K2_PRINT_THIS_PAGE

ՄԱՐԴԻԿ, ՈՐ ԵՐԿՐԻ ԱՂՆ ԵՆ...

Համլետ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ղարաբաղյան շարժման նվիրյալներից է: Նմանների մասին է Գրքերի գրքում ասված. ՙԴուք եք երկրի աղը...՚։

Անցած դժվարին ճանապարհի ոչ մի հատվածում պատեհապաշտ չեղավ, չդավաճանեց իր սկզբունքներին, իր դավանած բարոյական չափանիշներին։ Նրա մասին գաղափարակիր ասելը քիչ է: Առանց երկմտանքի ազատության հորձանուտի մեջ նետվեց, պայքարեց, և նրա կյանքի ու գործունեության հանգրվանները եղան կրթությունը, գիտությունը, քաղաքականությունը։ Քաղաքականություն, որի մեջ նա ՙխաղացող՚ չէր: Պատահական չէր, որ Շարժումը բռնաճնշելու փուլերում  երեք անգամ հայտնվեց թուրք-ազերական բանտերում։ 

Ստորև` մեր զրույցը։ 

-Համլետ Վաղարշակի, հետադարձ հայացք  ձգենք ոչ այնքան հեռավոր անցյալին. 1988-ի հունիսի 21-ին տեղի ունեցավ ժողպատգամավորների 20-րդ գումարման մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, որը քննարկեց ՙմարզում ստեղծված իրադրության և նրա կայունացման միջոցառումների մասին՚ հարցը։ Նստաշրջանն ընդունեց որոշում, որում իր անհամաձայնությունը հայտնեց Ադր. ԽՍՀ ԳԽ նախագահության 1988թ. հունիսի 17-ի որոշմանը, անհրաժեշտ համարեց դիմել ԽՍՀՄ ԳԽ նախագահությանը մինչև  հարցի վերջնական և դրական լուծումը ժամանակավորապես, ամենակարճ ժամանակում մարզը հանել Ադրբեջանի կազմից և հանձնել ԽՍՀՄ կառավարության տնօրինությանը։ Ինչպես հայտնի է, Մոսկվան չընդառաջեց, իսկ Ադրբեջանը գնաց դաժան բռնաճնշումների. սկսեցին դատական գործեր սարքվել Շարժման ղեկավարների դեմ։ Այդպիսի մի գործ էլ  ԼՂԻՄ ՆԳ վարչության կողմից սարքվեց Ձեր նկատմամբ և ուղարկվեց Ստեփանակերտի քաղդատարան։ Սա Ձեր դեմ սկսված հալածանքի սկիզբն էր։ Ինչո՞ւ հատկապես Ձեր դեմ։

-Այն ժամանակ մարդիկ կային, որ կապված են եղել ՊԱԿ-ի հետ, և իմ անձը, իմ գաղափարները, իմ համարձակությունն անցանկալի էին որոշ անհատականությունների, թեկուզ` Շարժման որոշ ակտիվիստների համար։ Ինչ վերաբերում է առաջին անգամ պատասխանատվության ենթարկելուն, եղել է այսպես։ Մարզխորհրդի հունիսի 21-ի որոշումը պետք է տպագրվեր ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթում։ Հարյուրավոր ստեփանակերտցիներ հավաքվել էին տպարանի մոտ և սպասում էին համարի լույսընծայմանը, որն ուշանում էր։ Որպեսզի հավաքվածները չենթարկվեին հույզերի և անօրեն գործողություններ չկատարեին, մտնում եմ տպարան, վերցնում 150 օրինակ, դուրս բերում և բաժանում։ Իհարկե, իմ գործողությունները նախապես համաձայնեցված էին այն ժամանակ ժողովրդի մեջ հեղինակություն վայելող ոչ պաշտոնական կառույցների հետ։ Ներքին գործերի մարզային վարչությունում ես ստիպված էի գրավոր բացատրություն գրել, որ տպարանը գտնվում է այն շենքի հարևանությամբ, որտեղ ապրում եմ,  ակամայից ականատես եմ եղել, փորձել եմ ամբոխին համոզել հեռու մնալ անօրեն գործողություն կատարելուց, բայց նա չցանկացավ ինձ լսել, և որ իմ գործողության մեջ հակաօրինական ոչինչ չկա։ ԼՂԻՄ ՆԳ վարչությունն ինձ մեղադրել է ՙպետական սեփականության մանր հափշտակում՚ կատարելու մեջ, այսինքն, առանց թույլտվության և արժեքը վճարելու (թերթի մեկ   օրինակը` 3 կոպեկ, ընդհանուր գումարը՝ 4 ռուբլի 50 կոպեկ) թերթերը հափշտակել և տպարանից հանել եմ։ Ստեփանակերտ քաղաքի ժողդատավոր Շուրա Օհանյանը, քննելով գործը, պարզել է, որ ես ոչ թե գողություն եմ կատարել, այլ քաղաքացիների դժգոհությունն եմ կանխել, և քանի որ եղել եմ ՙԱդրբեջանական ԽՍՀ լուսավորության գերազանցիկ, դասախոսությունները վարել եմ բարձր մակարդակով, ակտիվորեն մասնակցել եմ ինստիտուտի հասարակական կյանքին, արհկոմի նախագահն էի՚, որոշում էր կայացրել ինձ ազատել վարչական պատասխանատվությունից, իրավախախտման վերաբերյալ նյութերը հանձնել էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի կոլեկտիվի քննությանը։ Ի դեպ, համանման գործեր էին սարքվել նաև Շարժման ևս մի քանի ղեկավարների և ակտիվիստների նկատմամբ։ 

-Հետո պիտի անցնեիք ադրբեջանական բանտերի Գողգոթայով։ 

-Առաջին ձերբակալությունս եղել է 1990թ. ապրիլին, Ցեղասպանության առթիվ սգո միտինգից հետո, երբ ինձ տարան ՙՍպիտակ կարապ՚ բանտը։  Այդ ժամանակ մի 20 հոգու ձերբակալել էին։  Երկրորդը՝ Սարատովի մեկուսարանն էր։ Երրորդը՝ 1991-ի մայիսին էր, երբ սկսվեց հայտնի ՙՕղակ՚ ռազմագործողությունը, երբ Ռաֆիկ Գաբրիելյանի հետ ինձ տարան Բաքվի բանտերը, որոնց դաժան հետևանքները հայտնի են։ 

-1988թ. աշնան սկզբին  Շարժման ղեկավարները,  բազմաթիվ վերլուծություններից հետո, հանգեցին այն մտքին, որ ռազմավարական տեսակետից նպատակահարմար է ՙՄիացում՚ կոչը փոխարինել ՙԱնջատում՚-ով։ Դա ժամանակավոր նահանջ էր ընդհանուր սկզբունքից։ 1991-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ հանրապետության հռչակումը։ Ձեր կարծիքը տարբերվո՞ւմ էր ընդհանուրից։ 

-1988-ի փետրվարի 20-ի նստաշրջանի որոշումը մայր Հայաստանի հետ վերամիավորման մասին էր։ Դա եղել է շատ ճիշտ քայլ, որն արտահայտել է Արցախի ժողովրդի կամքը, և ես առ այսօր գտնում եմ, որ հարցի վերջնակետը պետք է հանգի միացմանը։ Երեք տասնամյակ անց էլ ես գտնում եմ, որ 1991-ի սեպտեմբերի 2-ի անկախության հռչակմանը պետք է հետևեին այլ քաղաքական քայլեր, որոնք չկատարվեցին։ Մինչ այդ էլ էն գլխից հնարավորություն կար  Հայաստանի հետ վերամիավորման քայլի համար, որը չհասկացան ո՜չ ՙԿռունկը՚, ո՜չ ՙՂարաբաղ՚ կոմիտեն, ո՜չ Տնօրենների խորհուրդը, ո՜չ մարզային իշխանությունները: Մի խոսքով՝ մենք բոլորս։ 1994-ին  ռազմի դաշտում ձեռք բերեցինք հաղթանակ, որը չամրագրվեց քաղաքական քայլերի ժամանակ։ Նկատի ունեմ Բիշքեկի համաձայնագիրը, որտեղ չպարտադրեցինք, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը։ Հաղթել էինք, պատերազմը դադարեցվել էր, բայց արդյունքում ի՞նչ ենք ստացել...Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ, փաստորեն, խաղաղությունը հաստատուն չէ։ Իսկ արցախյան հիմնախնդրի լուծումն ընդամենը ձգձգվել էր... Միավորումը վաղ թե ուշ պետք է լինի։ Առայժմ չկա, քանի որ դա գերտերություններին ձեռնտու չէ։ Արցախի այս վիճակը շատ հարմար է հատկապես Ռուսաստանին, որպեսզի տարածաշրջանում մշտապես պահպանի իր ազդեցությունը։ 

 

Լրացուցիչ տեղեկություն։ 1991թ.  մարտի 17-ին խորհրդային ղեկավարությունն անցկացրեց համամիութենական հանրաքվե ԽՍՀՄ-ի պահպանման հարցով։ Ադրբեջանը կողմ քվեարկեց, Հայաստանը բոյկոտեց, Ադրբեջանի հավատարմությունը գնահատվեց. ՙԱնձնագրային ռեժիմի ստուգման՚ պատրվակի տակ Ադրբեջանը Կենտրոնի օժանդակությամբ ձեռնամուխ եղավ Ղարաբաղի հայաթափման գործընթացին։ Ստեփանակերտի կոշիկի ֆաբրիկայի դահլիճում (մարտ ամիսն էր) ԼՂԻՄ 20-րդ գումարման մարզխորհրդի նստաշրջանի հերթական նիստի օրակարգում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն էր դրված։ Մասնակցում էին պատգամավորներ, Շարժման ակտիվիստներ, ֆորմալ և ոչ ֆորմալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Երկար վիճաբանություններից հետո ժողովը նախագահողը շտապեցրեց, որ անցնեն քննարկման։ Համլետ Գրիգորյանը տեղից վեր թռավ, հասավ ամբիոնին. ՙՍա դավաճանություն է...՚,- ասաց, ու նյարդային վիճակը թույլ չտվեց հավաքել մտքերն ու արտահայտվել։ Դահլիճը` որպես  համաձայնության նշան, աղմկեց։ Այդ պահին շենքին մոտեցան արտակարգ դրության շրջանի զինվորականները, և ժողովը ցրվեց։ 

Նիստը շարունակվեց կաթի գործարանում։ Արկադի Մանուչարովը, որի ելույթը կիսատ էր մնացել կոշիկի ֆաբրիկայում, շարունակեց. ՙՀարգելի ընկերներ, բարեկամներ, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է մեզ կայացնել ռեալ որոշումներ՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը։ Ուստի առաջարկում եմ Արցախում անցկացնել հանրաքվե` ստեղծելու ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում։ Դա մեզ թույլ կտա հետագայում հռչակել Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետություն կամ վերամիավորվել Հայաստանին՚... 

ՙՍտեղծված քաղաքական իրադրության մեջ ազգի փրկության ուղին դա է՚,- արձագանքեց հայտնի կուսակցական աշխատողը։ ՙԵվ տարածքը հայ պահելու միակ միջոցը՚,-իր համաձայնությունը հայտնեց մյուս կուսակցական ընկերը։ ՙՄենք պատրաստվում ենք զինված պայքարի՚,- տեղից գոչեց Ռազմիկ Պետրոսյանը, որին լռեցրին։ Համլետ Գրիգորյանը նորից հասնում է ամբիոնին, բայց նորից հուզմունքից չի կարողանում կապակցված ու հանգիստ շարադրել մտքերը. ՙԴուք բոլորդ դավաճանում եք Արցախի շահերին։  Չէ՞ որ 1989-ի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանի որոշումը կա Միացման մասին։ Ինչպե՞ս կարելի է մեր պայքարին դավաճանել։ ՙՍա քաղաքականություն է, ընկեր Գրիգորյան, որը Դուք, ինչպես միշտ, չեք հասկանում։ Ի՞նչ դավաճանության մասին կարող է խոսք լինել՚,- սառը, կշռադատված, խոսքերը հատ-հատ շեշտելով, ասաց հայտնի կուսակցականը։ ՙԵթե անգամ քաղաքականություն չեմ հասկանում, չեմ էլ դավաճանում՚,- Համլետ Գրիգորյանի տաքարյուն, բռնկվող բնավորությանը բոլորը ծանոթ էին, Աշոտ Սարգսյանը ձեռքից քաշեց նստեցրեց, ապա հայտնեց իր տեսակետը. ՙԵս կիսում եմ Համլետ Գրիգորյանի մտավախությունը կայանալիք որոշման առթիվ, միայն ՙդավաճանություն՚ բառի փոխարեն ես կօգտագործեի ՙմոլորություն՚ բառը՚։ 

 

-Համլետ Վաղարշակի, Արցախի ապագայի Ձեր տեսլականն այն ժամանակ և հիմա։ 

-Ես չեմ զղջում իմ կատարած որևէ քայլի համար։ Եթե նորից ամեն ինչ սկսվեր, ես նույն ճանապարհը կանցնեի։  Ամենամեծ նվաճումը՝ Հայաստանն ու Արցախը ձեռք բերեցին անկախություն։   Այլ հարց է, թե այդ անկախությունն ինչ չափով է... Իմ կարծիքով՝ անբավարար է։ Կախվածությունը տարածաշրջանի գերտերությունից ակնհայտ է, և այդ կախվածությունն ավելի շատ արդյունք է մեր երկու հայոց պետությունների ղեկավարությունների ոչ բավարար համարձակ լինելուց։ 

Արտագաղթը մեծ չափերի է հասել։ Դա աններելի է։ Քաղաքական քայլեր չեն ձեռնարկվում, որպեսզի գոնե ապահովվեն արտահոսքի բնականոն չափերը։ Գուցե այս հարցում մենք ևս մեղքի մեր բաժինն ունենք։ Քաղաքացիական ակտիվ դիրքորոշման պակաս կա նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր ժամանակին հայտնի են եղել սկզբունքայնությամբ և աննահանջ ազնվությամբ։ Այո, ես չեմ ժխտում մեր երկու երկրներում կատարվող առաջընթացը սոցիալ-տնտեսական, մշակութային բնագավառներում, բայց արտահոսքի խնդիրը համապատասխան մակարդակներում չի դրվում և չի քննարկվում։ Իսկ դա ռազմավարական նշանակության խնդիր է։ Իմ այս մտահոգությունը չի համապատասխանում Արցախի ապագայի մասին ունեցած իմ տեսլականին։ 

-Ձեր գործունեությունը սերտորեն կապված է Արցախյան շարժման պատմության հետ։ Ձեզ համար ամենատխուր և ամենաուրախ պահը։ 

-Ամենատխուրը Շահումյանի շրջանի և Մարտակերտի մի որոշ մասի անկումն է։ Վերադառնում էինք Հայաստանի ԳԽ նստաշրջանից, ականատես եղանք, թե ինչպես էին մարդիկ Լաչինի բացված միջանցքով արտագաղթում։ Ամենաուրախ պահը Շուշիի հաղթանակը, միջանցքի բացումն էր, որով միացանք մայր Հայաստանին։ 

-Համլետ Վաղարշակի, գուցե անդրադառնանք անցած տարվա ապրիլյան դեպքերին։ 

-Ավելի լավ է չանդրադառնանք։ Դա եղել է...շինծու պատերազմ՝ հրահրված դրսի ուժերի կողմից։ 

-Ձեր կարծիքով, Համլետ Գրիգորյանը լավատե՞ս է, թե՞ հոռետես։

-Լավատես եմ, մեր ազգը գենետիկորեն շինարար է, ստեղծող է, պայքարող... է։ Այսօր մի տեսակ ապատիկ վիճակ է, պայքար չկա։ Նույնիսկ Արցախյան շարժման լիդերները, ովքեր ապրում են, աններելի լուռ են, համակերպված են։ Պայքարի մեջ մեծ դեր ունեն կատարելու կուսակցությունները, բայց կարելի է ասել՝  չպայքարողների կուսակցությունները։ Պիտի պայքարենք ապագայի համար։ 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ