրա: Երկրորդը, որ կոչվում է ՙՍրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոց` Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դավթի Անյաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսիսի Կլաեցւոյն՚, նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում (այս տարի հոկտեմբերի 12-ին) և հիշատակումն է հայոց գրերի գյուտի և Սուրբ Գրքի թարգմանությամբ սկսված ՙԹարգմանչաց շարժման՚:
Թերևս աշխարհի քիչ ժողովուրդներ իրենց եկեղեցական տոնացույցում ունեն այսպիսի մի տոն, որում գերազանցապես շեշտված են թե’ հոգևոր և թե’ ազգային գերագույն իրողություններ: Տոնի խորհուրդը լավագույնս ընբռնելու համար մենք պետք է հետադարձ հայացք նետենք պատմական այն շրջանին, երբ հայ ժողովուրդն իր բազմադարյա ընթացքի մեջ վերստին կանգնել էր ձուլման վտանգի և լինել-չլինելու խնդրի առջև: Մինչև 5-րդ դար հայոց դպրոցներում ուսուցումը կատարվում էր հունարեն և ասորերեն լեզուներով: Քրիստոնեության ընդունումից հետո հունական և ասորական ազդեցություններն էլ ավելի ուժեղացան, քանի որ թե’ Սուրբ Գրքի պատգամների մատուցումը և թե’ եկեղեցու ծիսական արարողակարգերը կատարվում էին այդ լեզուներով: Դրությունը ծանրացնում էր նաև Հայաստանի բաժանված լինելը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Պետական անկախության կորուստը, երկրի երկատվածությունը, սեփական գրի ու գրականության բացակայությունը մեր ժողովրդին սպառնում էր ուծացմամբ և վերացմամբ: Այս վտանգը խորապես գիտակցում էին թե’ հայոց Վռամշապուհ արքան և թե’ Սահակ Պարթև հայրապետը, ովքեր ձեռնամուխ էին եղել այդ ծանր վիճակից ելք որոնելու: Երկար դեգերումներից ու որոնումներից հետո, ի վերջո, Մեսրոպ Մաշտոցի միջոցով մեր ազգին շնորհվեց հայոց գիրը, որը դարձավ աշխարհի կործանարար հեղեղներից մեզ պաշտպանող պատվար և մեր անմահության անխախտ գրավական:
Գրերի գյուտից անմիջապես հետո Ս.Սահակն ու Ս.Մեսրոպը մի խումբ աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Սուրբ Գրքի հայերեն թարգմանությանը, որը տևում է շուրջ 30 տարի: Թարգմանությունը նախ կատարվեց ասորական Պեշիտտա (Պեշիթո) բնագրից, այնուհետև Աստվածաշնչի հնագույն` հունարեն Յոթանասնից (Սեպտուագինտա) թարգմանությունից: Իր լեզվի մաքրության, ոճի հստակության, գեղարվեստական արտահայտիչ պատկերավորության և թարգմանական մտքի ճշգրտության շնորհիվ այս թարգմանությունն օտար գիտնականների կողմից անվանվեց ՙԹագուհի թարգմանությանց՚:
Սուրբ Գրքի թարգմանության շնորհիվ Աստծո խոսքը մեր ժողովրդի համար դարձավ հարազատ ու մատչելի, Աստված սկսեց հայերեն խոսել հայի հետ` վառ պահելով հայի հոգում Լուսավորչի անմար կանթեղի լույսը: Հայի համար միս ու արյուն դարձավ քրիստոնեությունը, հանուն որի արդեն մեկուկես դար հետո նա դուրս եկավ Ավարայր:
Աստվածաշնչի թարգմանությունից հետո Ս.Սահակն ու Ս.Մեսրոպը ծավալեցին քարոզչական լայն գործունեություն, ամենուր բացեցին հայալեզու դպրոցներ, հայացրին մեր Եկեղեցու ծեսը և հիմքը դրեցին մեր ծիսական մատյանների (Ժամագիրք, Շարական, Տոնացույց և այլն), սահմանեցին զանազան կանոններ և օրենքներ: Նրանք ստղծեցին թարգմանիչների մի ամբողջ բանակ, որոնց գործունեությամբ սկիզբ առավ հայ թարգմանական և ինքնուրույն գրական ժառանգությունը, սկսվեցին քննվել իմաստասիրության, բնագիտության, պատմության, մարդկային հոգու և տիեզերքի խորքերը: Ծաղկեց քրիստոսաշունչ մշակույթը, թրծվեց հայի ինքնությունն ու դիմագիծը:
Ս.Սահակի և Ս.Մեսրոպի ցանած հողում ծլեցին ու փթթեցին այնպիսի սերմեր, ինչպիսիք էին Կորյունն ու Եղիշեն, Եզնիկ Կողբացին ու Դավիթ Անհաղթը, Մովսես Խորենացին ու Ղազար Փարպեցին, Գրիգոր Նարեկացին ու Ներսես Կլայեցին (Շնորհալի) և շատ ուրիշներ: Նրանց բորբոքած հրով վառված` իմացյալ մահով անմահանալու գնացին Վարդանանք և Վահանյանք, Սարդարապատի և Արցախյան գոյապայքարի հերոսները: Այսօր էլ բազմաթիվ հայորդիներ, բարձր պահելով սրբազան թարգմանիչների վառած ջահը` առաջնորդում են մեր ժողովրդին դեպի լույս և ճշմարտություն, դեպի անմահության անխախտ ուղին:
Տ. Ներսես քահանա ԱՍՐՅԱՆ
Հայ Առաքելական Եկեղեցու
Արցախի թեմի Տեղեկատվական
համակարգի տնօրեն