comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 ԱՀ ծանրամարտի ասոցիացիայի հրավերով փետրվարի 18-28-ը Ստեփանակերտում պարապմունքներ է անցկացնում ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ ԱՎԴԱԼՅԱՆԸ։ Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի մարզադահլիճում կազմակերպվող պարապմունքներն ընթանում են հետաքրքիր ձևաչափով, որովհետև արցախցի մարզիկներին մարզաձևի ժամանակակից տեխնիկայի նրբություններն ու հնարքներն է ցուցադրում պրոֆեսիոնալ ծանրորդուհին։ ԱՀ ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանի պարզաբանմամբ՝ այսուհետ Արցախում պարբերաբար մարզումներ կանցկացնեն ծանրամարտի պրոֆեսիոնալ մարզիկներ։ Առաջիկայում նախատեսվում է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանի 5-օրյա այցը։

Արցախում ծանրամարտով պարապում է շուրջ 30 մարզիկ։ Մարզումներն անց են կացվում Ստեփանակերտում և Շուշիում։ Ա. Շիրինյանի խոսքով՝ պրոֆեսիոնալ ծանրորդների կողմից անցկացվող պարապմունքները երեխաներին առաջին հերթին ոգեշնչում են, որովհետև Եվրոպայի և աշխարհի մեդալակիրների հետ պարապելու և մարզվելու շնորհիվ բավականին փորձ ու տեխնիկական նրբություններ են ձեռք բերում։
ՀՀ-ից ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ ունեցած զրույցում տեղեկացանք, որ արցախցի մարզիկներն ունեն բավականին լայն կարողություններ ծանրամարտում լուրջ հաջողություններ արձանագրելու համար։ Բոլոր մարզիկներն էլ ցանկություն ունեն հասնել առավելագույն արդյունքների։ Նրա կարծիքով՝ արցախցի երեխաների հետ հեշտ է աշխատելը, նրանք շատ ընդունակ են, ընկալում են առաջադրանքները, ունեն հեռանկար։ Ընդհանրապես, Հայաստանում թիմային մարզաձևերը դժվարությամբ են զարգանում, բայց անհատականում արդյունքներն ակներև են, ուստի անհրաժեշտ է զարգացնել անհատական մարզաձևերը և մեր երկիրն արժանավայել ներկայացնել աշխարհին։ Հայ ծանրորդուհին կարևորեց միջազգային մակարդակով սահմանված ծանրամարտի փոփոխված կանոններին հետևելն ու առաջնորդվելը: Անդրադառնալով ծանրամարտով զբաղվողների վիճակագրությանը` մեր զրուցակիցը նշեց, որ աշխարհի տարբեր երկրներում նշյալ մարզաձևով զբաղվում են շատ մարզիկներ. առաջատար մի շարք երկրներ միջազգային մրցաշարերում ներկայացնում են շուրջ 100 ծանրորդի, սակայն նրանցից միայն 3-4 հոգի են ծանրակշիռ արդյունքներ գրանցում, իսկ ՀՀ¬ից ներկայացված 10 մարզիկից 8-ը պարտադիր շոշափելի արդյունքներ է արձանագրում։ ՙՆպատակս է Արցախում ծանրամարտը զարգացնել. հայերս գենետիկորեն ոչ միայն ֆիզիկապես, այլև մեր կամային որակներով ենք շատ ուժեղ, ինչի արդյունքում անհատական մարզաձևերում, հատկապես ծանրամարտում, կարող ենք գրանցել բարձր ցուցանիշներ։ Ճիշտ է, Արցախում ծանրորդուհիներ դեռ չկան, բայց հուսով եմ, որ աղջիկներն էլ ցանկություն կհայտնեն այս մարզաձևով զբաղվել՚,¬ ասաց իմ զրուցակիցը։
ՀՀ¬ում ծանրամարտի ասպարեզում հատկապես կարևոր դերակատարում ունի Գյումրիի ծանրամարտի դպրոցը, որտեղ էլ մարզվել է Ն. Ավդալյանը։ Նա հույս հայտնեց, որ Արցախում էլ կստեղծվեն ծանրամարտի խմբեր, դպրոցներ, կլինեն մարզադահլիճներ, հատուկ գույք և ֆինանսական աջակցություն` մարզաձևը զարգացնելու համար։ Ընդհանրապես, ծանրամարտով պետք է զբաղվել 9-10 տարեկանից սկսած, սակայն ավելի լուրջ մարզումներն սկսվում են 12-13 տարեկանից հետո։ Ավելի վաղ տարիքում մասնագետները խորհուրդ չեն տալիս պարապել այդ մարզաձևով։ Ծանրամարտով պարապողները համարյա ամեն օր հաճախում են մարզադահլիճ և մարզվում 1,5-2 ժամ։ Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ սպորտով զբաղվող երեխաների կամային որակներն ավելի լավ են զարգանում ու, քանի որ հայ ազգը ֆիզիկապես ուժեղ է, ուստի անհրաժեշտ է այդ ուժը սպորտի մեջ ևս ներդնել և դրանով ներկայանալ աշխարհին։ ՙՏարիների ընթացքում համոզվել եմ, որ մենք ավելի հեշտությամբ ենք ծանրամարտում առաջ գնում, քան, ասենք, Չինաստանի նման երկրները։ Ներկայումս Չինաստանն ունի 7-8 մլն ծանրորդ, որոնցից 2-2,5 միլիոնը կանայք են։ Նրանցից 3-7 մարզիկ են ներկայացնում աշխարհի մրցաշարերին։ Հայաստանում պրոֆեսիոնալ ծանրամարտով պարապում է 20-25 հոգի, և նրանցից ընտրվում է 7 մարզիկ, ու բոլորն էլ դառնում են մեդալակիրներ։ Այսպես, Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում եղել են դեպքեր, երբ ՀՀ¬ն զբաղեցրել է 1-ին և 2-րդ տեղերը, ու դա փոքր հաջողություն չէ։ Մինչդեռ մի շարք երկրներ ունեն հրաշալի մարզադահլիճներ, պարապելու հիանալի պայմաններ, գույք ու շատ մարզիկներ, սակայն արդյունքներ չեն գրանցում՚,¬ նշեց Ն. Ավդալյանը։
Ներկա դրությամբ ՀՀ¬ում ծանրամարտով պարապում է շուրջ 70 կին։ Միևնույն ժամանակ, ՀՀ¬ից միջազգային տարբեր մրցաշարերի ներկայանում է 5 ծանրորդուհի, ովքեր էլ միշտ վերադառնում են մեդալներով։ Ինչ վերաբերում է աղջիկների` ծանրամարտով զբաղվելու դժվարություններին, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ սպորտի բոլոր բնագավառներում էլ դժվարություններ լինում են, սակայն եթե ուզում ես հաջողությունների հասնել, պետք է առկա բոլոր խնդիրներն էլ հաղթահարել։ Ն.Ավդալյանը ծանրամարտով սկսել է զբաղվել 18-19 տարեկանից, բավականին ուշ, քան ընդունված է մարզվել այդ մարզաձևով, սակայն հետևողական պարապմունքների և մարզաձևը սիրելու շնորհիվ, աստիճանաբար տիրապետեց տեխնիկական նրբություններին և արձանագրեց բարձր արդյունքներ։ Ու 2009թ. Ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվեց չեմպիոն։ Հայ ծանրորդուհին ավտովթարի հետևանքով երկար ժամանակ չէր կարողանում մարզվել, բայց ապաքինվելուց հետո մեծ սպորտ վերադարձավ 2015թ.-ին։ Սակայն առողջական խնդիրների և ընտանեկան հանգամանքների բերումով այլևս չի շարունակի մնալ մեծ սպորտում, բայց կմնա որպես մարզիչ և իր տարիների փորձն ու հմտությունները կփոխանցի նոր սերնդին։
Կարևորելով սպորտում կամային որակների դերը, Ն. Ավդալյանը նշեց, որ Արցախում ևս պետք է զարգանա կանանց ծանրամարտը։ ՙՃիշտ է, շատ ծնողներ արգելում են իրենց աղջիկներին նման մարզաձևով զբաղվել, ինչպես և մայրս էր ընդդիմացել, բայց կարող եմ հավաստիացնել, որ բոլոր մարզաձևերում էլ կարող են լինել բարդություններ, սակայն գրագետ և ճիշտ պարապելու դեպքում կարելի է անվնաս հասնել հաջողությունների։ Ես համամիտ չեմ այն կարծիքին, որ ծանրամարտը կոպտացնում է կնոջը, նա կարող է երկու ժամ պարապել մարզադահլիճում, բայց հետո զբաղվել իր սիրած զբաղմունքով, իսկ աթլետիկ գեղեցիկ կազմվածքն անհետանում է սպորտը թողնելուց մի քանի ամիս հետո՚,¬հավելեց ծանրորդուհին։ Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ արցախցի աղջիկներից շատերը կսկսեն պարապել ծանրամարտով, Արցախն էլ այս մարզաձևով կկարողանա արժանավայել ներկայանալ աշխարհին։

 

 

 

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 22 Փետրվարի 2019 15:04