comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ CONIFA-Ի ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ CONIFA-Ի ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻՆ

 

 

 

ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ

 

Արցախում կայանալիք Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա՝ CONIFA -2019 Եվրոպայի առաջնության խաղերի թիմերի դիմավորումն ու տոնական միջոցառումները մեկնարկել են մայիսի 30-ին։ ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձանի մոտ Արցախի մշակութային խմբերն իրենց երգ ու պարով, զուռնա դհոլով, աղ ու հացով դիմավորեցին առաջին թիմին՝ Աբխազիայի ֆուտբոլային հավաքականին։ Նրանց ողջունեցին և օրհնանքներ մաղթեցին Արցախի Այան ու Ապան։
Ընդհանուր առմամբ՝ CONIFA-ի առաջնության մասնակցության վերջնական հավաստագիր է ուղարկել 7 թիմ, որոնք էլ առաջիկա երկու օրերի ընթացքում կժամանեն Ստեփանակերտ։ Հունիսի 1-9-ը, Արցախի թիմի հետ միասին, հանրապետության 4 մարզադաշտերում կխաղա 8 թիմ։
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի պարզաբանմամբ՝ Արցախում մեկնարկել են CONIFA-ի թիմերի դիմավորման արարողությունները, տոնախմբությունները, և տոնական տրամադրության շունչն արդեն զգացվեց Աբխազիայի հավաքականի մարզիկների ընդունելությամբ։
Հունիսի 1-ին կկայանա CONIFA-ի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ օրը կմեկնարկեն խաղերը, որոնք կցուցադրվեն նաև օնլայն տարբերակով։ ՙԱմբողջությամբ պատրաստ ենք առաջնության մեկնարկին, հստակեցված են բոլոր թիմերի խաղերի ժամանակացույցերը։ Հունիսի 2-ին, ժամը՝ 18.30-ին Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում կկայանա առաջին խաղն Արցախի և Սամպիի թիմերի միջև։ Իսկ առաջիկա երկու օրերին կդիմավորենք մյուս բոլոր թիմերին և հյուրերին՚,-նշեց Ա. Դանիելյանը։
Աբխազիայի թիմի ձախ պաշտպան Չանդա Դաուրը` առաջին անգամ լինելով Արցախում, բավականին տպավորված է մեր խաղաղ երկրի բնությամբ, մարդկանց ջերմ ընդունելությամբ։ ՙՄարտական տրամադրությամբ մտադիր ենք հաղթել և, հուսով ենք, ամեն ինչ կընթանա ըստ ծրագրի: Իհարկե, մենք լսել ենք ու գիտենք, որ Արցախն անցել է պատերազմի բովով, և այսօր էլ հանգիստ չէ իրավիճակը, սակայն, մենք` որպես Աբխազիայի քաղաքացիներ, ովքեր նույնպես անցել են նման դժվարին ուղիով, չենք երկնչել այցելել Արցախ և ֆուտբոլային խաղ ցուցադրել այսքան հաճելի միջավայրում, գեղեցիկ երկրում։ Մեր առաջին տպավորությունը գերազանց է, և ականատես ենք խաղաղ այս երկրում առանց ագրեսիայի ընթացող միջոցառումների մեկնարկին՚,-հավելեց Չ. Դաուրը։
Մրցավարական խմբից (Աբխազիա) Բեսլան Աջինդիսալը տեղեկացրեց, որ ինքն առաջին անգամ է Արցախում, սակայն իրենց հավաքականն արդեն եղել ու խաղացել է տեղի մարզադաշտում։ Նա հույս հայտնեց, որ հյուրասեր ու բարյացակամ Արցախում կկազմակերպվի մեծ տոնախմբություն, իսկ առաջնության թիմերին մաղթեց արդար մրցակցություն, դրական հույզեր, լավ ու տպավորիչ հիշողություններ։
Նույն օրը` ավելի ուշ, դիմավորեցին Հարավային Օսիայի հավաքականին, իսկ առաջիկա օրերին կդիմավորեն Սեկեի, Պադանիայի, Չամերիայի և մյուս հավաքականներին։

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 30 Մայիսի 2019 17:19