[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ. ՏՈՆ ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ԳԱԼՍՏԵԱՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ Ի ՏԱՃԱՐՆ

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և Ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Այս մասին հիշատակում է Ս. Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը:
Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ: