comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽԸ ՀՀ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱԹԵՐՔԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԹԻՄԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ՀՀ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱԹԵՐՔԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԹԻՄԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ավարտվեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից անցկացվող՝ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի հանրապետական առաջնությունը, որին մայրաքաղաքից և շրջաններից մասնակցեց 9 թիմ` յուրաքանչյուրում երեք տղա, մեկ աղջիկ:

Մրցաշարն անցկացվեց Ստեփանակերտի հանրապետական մանկապատանեկան շախմատի դպրոցում` ՖԻԴԵԻ շվեյցարական մրցակարգով: Ծավալված երկօրյա պայքարում թիմային հաշվարկով հաղթող ճանաչվեց Մարտակերտի շրջանը ներկայացնող Հաթերքի միջնակարգ դպրոցի թիմը, որն էլ կներկայացնի Արցախը օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում: Երկրորդ հորիզոնականում է Ստեփանակերտի հ. 9 հիմնական դպրոցի թիմը: Հավասար միավորներ ունենալով` գործակցի առավելությամբ մրցանակային եռյակը եզրափակեց Մարտունու հ. 2 հիմնական դպրոցի թիմը: Անհատական հաշվարկով տղաների մեջ լավագույնը ճանաչվեց Հաթերքից Սևակ Մանուկյանը, աղջիկներից` Քաշաթաղի շրջանի Գողթանիկի միջնակարգ դպրոցից Մարիամ Խաչատրյանը:
ԱՀ ԿԳՍՆ շախմատի գծով տեսուչ Բեհբուդ Մելքումյանի գնահատմամբ` տարեցտարի մեծանում է պատանի շախմատիստների արհեստավարժությունը խաղի կանոններին տիրապետելու առումով, սակայն անելիքներ շատ ունեն Հայաստանում արժանվույնս ներկայանալու համար:
Հաղթող թիմին գավաթ, մրցանակային տեղեր գրաված թիմերի անդամներին ու մարզիչներին, լավագույն խաղացողներին համապատասխան մեդալ, պատվոգիր և դրամական պարգև հանձնեցին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը և Շախմատի ֆեդերացիայի նախագահ Վարդգես Բաղրյանը:
Նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին` նշելով, որ նրանք արդեն հաղթող են, քանի որ հասել են հանրապետական փուլ: ՙՇախմատին տիրապետել` նշանակում է ունենալ ճկուն, ստեղծագործական, տրամաբանող միտք, ինչը կօգնի ձեզ կյանքում ճիշտ կողմնորոշվելու և դյուրությամբ հաղթահարելու մարտահրավերները՚,-ասաց նա: Նախարարը վստահություն հայտնեց, որ նրանցից շատերի անունները դեռ կլսվեն տարբեր հաղթանակներում: ՙՄենք ունենք այդ ներուժը, պարզապես պետք է ջանք գործադրեք և ձեզ համար պայմաններ ստեղծեք, որպեսզի կարողանաք ավելի լավ զարգանալ և առաջընթաց ապահովել՚: Նա հավաստիացրեց, որ ֆեդերացիայի հետ մեկտեղ, բարերարների աջակցությամբ ու պետական միջոցներով կփորձեն ավելի լավ հնարավորություններ ստեղծել շախմատի դպրոցի և պատանի շախմատիստների համար:
Մասնակիցներին ողջունեց Շախմատի ֆեդերացիայի նախագահ Վարդգես Բաղրյանը: Նա ուրախությամբ փաստեց, որ գնալով շախմատը մեր հանրապետությունում երիտասարդանում է. վերջին տարիներին հանրապետական մրցաշարի մասնակիցների թվում լինում են նաև դպրոցականներ:
Ներկաները Հաթերքի թիմին մաղթեցին հաջողություն Երևանում հաջողությամբ հանդես գալու համար:
Շախմատի դպրոցի տնօրեն Հակոբ Ավագյանից տեղեկացանք, որ ապրիլի 13-23-ը Երևանում անցկացվում է տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնություն, որին Արցախից մասնակցում են դպրոցի սաներ Մանե Ադամյանը (ք. Ստեփանակերտ) և Ալեքս Մանուկյանը (գ. Հաթերք), որոնք կիսաեզրափակչում են:

 

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 18 Ապրիլի 2019 12:20