ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՍԵՄԻՆԱՐ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
ՀՀ և ԱՀ մուայթայի ֆեդերացիաների առաջարկով և համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի մարզադահլիճում սեմինար-պարապմունքներ անցկացրեց մուայթայի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ISKA interkontinental գոտու տիրակալ, MIX FIGHT 42 մրցաշարի հաղթող, պրոֆեսիոնալ ռինգում 22 հաղթանակ գրանցած Ալբերտ Ամիրջանյանը։ Պրոֆեսիոնալ մարզիկի կողմից անցկացրած սեմինար-պարապմունքներին մասնակցել է Ստեփանակերտի, Շուշիի, Ասկերանի և Այգեստանի մուայթայի խմբերի շուրջ 100 մարզիկ։
Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանի պարզաբանմամբ՝ նման սեմինարների նպատակն է տեղի մարզիկներին փոխանցել մարզաձևի տեխնիկական նոր հնարքները, պրոֆեսիոնալ մարզիկի փորձը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում նախանշել հետագա ծրագրերի իրականացումը։ Ծննդով ստեփանակերտցի Ա. Ամիրջանյանն իր ուսումնամարզական հավաքները հիմնականում անց է կացնում Թայլանդում, և տարիների իր փորձն անշուշտ օգտակար կլինի Արցախի մարզիկներին։ ՀՀ մուայթայի ֆեդերացիայի հավաքականի պրոֆեսիոնալ մարզիկն արդեն երկրորդ անգամ է Արցախում անցկացնում սեմինար-պարապմունքներ, և տեղի մարզիկները հուսով են, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա։
Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահի հավաստմամբ՝ առաջիկայում նախատեսում են Ստեփանակերտում կրկին կազմակերպել ուսումնամարզական հավաքներ աշխարհի ու եվրոպայի առաջնություններում հաղթանակներ նվաճած մարզիկների ներգրավմամբ։ Ամենայն հավանականությամբ` հերթական սեմինար-մարզումները կանցկացվեն օգոստոսին։ Այսօրինակ պարապմունքները արցախցիներին հնարավորություն են ընձեռում անընդհատ կատարելագործվել մարզարվեստում, տիրապետել տեխնիկական նոր հնարքների, ինչպես նաև վարել առողջ ապրելակերպ։