Վիճակագրական տվյալներ






![]() | Այսօր | 520 |
![]() | Երեկ | 1245 |
![]() | Շաբաթվա ընթացքում | 5630 |
![]() | Անցյալ շաբաթ | 7976 |
![]() | Ամսվա ընթացքում | 27023 |
![]() | Անցյալ ամիս | 32355 |
![]() | Բոլոր օրերը | 485091 |
| ԱՐԹՆԱՑՈՒՄ |
|
|
| 29.01.2013 10:45 |
|
2013 թվականը լիովին մտել է իր իրավունքների մեջ։ Ինչպես հայտնի է, ԼՂՀ-ում այն կանցնի Ղարաբաղյան շարժման նշանաբանով, որի 25-ամյակն ամբողջ ժողովրդով կնշվի փետրվարին։ Քառորդ դար առաջ, 1988 թվականի փետրվարի 20-ին, տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց որոշում՝ միջնորդել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առաջ՝ մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ մտցնելու մասին։ Միաժամանակ նստաշրջանը դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ մտցնելու հարցը դրականորեն լուծելու մասին։ Այդ հիրավի բախտորոշ որոշումը, որը դարձավ ժողովրդական շարժման գագաթնակետը, գործնականում հանդիսացավ ժողովրդի կամարարտահայտության իրավաբանական ամրապնդումը, քանզի հիմնվել էր այդ հարցի առթիվ ԽՍՀՄ բարձրագույն իշխանությանը ԼՂԻՄ բնակչության զանգվածային դիմումների վրա։
Հայտնի է, որ նստաշրջանի գումարմանը նախորդել էին Խորհրդային Միության ղեկավարության հասցեով կոլեկտիվ դիմումների տակ տասնյակ հազարավոր ստորագրահավաքները։ Մարզային խորհրդի որոշումը փաստորեն նոր փուլ նշանավորեց Ղարաբաղյան շարժման մեջ։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ այդ իրադարձությունը երևույթ դարձավ նաեւ ԽՍՀՄ հասարակական-քաղաքական կյանքում, քանզի նրա պատմության մեջ առաջին անգամ պառլամենտական, ժողովրդավարական ուղիով ընդունվել է որոշում, որը հիմնվել է հիրավի ժողովրդական կամարտահայտության վրա, և ոչ թե վերևից իջեցվել ՙխորհրդային պառլամենտարիզմի՚ լավագույն ավանդույթներով։
Հանուն անկողմնակալության պետք է խոստովանել, որ անցած հարյուրամյակի 80-ական թվականների վերջին հայ ժողովրդի ազգային զարթոնքը եղել է ԽՍՀՄ նոր ղեկավար Միխայիլ Գորբաչովի կողմից հռչակված՝ հրապարակայնության և վերակառուցման քաղաքականության արդյունքը։ Հանրահայտ է , որ Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ որպես այդպիսին, փաստորեն ծնունդ է առել 1921 թվականի հուլիսին երկրամասը բռնի կերպով, Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնության կամքին հակառակ Ադր. ԽՍՀ կազմ մտցնելու օրվանից։
Խորհրդային իշխանության տարիներին մեկ անգամ չէ, որ ԼՂԻՄ-ի հայերը ԽՍՀՄ ղեկավարության առաջ դրել են Արցախը Հայաստանին միավորելու հարցը՝ դրանում արդարացիորեն դիտելով Ադրբեջանի կողմից տարվող ազգային խտրականությունից փրկության և իրենց անվտանգ զարգացման երաշխիք։ Դժբախտաբար, միութենական իշխանությունները հարցը չեն լուծել, ավելին, իրենց անգործությամբ ավելի են խորացրել այն։ Եվ միայն 1988 թվականին, երբ գորբաչովյան ՙվերակառուցման՚ արդյունքում երևան եկան ԽՍՀՄ հասարակական-քաղաքական կյանքի լիբերալիզացման նախանշանները, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կրկին իր ձայնը բարձրացրեց ի պաշտպանություն իր ազգային իրավունքների և առաջ քաշեց մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու հարցը։
Պետք է նշել, որ սկզբում հավատ կար միութենական կենտրոնի, կուսակցական ղեկավարության անկողմնակալականության, իր իսկ Գորբաչովի հանդեպ։ Մարդիկ հավատում էին նրան և ցանկանում փոփոխություն դեպի լավը, սուր հիմնախնդիրների լուծման հույս կար։ Պատահական չէ, որ Շարժման սկզբում ղարաբաղցիները ի պաշտպանություն ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ միավորելու պահանջի զանգվածային ցույցերի են դուրս եկել այնպիսի լոզունգներով, որոնք արտացոլում էին խորհրդային ղեկավարության արդարության և անկեղծության հանդեպ անհողդողդ հավատը։ Որպես հետեոանք՝ ավելի ուժեղ էր հիասթափությունը ՙվերակառուցման՚ ժողովրդավարական իդեալների հանդեպ։ Խաբեություն և երեսպաշտություն՝ ահա թե ինչի վրա էր հիմնված Գորբաչովի ՙժողովրդավարությունը՚, որն իրեն ներկայացնում էր որպես ԽՍՀՄ հասարակական-քաղաքական լճացած կյանքի բարենորոգիչ։ Առաջ անցնելով, նշենք, որ հենց գորբաչովյան խառնախմբի խաբեությունը, հնացած հիմնախնդիրները, ներառյալ ազգայինը, լուծելու անկարողությունը, ավելի ճիշտ՝ չցանկանալը, վերջին հաշվով հանգեցրին ԽՍՀՄ-ի փլուզմանը։ Սոցիալիստական ինտերնացիոնալիզմի մասին լոզունգները, որոնց վրա հենվում էր կոմունիստական գաղափարախոսությունը, արժեզրկվել և արդեն չէին կարող ապահովել խորհրդային ժողովրդի միասնությունը։
Դժբախտաբար, ԽՍՀՄ ղեկավարությունը՝ Գորբաչովի ղեկավարությամբ, ազգային շարժումներում, այդ թվում՝ Ղարաբաղյան, սեփական իշխանության գոյության սպառնալիք էր տեսնում։ Ժողովրդավարական շարժումը, որը զարգանում էր այն ժամանակ գործող օրենսդրության նորմերին համապատասխան, Գորբաչովի մատուցմամբ որակվել է որպես ծայրահեղականություն և անջատվողականություն։ (Ի դեպ, այդ մտացածին, արդեն ժամանակավրիպություն (անախրոնիզմ) դարձած գաղափարախոսական դրույթը Ադրբեջանը շահագործում է նույնիսկ այսօր, քառորդ դար անց)։ Որպես հետևանք՝ ձևավորվել էր Մոսկվայի և Բաքվի տանդեմը. միութենական Կենտրոնը ոչ միայն չի կանխարգելել ադրբեջանական ազգայնամոլության ագրեսիվ դրսևորումները, որոնք վերածվել են Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրում և այլ վայրերում հայերի ջարդերի ու կոտորածների, այլև գործնականում խրախուսել է այդ արյունալի ակցիաները՝ նպատակ ունենալով ճնշել Ղարաբաղյան իսկական համաժողովրդական շարժումը։ Կյանքն ապացուցել է գորբաչովյան գնահատումների սնանկությունը, ինչպես նաև արցախցիների ազատատենչ ոգին կոտրելու անհնարինությունը։
Ղարաբաղյան շարժումը, որ ծնունդ առավ 1980-ականների վերջին որպես Հայաստանի հետ վերամիավորվելու ձգտում, քաղաքական նոր պայմաններում, որոնք ստեղծվեցին ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում, վերաճեց անկախության համար պայքարի։ Ահա ավելի քան քսան տարի գոյություն ունի անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ձգտում է իր միջազգային ճանաչմանը։ Հանուն սեփական պատվի ու արժանապատվության խորհրդային ամբողջատիրության և ադրբեջանական ազգայնամոլության դեմ դաժան պայքարի դասերն արցախցիների համար ապարդյուն չեն անցել։ Տեղի է ունեցել նրանց աշխարհայացքի էվոլյուցիա, ինչը հանգեցրել է այն ճշմարտության ըմբռնմանը, որ միայն համազգային միասնությամբ, սեփական ներուժի վրա հենվելով է հնարավոր հասնել բարձր նպատակի։ Դասերն այդ հարկավոր են բոլորիս, բայց առաջին հերթին՝ անկախ ԼՂՀ-ի նոր սերնդի քաղաքացիներին, որոնք պետք է պահպանեն ու շարունակեն ավագների ավանդույթները։
|











