[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍՏԾՈՒՆԸ՝ ԱՍՏԾՈՒՆ, ԿԱՅՍՐԻՆԸ՝ ԿԱՅՍՐԻՆ

Սոֆի Բաբայան

 Պանդեմիայի պատճառով փակվելով տանը, որոշ հոգեկերտվածքով մարդիկ ապաշխարելու, իրենց նախկին սխալներից հետ կանգնելու փոխարեն, ավելի են չարացել: Համացանցի շնորհիվ  դա ավելի ակնառու է դրսևորվում:

 Մեկն  անկողնում տգիտություն  մտահղանալով, անմիջապես ներկայացնում է  աշխարհին: Այսօր բոլորը գիտեն, թե ով ինչքան գումար ունի, որտեղ և ինչպես է ծախսում, ում է օգնում, այստեղից էլ ծագում է մի ուրիշ վրդովմունք. ինչու նրան և ոչ այս մեկին, կամ ինչու ոչ  բոլորին: Նման անհեթեթ մտքերով հեղեղվել է համացանցը։ Սա էլ մի տեսակ ՛՛գյուղամեջ՛՛ է դարձել, որտեղ, լույսը բացվելուն պես, բոլորս հավաքվում ենք՝ տեսնելու ինչ կա-չկա: Եվ, ցավալին այն է, որ ոչ թե բարի գրառումներն են ուշադրություն գրավում, այլ ագրեսիվ, ատելությամբ լցվածները: Բնականաբար, չարախոսները ակտիվ պայքարում են բարեգործների, հաջողակ մարդկանց, հոգևորների ու, ընդհանրապես, անվնաս մարդկանց դեմ: Եկեղեցի են կառուցում կամ վերանորոգում՝ բողոքում  են. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»: /Մատթեոս 26:8/

Մոմ ես գնում, ասում են՝ ավելի լավ է այդ փողը աղքատներին տրվի, տոն օրերին ծաղիկ ես տանում եկեղեցի, էլի  դժգոհում են, իբր՝ ՛՛մտահոգվելով՛՛ աղքատների մասին: Մինչդեռ նման հոգեկերտվածքով մարդիկ սովորաբար հակված չեն օգնելու աղքատներին, եթե անգամ մի լումա են նվիրաբերում, ապա դա անում են ցուցադրաբար, թմբկահարելով ամենուր: Միով բանիվ՝  տժվժիկի պատմություն:

Տանելի կլիներ, եթե անհավատներն ու հեթանոսները միայն պայքարեին եկեղեցու և հավատացյալների դեմ, բայց որ դա անում են նաև այլ դավանաբանական հավատացյալներ, մեղմ ասած, անընդունելի է: Այս մարդիկ սիրում են ամեն ինչում վկայակոչել Աստվածաշունչը, իբր թե այն գերազանց գիտեն: Այս կարգի մարդկանց համար խնդրո առարկան պարզաբանենք Աստծվածաշնչյան մի քանի պատմությամբ:

«Դաւիթը ջուր խմելու ցանկութիւն ունեցաւ եւ ասաց. «Ո՞վ ինձ Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորի ջրից ջուր կը բերի, որ խմեմ»: Այլազգիների գնդերը Բեթղեհէմում էին: Երեք զօրավարները ճեղքեցին այլազգիների բանակը, ջուր հանեցին Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորից, առան ու եկան Դաւթի մօտ: Նա չուզեց խմել այն, այլ նուիրեց Տիրոջը: Նա ասաց. «Քա՛ւ լիցի ինձ, ո՜վ Տէր, որ այդ բանն անեմ: Մի՞թէ ես կը խմեմ իրենց կեանքը վտանգող մարդկանց արիւնը»: Եւ նա չուզեց խմել այն: /Երկրորդ Թագավորաց 23:15-17/ Ասացեք խնդրեմ, մի՞թե տրամաբանական էր Դավիթ թագավորի արածը: Հուդայի հոգեկերտվածքով մարդկանց համար՝ ոչ, բայց ոչ՝ Աստծո:

Հիշենք մեկ այլ դրվագ հին կտակարանից:

Երբ Եղիսե մարգարեն, ԱՍՏԾՈ իմաստությամբ բժշկեց Ասորիների զօրքի հրամանատար Նեեմանին,  սա ընծա առաջարկեց, բայց մարգարեն մերժեց: /Չորրորդ Թագավորաց 5:1-19/  Ինչու՞ մերժեց, կասեինք շատերս, եթե իրեն պետք չէր, շատ աղքատներ կային Իսրայելում, գոնե վերցներ ու նրանց բաժաներ:

Հիշենք ԱՍՏԾՈ Ուխտի Տապանակի, Սողոմոնի տաճարի շինարարությունները, ինչպիսի թանկարժեք նյութեր են օգտագործվել և մարդիկ որքան զոհաբերություններ են արել: Մի՞թե  Աստված մերժեց դրանք ասելով՝ տարեք տվեք աղքատներին, Ինձ պետք չէ:

Գանք նոր ուխտին:

Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել: Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»: /Մատթեոս 26:6-9/

Ի՞նչ ասաց Հիսուս, կռահելով նրանց չար մտքերը: «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ»: /Մատթ.26:10-11/

Նմանատիպ պատմությունները քիչ չեն Աստվածաշնչում, ուղղակի պետք է ցանկանանք ու կարողանանք տարբերել ողորմությունը Աստծուն փառաբանելուց ու օրհներգելուց: Մեր մոմերը, ծաղիկներն ու նման բաները, իրականում, Աստծուն պետք չեն, բայց դա անում ենք մեր սրտի ցնծությունն ու շնորհակալությունը Նրան մատուցելու համար:

Եկեղեցիներ կառուցվում ու վերանորոգվում են Սուրբ Հոգու դրդմամբ: Ի վերջո, ոմանք այսկերպ են փորձում ապաշխարել իրենց մեղքերից, ինչու՞ խանգարել՝ շնորհակալ լինելու փոխարեն: Ինչու՞ ենք մեզ իրավունք վերապահում հաշվելու այդ մարդկանց գումարները, մի՞թե նրանք իրավասու չեն տնօրինելու դրանք ինչպես կամենան: Մի՞թե պետք է յուրաքանչյուրից թույլտվություն խնդրեն:

Կյանքից ու ամենքից դժգոհներն էլ, եթե այս յուրահատուկ ժամանակաշրջանը օգտագործելով, փորձեն դուրս գալ մյուսների վարքը քննելու շրջանակներից և փորձեն ապրել նոր, ավելի բարի կյանքով, պանդեմիան էլ աննկատ կանցնի, իրենք էլ կշահեն իրենց հոգիները:

Ի վերջո, Տիրոջ խոսքի համաձայն, ԱՍՏԾՈՒՆԸ տանք ԱՍՏԾՈՒՆ, կայսրինը՝ կայսրին, ողորմությունն էլ՝ աղքատներին: