Վիճակագրական տվյալներ






![]() | Այսօր | 1098 |
![]() | Երեկ | 1244 |
![]() | Շաբաթվա ընթացքում | 7452 |
![]() | Անցյալ շաբաթ | 7976 |
![]() | Ամսվա ընթացքում | 28845 |
![]() | Անցյալ ամիս | 32355 |
![]() | Բոլոր օրերը | 486913 |
| 88-Ի ՓԵՏՐՎԱՐ։ VOX POPULI |
|
|
| 19.02.2013 10:21 |
|
25 տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ իրադարձություն, որը բարոյական և քաղաքական հզոր ազդեցություն ունեցավ ոչ միայն արցախցիների, այլև, առանց չափազանցության, ողջ հայ ժողովրդի ճակատագրի վրա՝ կանխորոշելով նրա հասարակական-քաղաքական զարգացման հետագա ընթացքը։ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց միջնորդել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական խՍՀ կազմ մտցնելու մասին։ Այդ որոշումը հաստատուն կերպով մտել է Արցախի նորագույն տարեգրության մեջ, իրենով նշանավորելով Ղարաբաղյան շարժման նոր փուլ։ Սակայն տվյալ որոշման նշանակությունը դրանով չի սահմանափակվում։ Այն, ըստ էության, դրել է երկար սպասված ազատության, իսկ հետագայում՝ անկախ պետականության ուղու սկիզբը։ Արցախցիների համար այդ ճակատագրական օրվա նշանակության մասին է վկայում նաև այն փաստը, որ փողոցը, որտեղ գտնվում է ժողդեպուտատների խորհրդի նախկին գործկոմի շենքը (այժմ՝ ԼՂՀ կառավարության), որտեղ և ընդունվել է պատմական որոշումը, կոչվում է Փետրվարի 20-ի անունով, իսկ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ անցկացվել են բազմահազարանոց միտինգներ՝ ի պաշտպանություն ԼՂԻՄ-ի վերամիավորմանը Հայաստանի հետ պահանջի, այժմ կոչվում է Վերածննդի հրապարակ։ ՙԸնդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջնական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին՚։ Փետրվարի 20-ի նստաշրջանի որոշման բովանդակային մասը հենց այսպես էր ձևակերպված։ Ինչպես տեսնում ենք, թեկուզ և բարդ, բայցևայնպես միակ նախադասություն, որը դարձել էր Արցախի ժողովրդի բազմամյա ակնկալիքների խտացումը, որը չցանկացավ հաշտվել մարզը բռնի կերպով Սովետական Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու փաստի հետ՝ հակառակ տեղի բնիկ հայ բնակչության կամքի։ ՙԺողովուրդների հոր՚ հենց այս հանցավոր և նենգ արարքը դրեց ղարաբաղյան հակամարտության հիմքերը, որի հետևանքները արձագանքվում են արդեն համարյա մեկ դար։ Ահա թե ինչու Փետրվարի 20-ի նստաշրջանի որոշումը, ըստ էության, կարելի է համարել Արցախի ժողովրդի՝ իր և իր հայրենիքի ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի համար պայքարի գագաթնակետը։ Այն հանդիսացավ ժողովրդի կամքի արտացոլումը, որը հայտարարել է իր ազատ ապրելու մասին և հայտարարել է բարձր, ուժգին և վստահ։ Այն նույն vօx populi-ն, այսինքն՝ ժողովրդի ձայնը, որը հները արդարացիորեն համարել են Աստծո ձայն։
Պետք է ասել, որոշումը ծնվել է Ադրբեջանի իշխանությունների կատաղի հակազդեցությունների ծանրագույն պայմաններում, որոնք գործի էին դրել սպառնալիքի և շանտաժի ողջ զինանոցը, որպեսզի թույլ չտան նստաշրջանի գումարումը։ Բայց ջանքերն ապարդյուն եղան։ Ղարաբաղցիների կամքը կոտրել չհաջողվեց։ Որոշումն ընդունվել էր, քանզի նրանք արդարացիորեն այն դիտում էին որպես Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ մարզի հայ բնակչության նկատմամբ վարվող ազգային խտրականությունից հուսալի փրկության երաշխիք, խտրականություն, որը վերջին հաշվով պետք է հասցներ նրա՝ որպես էթնոսի, ոչնչացմանը։ Հետագա իրադարձությունները հաստատեցին արցախցիների մտավախությունը և նրանց պատմական ընտրության ճշմարտացիությունը։ Մարզխորհրդի նստաշրջանից ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին հրեշավոր դաժանությամբ՝ հայերի ջարդը Սումգայիթում, իսկ ավելի ուշ՝ մասսայական բռնություններ այլ քաղաքներում, այնուհետև սկսեցին պատերազմ ԼՂՀ-ի դեմ։ Հայ բնակչության հանդեպ պաշտոնական Բաքվի քաղաքականությունը եղավ Թուրքիայի հանցավոր խաղաքականության շարունակությունը, իսկ ավելի ստույգ՝ բաղկացուցիչ մասը, որն իրականացրել էր հայոց ցեղասպանություն։
Սակայն եթե Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, որը, անկախ այստեղ իշխող ռեժիմից, միշտ էլ եղել է ցեղասպան, այս կամ այն չափով կանխատեսվում էին, ապա նույնը չես ասի միութենական Կենտրոնի մասին։ Տարօրինակ էր թվում, որ Կրեմլի տեր Միխայիլ Գորբաչովը, որն իրեն ներկայացնում էր որպես դեմոկրատ և հռչակում վերակառուցման քաղաքականություն, Ադրբեջանի իշխանությունների հետ միավորվել էր ընդդեմ Ղարաբաղյան շարժման՝ որն իր էությամբ ժողովրդավարական էր։ Կարևոր է նշել, որ Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին վերամիավորվելու հարցը դրված էր ժողովրդավարական, խորհրդարանական ճանապարհով՝ ժողովրդական կամարտահայտության դրսևորման մեխանիզմների հիման վրա։ Սակայն գորբաչովյան կենտրոնը, որը Ղարաբաղյան շարժման մեջ սպառնալիք տեսավ իր կեղծավոր ՙվերակառուցողական՚ քաղաքականությանը, ոչ միայն չցանկացավ քաղաքական լուծում տալ հնացած ազգամիջյան հիմնախնդրին, այլ նաև իր ուժերը նետեց՝ ճնշելու իսկական ժողովրդական շարժումը։
Ի պաշտպանություն Արցախի, որը դարձել էր մեր ժողովրդի ազգային վերածննդի խորհրդանիշը, վերամիավորման մասին նրա օրինավոր պահանջի, ոտքի ելավ ամբողջ հայությունը։
Հենց 1988-ում մենք դարձանք Արցախի, Հայաստանի և Սփյուռքի գործուն միաբանության վկաները։
Ազգային համախմբման շնորհիվ մեզ հաջողվեց տոկալ, դիմակայել 25 տարի առաջ սկսված ազատության ճանապարհին եղած բոլոր փորձություններին, տանջանքներին և զրկանքներին։ Այդ ճանապարհը չափազանց դժվարին, տատասկոտ էր, սակայն այն դեռևս հաղթահարված չէ մինչև վերջ։ Մենք կկարողանանք այն անցնել արժանվույն, եթե կարողանանք պահպանել համաժողովրդական միաբանությունը և այն բարոյական և հոգևոր ներուժը, որոնց հիմքը դրվել է 1988-ի փետրվարին։
Լեոնիդ Մարտիրոսյան |
Որոնում
Վերջին լուրերը
- ՙԲԱԶՄԱԿՈՂՄ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՈՉ ԹԵ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ, ԱՅԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ՚
- ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
- ՍԵՄԻՆԱՐ¬ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻՈՒՄ
- ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
- ՀԱՃԵԼԻ ՆՎԵՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ











