comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՎԱՐՏՎԵՑ CONIFA-2019 ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱՐՏՎԵՑ CONIFA-2019 ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼԸ

ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ

 CONIFA-2019 Եվրոպայի առաջնության Ա և Բ ֆուտբոլային թիմերի խաղերի 3-րդ փուլն ավարտվեց հունիսի 4-ին։ Սպորտային մեկնաբան Արմեն Գարամյանն ու առաջնության կազմակերպման PR և մարքեթինգի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը նույն օրը ԶԼՄ¬ներին ներկայացրին խաղերի արդյունքները։ 

Մարտունու մարզադաշտում կայացած Արցախ¬Աբխազիա մրցապայքարն ավարտվեց 1։1 հաշվով։ Ա. Գարամյանի մեկնաբանմամբ՝ այս խաղի ընթացքում Արցախի հավաքականին անհրաժեշտ էր 3 և ավելի գոլեր վաստակել, որպեսզի ապահովեր կիսաեզրափակչում խաղալու տեղը։ Սկզբից Արցախի հավաքականը լավ սկսեց հանդիպումը, նետվեց գրոհների և կարող էր բացել խաղի հաշիվը։ Բայց Վադիմ Հայրիյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Գրոհներից մեկի արդյունքում աբխազներն, օգտվելով Արցախի հավաքականի պաշտպան Արամ Կոստանդյանի սխալից, բացեցին խաղի հաշիվը։ Մնացած ժամանակահատվածում արցախցիներն անընդհատ գրոհում էին, չնայած այն բանին, որ երեք օր անընդմեջ մրցապայքարի մեջ էին, և առաջին խաղակեսի վերջում Նորիկ Մկրտչյանը գնդակն ուղարկեց հակառակորդի դարպաս՝ հավասարեցնելով հաշիվը։ Երկրորդ խաղակեսում Արցախի հավաքականը փորձում էր գոնե հաղթանակ կորզել, սակայն այդպես էլ չստացվեց, և խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Արդյունքում Արցախի հավաքականը կորցրեց կիսաեզրափակչում պայքարելու իրավունքը։ Արցախցիները 5-րդ հորիզոնականի համար կպայքարեն հունիսի 6-ին՝ Սեկեյ Լանդ թիմի հետ։
Իր հերթին Հ. Բարսեղյանը ներկայացրեց մյուս թիմերի արդյունքները։ Մարտակերտի մարզադաշտում կայացած Չամերիա¬Սապմի մրցապայքարն այդ օրվա խաղերի ընթացքում արձանագրած ամենագոլառատն էր՝ 4։0` հօգուտ Չամերիայի։ Առաջին խաղակեսի 5-րդ րոպեին Չամերիայի հավաքականը գրանցեց առաջին գոլը, այնուհետև` երկրորդ, երրորդ և խաղի 78-րդ րոպեին 4-րդ գնդակն ուղարկեց Սապմիի դարպաս։ Խաղի ընթացքում մրցավարը ցույց տվեց նաև դեղին քարտ։ Անդրադառնալով Բ խմբի թիմերի խաղերին` Հ. Բարսեղյանը տեղեկացրեց, որ Ասկերանի մարզադաշտում կայացած Հարավային Օսիա¬Սեկեյ Լանդ խաղի ընթացքում նույնպես դեղին քարտեր են տրվել. խաղն ավարտվել է 2։2 հաշվով։
Ստեփանակերտի մարզադաշտում ավելի ուշ վերջացած Արևմտյան Հայաստան¬Պադանիա խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Ա. Գարամյանի պարզաբանմամբ՝ ոչ-ոքի հաշիվը բավարարեց, որ Արևմտյան Հայաստանն անցնի կիսաեզրափակիչ։ Սպորտային մեկնաբանը խաղը բավականին հետաքրքիր որակեց։
Առաջնության երրորդ փուլի արդյունքներով՝ Ա խմբի թիմերից Աբխազիան ունի 7 միավոր, Չամերիան՝ 6, Արցախը՝ 4 և Սապմիի թիմը՝ 0 միավոր։ Իսկ Բ խմբից՝ Հարավային Օսիան վաստակել է 7 միավոր, Արևմտյան Հայաստանը՝ 4, Պադանիան՝ 4 և Սեկեյ Լանդի հավաքականը՝ 1 միավոր։ Այսպիսով՝ հունիսի 6-ին Ստեփանակերտի մարզադաշտում կայանալիք կիսաեզրափակչում կմրցեն Աբխազիա և Արևմտյան Հայաստան թիմերը, իսկ Ասկերանի խաղադաշտում կպայքարեն Հարավային Օսիա և Չամերիա հավաքականները։ Այնուհետև կկայանան որակավորման խաղեր՝ Արցախ¬Սեկեյ Լանդ և Պադանիա¬Սապմի թիմերի միջև։ Այս հավաքականները կխաղան միմյանց հետ 5-րդ և 6-րդ տեղերի համար, պարտվողները, բնականաբար, կզբաղեցնեն 7-րդ և 8-րդ տեղերը։

* * *
ՄԻ ՓՈՔՐ ԱՆԴՐԱԴԱՐՁ CONIFA-Ի ՄԱՍՆԱԿԻՑ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Անդրադառնալով CONIFA-2019 Եվրոպայի առաջնության մասնակից թիմերին ու նրանց երկրներին, նշենք, որ նախապես հայտագրվել էր 12 թիմ, սակայն առաջնությունից մոտ 10 օր առաջ Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Լուգանսկի և Սարդինիայի հավաքականները հրաժարվեցին մասնակցել Արցախում կայանալիք այս առաջնությանը՝ պատճառաբանելով քաղաքական և որոշ ֆինանսական խնդիրների առկայությունը։ Առաջնությանը վերջնականապես հայտագրված 8 թիմերը բաշխվել են 2 խմբերի՝ համաձայն Կրակովում CONIFA-ի ամենամյա ընդհանուր ժողովի շրջանակներում կայացած վիճակահանության։ Յուրաքանչյուր խմբից 1-ին և 2-րդ տեղեր զբաղեցրած թիմերը կանցնեն քառորդ եզրափակիչ։
Նշենք, որ Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը ստեղծվել է 2012 թվականին, և 2014-ին մասնակցել է Չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը (12 հավաքականների մասնակցությամբ)՝ զբաղեցնելով 9-րդ տեղը։ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սփյուռքահայերից ձևավորված թիմ է, որի կառավարման մարմինը ստեղծվել է 2015թ.-ին և նույն տարում էլ անդամակցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային։
Աբխազիայի հավաքականը դե ֆակտո ներկայացնում է Սև ծովի արևելյան հատվածում տեղակայված Աբխազիայի Հանրապետությունը։ Որպես անկախ պետություն` հռչակվել է 1994թ., և 2008թ. Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև տեղի ունեցած ռազմական հակամարտությունից հետո ճանաչվել է Ռուսաստանի և 5 այլ պետությունների կողմից, սակայն Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ի մնացած երկրները Աբխազիան համարում են Վրաստանի անբաժանելի մասը։ Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծվել է 2007թ.։
Հարավային Օսիայի (2017թ. նաև Ալանիայի Պետություն) հավաքականը ներկայացնում է Հարավային Կովկասում գտնվող Հարավային Օսիա տարածքը (Վրաստանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում)։ Այն ճանաչել են ՌԴ-ն, Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրին։ Հարավային Օսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծվել է 1997թ., և CONIFA-ի 2014թ. աշխարհի առաջնությունում նվաճել է 4-րդ տեղը։
Չամերիայի հավաքականը ներկայացնում է ժամանակակից Ալբանիայի Հարավային և Հունաստանի հյուսիս-արևմտյան շրջանը։ Թիմը CONIFA-ին միացել է 2018թ. գարնանը։ Այս երկրի ազգային հավաքականի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները հանդես են գալիս Ալբանիայի բարձրագույն լիգայում։
Պադանիայի հավաքականը ներկայացնում է Իտալիայի հյուսիսային շրջաններում տարածվող լոմբարդական, վենետիկյան, պիեմոնտական և հյուսիս-իտալական այլ լեզուներով խոսող մարդկանց։ Անվանումն առաջացել է հյուսիս-իտալական ամենահայտնի Պոյ (Padus) գետի լատիներեն անվանումից։ 1998թ. ստեղծվեց Պադանիա ազգային ֆուտբոլային թիմը։
Իսկ Հյուսիսային Եվրոպայում տեղակայված Սապմիի տարածաշրջանն էլ ներկայացնում է իր հավաքականը։ Սապմին (Լապլանդիա) երբեք չի եղել միավորված պետական կազմավորում, այն բաժանված է Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև։ Սապմիի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2014թ.՝ հանդիսանալով 2003թ. ստեղծված Սապմիի ֆուտբոլի հավաքականի իրավահաջորդը։
Սեկեյ մարզը Ռումինիայում գտնվող ինքնավար տարածք է, որի ֆուտբոլային հավաքականն էլ ստեղծվել է 2014թ.-ին։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 05 Հունիսի 2019 17:06