ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

Ամանորի նախաշեմին Արցախի մարտարվեստների ասոցիացիան Ստեփանակերտի ՙՆադեժդա՚ հանդիսությունների սրահում կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում պարգևատրվել են 2018թ. լավագույն 10 մարզիկները, խրախուսվել մարզիչները և ասոցիացիայի հովանավորները։

 Ասոցիացիան ընդգրկում է մուայ թայ և խառը մենամարտեր (MMA) մարզաձևերը։ Արցախի մարտարվեստների ասոցիացիայի և ԱՀ խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանի պարզաբանմամբ՝ նշյալ մարզաձևերով պարապում է շուրջ 220 մարզիկ։ Բացի Ստեփանակերտից, ասոցիացիան մարզական պարապմունքներ է անցկացնում Քարվաճառում և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում։ Նախատեսվում են նշյալ մարզաձևերից խմբեր ձևավորել նաև Հադրութում, Ասկերանում և Շուշիում։ 

Ամփոփելով 2018 թվականի մարզական տարին` Գ. Աղաբալյանն ասոցիացիայի անունից պարգևատրեց 10 լավագույն մարզիկների, որոնցից 6-ը խառը մենամարտերից (MMA) են՝ Թաթուլ Ավագյան, Վասակ Բարսեղյան, Մարատ Բարսեղյան, Դավիթ Քոչարյան, Լևոն Ծատրյան, Մռավ Միքայելյան և 4-ը մուայ թայ մարզաձևից՝ Արման Գալստյան, Անտոնիո Քոչարյան, Ռազմիկ Գրիգորյան, Դավիթ Հայրապետյան։ Առանձնացնելով տարվա կարևոր հաղթանակները` ասոցիացիայի նախագահը նշեց, որ Մուայ թայի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում տարբեր քաշային կարգերում Արման Գալստյանը և Ռազմիկ Գրիգորյանը նվաճել են 3-րդ տեղերը։ Խառը մենամարտերի (MMA) Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Թաթուլ Ավագյանը գրավել է 3-րդ տեղը, իսկ Սանկտ Պետերբուրգում կայացած նշյալ մարզաձևի երիտասարդների աշխարհի առաջնությունում Մարատ Բարսեղյանը զբաղեցրել են 2-րդ, իսկ Դավիթ Քոչարյանը՝ 3-րդ տեղերը։
Գ. Աղաբալյանի խոսքով՝ ասոցիացիան նպատակ ունի էլ ավելի զարգացնել նշյալ մարզաձևերը, դրանք դարձնել մասսայական և արցախցի մարզիկներին հնարավորություն տալ գրանցել լուրջ հաջողություններ ու ըստ արժանվույն ներկայացնել երկիրը միջազգային հարթակներում։ Իսկ 2019-ին բոլոր մարզիկներին մաղթեց նորանոր հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ` խաղաղ երկնքի տակ։


Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

Last modified onՈւրբաթ, 11 Հունվարի 2019 15:18