Logo
Print this page

Ծաղկազարդ

Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս մասին պատմում են բոլոր չորս Ավետարանիչները (Մատթեոս 21:1-11, Մարկոս 11:1-11, Ղուկաս 19:28-40, Հովհաննես 12:12-19):

 Քրիստոս Իր աշակերտների ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Երուսաղեմ քաղաք: Այս անգամ Նա ցանկացավ Երուսաղեմ գնալ առանձնահատուկ հանդիսավորությամբ: Մոտենալով Երուսաղեմին՝ Քրիստոս մոտակա Բեթփագե (այժմ՝ Էլ Պիար) փոքրիկ գյուղ ուղարկեց աշակերտներից երկուսին և պատվիրեց այնտեղից ավանակ բերել, որի վրա ոչ ոք դեռ չէր նստել: Աշակերտները ճշտորեն կատարեցին Փրկչի կամքը և Տերը ճանապարհ ընկավ Երուսաղեմ՝ ավանակին նստած: Քաղաքի բնակիչները դիմավորեցին Հիսուսին, ինչպես վայել է Արքային ու Փրկչին, քանի որ ձգտում էին տեսնել Նրա մեջ այն առաջնորդին, որը կազատագրեր նրանց հռոմեացիների գերիշխանությունից: Ժողովուրդը, ընդառաջ գալով, փռում էին Քրիստոսի առաջ իրենց հագուստներն ու արմավենու և ձիթենու ճյուղերը՝ շարունակ օրհնաբանելով. «Օվսաննա՜, օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով, Իսրայելի թագավորը» (Հովհաննես 12:13): Բայց Հիսուս գնում էր ոչ թե երկրային թագավոր հռչակվելու, այլ որպեսզի տառապանք կրի ու մեռնի բոլոր ազգությունների համար և մեղքից ու մահից ազատի ու վեր բարձրացնի մարդուն:

Շփոթվածությունը ամբողջովին պատեց փարիսեցիներին ու քահանայապետներին: Ժողովրդի սիրո այսպիսի բուռն արտահայտություն չէին սպասում: Նրանք, լսելով օրհաբանությունները, վրդովված ասացին Քրիստոսին. «Վարդապե՛տ, սաստի՛ր աշակերտներիդ, որ լռեն»: Իսկ Հիսուս պատասխանեց նրանց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերը կաղաղակեն» (Ղուկաս 19:39-40):

Իսկ Հիսուս փառքի մեջ անայլայլ և անտարբեր, մտավ տաճար և մաքրեց տաճարը լումայափոխներից և աղավնավաճառներից, ժողովրդին հասկացնելով, որ տաճարը Աստծո տունն է և պիտի լինի միայն աղոթքի տուն:

Հիսուս միշտ հետիոտն էր ճամփորդում: Ավետարաններում բոլորովին չի ակնարկում, որ Քրիստոս երբեմն ձի կամ ավանակ գործածած լինի, ուստի ավանակի վրա նստած մտնելը Երուսաղեմ, համարվում էր Նրա ողջ կյանքում իբրև նորօրինակ հանդիսավորություն: Ավանակի վրա նստելու հանգամանքը խոնարհության ու ժողովրդականության, նաև խաղաղասիրության (Զաքարիա 9:9-10) արտահայտություն է, ճանապարհին հագուստներ փռելը՝ վարդապետին պատիվ մատուցելու եղանակ: Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու՝ դա նշանակում է մերկանալ մեղքի հանդերձից և խոստովանությամբ այն տարածել Տիրոջ ոտքերի տակ, որ նա տրորելով ջնջի այն ու ճշմարիտ ճանապարհ ցույց տա: Ինչպես նաև այն խորհրդանշում է Հիսուսին երկրպագելը: Արմավենու ճյուղերը մեր ընծաներն են մեր Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Ձիթենու և արմավենու դալար ոստերը ցույց են տալիս Քրիստոսի Աստվածությունն ու Թագավորությունը, որովհետև ձիթենին ողորմությունն է խորհրդանշում, իսկ արմավենին, որը բարձր է՝ բարձունքներից Տիրոջ գալուստը:

Ըստ Մատթեոսի՝ Քրիստոս պատվիրում է, որ բերեն էշը և քուռակը, «որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. «Ասացեք Սիոնի դստերը, ահա գալիս է քո թագավորը՝ հեզ և նստած է էշի ու էշի քուռակի վրա»: Սբ. Գրիգոր Տաթևացու մեկնաբանությամբ էշը խորհրդանշում է հրեաներին, քուռակը՝ հեթանոսներին: Մյուս երեք Ավետարաններում քուռակը չի հիշատակվում:

Ծաղկազարդի նախորդ երեկոյան նշվում է Ղազարոսի հարության (Հովհաննես 11:1-44) հիշատակը՝ որպես օրինակ համընդհանուր հարության ու փրկագործության: Այդ օրը՝ երեկոյան, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, քանի որ Ծաղկազարդին բաց Պատարագ է մատուցվում՝ ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի: Հաջորդ օրը, ժամերգությունից, հանդիսավոր Անդաստանից հետո մատուցվում է Սբ. Պատարագ:

Անդաստանի ընթացքում օրհնվում են ուռենու ոստերը և բաժանվում ժողովրդին, որը արմավենու կամ ձիթենու կանաչ ոստերով Տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու հիշատակությունն է: Ուռենու ոստերի փափկությունը խորհրդանշում է, որ Քրիստոսին հետևողները պետք է լինեն խոնարհ ու հեզ:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնը հայտարարվել է որպես երեխաների օրհնության օր:

Ծաղկազարդին հաջորդում է Ավագ շաբաթը, ուր հիշվում են մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերի տնօրինությունները:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.