Նախագահության նիստին հրավիրված էին Հայաստանի ու Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարներ Ս. Գ. Հարությունյանը և Ա. Խ. Վեզիրովը, Ա. Ի. Վոլսկին և տողերիս հեղինակը։ Հարցի քննարկման ժամանակ, նպատակ ունենալով հետագայում արդարանալ ադրբեջանցի ազգայնականների առաջ, ելույթ ունեցավ Ա. Խ. Վեզիրովը, ով վրդովված բարձրաձայն հայտարարեց, թե դեմ է Կոմիտեի ստեղծմանը, քանի որ չի կարողանալու իր ժողովրդին բացատրել դրա ստեղծման նպատակը։ Ա. Խ. Վեզիրովի ելույթն ընդհատեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, Դաղստանի ժողովրդական բանաստեղծ Ռասուլ Համզատովը։ ՙԱբդուռահմա՜ն, բավական է, չէ՞որ մենք ամեն ինչի մասին պայմանավորվել ենք՚,- ասաց նա։ Այս միջադեպը ևս մեկ անգամ հաստատեց այն ենթադրությունը, որ Կոմիտեն ստեղծվելուց առաջ (ԽՄԿԿ Կենտկոմում ընդհատված խորհրդակցությունից հետո) 1988թ. դեկտեմբերի վերջին լրացուցիչ հանդիպումներ էին անցկացվել շահագրգիռ պաշտոնատար անձանց միջև` առանց ԼՂԻՄ-ի ներկայացուցիչների մասնակցության։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով ԼՂԻՄ-ում կառավարման հատուկ ձևը մտցվեց ազգամիջյան հարաբերությունների հետագա սրացումը կանխելու և տարածաշրջանում իրադրության կայունացման նպատակով։ Դժբախտաբար, Ղարաբաղի ժողովրդի բոլոր հիմնական պահանջներն անուշադրության մատնվեցին, քանի որ Հրամանագրի առաջին իսկ կետին հետևում էր հետևյալ պարզաբանումը. ՙԿառավարման հատուկ ձևը մտցվում է Լեռնային Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանական ԽՍՀ կազմում ինքնավար մարզի կարգավիճակի պահպանմամբ՚: Հրամանագրի երկրորդ կետը սահմանում էր կառավարման վերակազմավորված մարզային մարմնի բավականին բարձր (այն ժամանակների համար) կարգավիճակ. ՙԼեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հատուկ կառավարման կոմիտեն ենթարկվում է անմիջապես ԽՍՀՄ պետական իշխանության ու կառավարման բարձրագույն մարմիններին, օժտված է ինքնավար մարզի ժողպատգամավորների խորհրդի ու նրա գործադիր կոմիտեի բոլոր լիազորություններով...՚։ Ուշադրություն է գրավում Հրամանագրի առաջին երկու կետերի բովանդակության մեջ առկա հակասությունը. կոմիտեի կառավարման օբյեկտը (մարզը) գտնվում է Ադրբեջանական ԽՍՀ ենթակայության տակ, իսկ մարզի ժողկառավարման մարմինը (ի դեմս Կոմիտեի) անմիջականորեն ենթարկվում է կենտրոնական իշխանություններին։
Առաջիկա երկու-երեք տարիների համար որոշելով XX գումարման մարզխորհրդի ու նրա գործադիր կոմիտեի ճակատագիրը, Հրամանագիրը լռությամբ շրջանցեց Ադրբեջանի կոմկուսի կազմից մարզի կուսակցական կազմակերպության դուրս գալու մասին վերջինիս կողմից բոլոր մակարդակներով կայացված որոշումները։ Նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի կուսակցության մարզկոմը դեկտեմբերի սկզբին առաջին քարտուղար Հ. Ա. Պողոսյանի հարկադրաբար պաշտոնից հեռանալուց հետո մինչև 1988թ. վերջը դադարեցրեց իր գործունեությունը։
Հատուկ կառավարման կոմիտեն աշխատանքի անցավ 1989թ. հունվարի 20-ին, և միանգամից անցկացվեցին Կոմիտեի նախագահ Ա. Ի. Վոլսկու հանդիպումներն էլեկտրատեխնիկական գործարանի, Ղարմետաքսկոմբինատի և կոնդենսատորների գործարանի կոլեկտիվների հետ։ Ավելի ուշ՝ փետրվարի սկզբին, հանդիպում կազմակերպվեց կոշիկի ֆաբրիկայում։ Սովորաբար ժողովներին ներկա էին լինում Հ. Ա. Պողոսյանը՝ որպես կուսակցության մարզկոմի նախկին առաջին քարտուղար, և կոմիտեի անդամները։ Հանդիպումները հիմնականում անցնում էին աշխույժ՝ կոլեկտիվների անդամների ակտիվ մասնակցությամբ, որոնց, սոցիալ-տնտեսական բնույթի հարցերից զատ, առաջին հերթին հետաքրքրում էր լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու Հայաստանի հետ մարզի միավորմանն ուղղված կոմիտեի գործունեությունը։ Այս և հետագա ժողովներին քննադատություն հնչեց կենտրոնական իշխանությունների հասցեին, որոնք, ղարաբաղցիների կարծիքով, Կոմիտեի ստեղծման ժամանակ պետք է պահպանեին ժողպատգամավորների մարզային խորհուրդը՝ այն ենթարկելով անմիջապես Հատուկ կառավարման կոմիտեին։ Այս դիտողություններին Ա. Ի. Վոլսկին ժպիտով պատասխանում էր. ՙՄիացում չեմ խոստանում, բայց ահա անջատում կազմակերպելու հարցում կօգնեմ՚։ Նման հայտարարություններ նրա կողմից արվել էին նաև Տնօրենների խորհրդում։
Այս հանդիպումների ընթացքում, ինչպես նաև ավելի վաղ՝ 1988թ., երբ Ա. Ի. Վոլսկին աշխատում էր որպես ԼՂԻՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմի ներկայացուցիչ, զարմանք էր հարուցում լսարանի հետ արագ կապ հաստատելու, այն կառավարելու և, շրջանցելով սուր կողմերը, այս կամ այն հարցի քննարկման ընթացքն անհրաժեշտ հուն ուղղելու հռետորի նրա ունակությունը։ Բացի այդ, ունենալով նուրբ հումորի զգացում, նա հմտորեն օգտագործում էր դա՝ անհրաժեշտության դեպքում թուլացնելով իրավիճակի լարվածությունը։ Ա. Ի. Վոլսկու այս որակները նրա բնական տաղանդի ու ղեկավար պաշտոններում կուսակցական աշխատանքի, այդ թվում ԶԻԼ մեքենաշինական գործարանի կուսկազմակերպչի պաշտոնում ունեցած մեծ փորձի արդյունքն էին։
Կոմիտեի աշխատանքի մեկնարկին՝ հունվարի 25-ին, կայացավ կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի պլենումը, որը բավարարեց քաղկոմի առաջին քարտուղար, իսկական ղարաբաղցի Զավեն Մուշեղի Մովսիսյանի` թոշակի անցնելու կապակցությամբ զբաղեցրած պաշտոնից իրեն ազատելու խնդրանքը և այդ պաշտոնին այլընտրանքային հիմունքով նշանակեց կուսակցության մարզկոմի նախկին քարտուղար Վալերի Աբգարի Աթաջանյանին։ Քաղկոմի քարտուղարներ վերընտրվեցին Հրանտ Արտյոմի Մելքումյանը և Հասմիկ Մամիկոնի Միքայելյանը։ Հետագայում կուսակցական Ստեփանակերտի քաղաքային կազմակերպությունը կազմեց մարզային կուսկազմակերպության հիմքը, քանի որ Կոմիտեն չվերականգնեց կուսակցության մարզկոմը և Ստեփանակերտի քաղկոմի հետ մեկտեղ կառույցում թողեց ևս չորս շրջանային կոմիտեներ՝ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջկոմները, որոնց համար որպես առաջին քարտուղարներ ընտրվեցին (կամ վերընտրվեցին) համապատասխանաբար Վահան Միքայելի Գաբրիելյանը, Վաչագան Սանթուրի Գրիգորյանը, Վիլեն Եփրեմի Քոչարյանը և Գրիգորի Լևոնի Բաղիյանը։ Ղեկավարող օղակի այս կազմով էլ կուսակցական կազմակերպությունն առանց մարզկոմի իրականացնում էր իր աշխատանքը մարզի համար բարդ՝ 1989-ի սկզբից մինչև 1991թ. ընկած ժամանակահատվածը։ Նրա գործունեությունը, հատկապես 1988թ. փետրվարյան նստաշրջանից հետո, Ղարաբաղի ողջ ժողովրդի հետ մեկտեղ ուղղված էր Շարժման գերնպատակի իրականացմանը, իսկ կուսակցության Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար Վ. Ս. Գրիգորյանը, անկասկած, Շարժման առաջամարտիկներից էր։
Ստեփանակերտ քաղաքի հիմնական ձեռնարկությունների կոլեկտիվների հետ ծանոթանալուց հետո Ա. Ի. Վոլսկին հունվարի 26-ին ժամանեց Բաքու, որտեղ պաշտոնական հանդիպում ունեցավ Ա. Խ. Վեզիրովի հետ, իսկ հունվարի 28-ին Երևանում հանդիպեց Ս. Գ. Հարությունյանի հետ։ Այս այցերի ընթացքում տեղի էին ունենում անհատական զրույցներ երկու հանրապետությունների կուսակցական ղեկավարների հետ, որոնց բովանդակության շուրջ Ա. Ի. Վոլսկին լռություն էր պահպանում այցի արդյունքները քննարկելիս։ Դրանից հետո Հատուկ կառավարման կոմիտեի նախագահը հանրապետությունների առաջին դեմքերի հետ նման հանդիպումներ չունեցավ, և Կոմիտեի աշխատանքը ղեկավարում էր հիմնական սկզբունքային հարցերը համաձայնեցնելով միայն իշխանության կենտրոնական մարմինների հետ։
Փաստորեն իր գործունեության հենց սկզբից Կոմիտեն հատուկ ուշադրություն էր դարձնում մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին, որտեղ առաջին հերթին անհրաժեշտ էր զգալիորեն թարմացնել գյուղատնտեսության ու արդյունաբերության նյութատեխնիկական բազան։ Սարքավորումների (հիմնականում` ավտոտրանսպորտի և շինարարական տեխնիկայի) համար նախնական հայտն իրացնելու համար արդեն փետրվարի սկզբին Ա. Ի. Վոլսկու պայմանավորվածությունից հետո ինձ գործուղեցին Մոսկվա, որտեղ կառավարությունում, առանց հետաձգելու, ինձ ընդունեց Ն. Ի. Ռիժկովը։ Հայտը բավարարվեց, և կարճ ժամանակում տեխնիկան սկսեց մարզ հասնել։ Իմ Մոսկվա մեկնելուց առաջ Ա. Ի. Վոլսկին, որին համոզելու համար երկար ժամանակ չպահանջվեց, հայտից բացի առանձին նամակ գրեց Կառավարությանը, որով հիմնավորվում էր թթի օղու` որպես ավանդական ազգային խմիչքի արտադրության վերսկսման անհրաժեշտությունը, ինչի հետ Ն. Ի. Ռիժկովը համաձայնեց (1989թ. փետրվարի 4-ի Կառավարական թիվ 3042 հանձնարարական)։
Միջոցներ ձեռնարկվեցին մարզի արդյունաբերական արտադրության կատարելագործման ու առանձին ձեռնարկությունների ենթակայության հարցում փոփոխության ուղղությամբ։ Դեռևս 1988թ. սեպտեմբերին Ա. Ի. Վոլսկին, էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն Բորիս Առուշանյանի խնդրանքով, ով ներկայացնում էր կոլեկտիվի կարծիքը, ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարին համոզեց Ստեփանակերտի գործարանը հանձնել Երևանի ՙԼույս՚ արտադրական միավորման ենթակայությանը։ Կոմիտեի միջնորդությամբ ՙՍելխոզմաշ՚ գործարանը, որը գտնվում էր ԽՍՀՄ տրակտորային և գյուղատնտեսական մեքենաշինության նախարարության ենթակայության տակ, մտցվեց նույն նախարարության հայկական ՙՀայգյուղտեխնիկա՚ գիտաարտադրական միավորման կազմ։ Ստեփանակերտի արտադրական ավտոտրանսպորտային միավորումը, կոլեկտիվի ժողովի որոշմամբ և Հայկական ԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Գ.Բ. Բադեյանի հետ համաձայնությամբ, ներառվեց այդ նախարարության մեջ։ Կոշիկի ֆաբրիկայի տնօրեն Վասիլի Աթաջանյանի խնդրանքով, Ա. Ի. Վոլսկու աջակցությամբ ամենասեղմ ժամկետներում արտադրության հնացած հոսքագիծը փոխարինվեց արտասահմանյանով։ Կահույքի ֆաբրիկան արտադրական կապեր հաստատեց Ռոստովի կահույքի արտադրական միավորման հետ։ Իրականացվեցին միջոցառումներ Ղարմետաքսկոմբինատում ներկման աշխատանքների բաժին ստեղծելու ուղղությամբ։
Արագացվեցին մարզի շրջանների գազիֆիկացման տեմպերը, ինչին նպաստեցին հետևյալ հանգամանքները։ Ապրիլի 19-ին մարզ ժամանեց Լեռնային Ղարաբաղի մեծ հայրենասեր, ՙՀայտրանսգազ՚ տրեստի ղեկավար Գեորգի Անդրեյի Թաթարյանը՝ մասնագետ, ով զգալի ներդրում ունեցավ Հայաստանի, ապա և Լեռնային Ղարաբաղի գազիֆիկացման աշխատանքներում։ Գ. Ա. Թաթարյանը Ա. Ի. Վոլսկու հետ հանդիպման ժամանակ խնդրեց նրան կազմակերպել մարզի գազիֆիկացման աշխատանքներն Ադրբեջանից ՙՀայտրանսգազ՚ տրեստին փոխանցելու առաջադրանքը ՙԳազպրոմ՚ միութենական կոնցեռնի ղեկավար Վ. Ս. Չեռնոմիրդինին հանձնարարելու գործը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մարզային գազաշահագործման հիմնարկը փոխանցել անմիջապես ՙԳազպրոմի՚ ենթակայությանը։ Բանավոր համաձայնություն կար, ու այդ խնդրանքների ձևակերպումն արագացնելու և սարքավորման ու տարբեր նյութերի համար բավականին ընդգրկուն հայտի համաձայնեցման համար ինձ ու գազաշահագործման հիմնարկի գլխավոր ինժեներ Սերգեյ Մնացականյանին գործուղեցին Մոսկվա, որտեղ օդանավակայանում մեզ դիմավորեց Վ. Ս. Չեռնոմիրդինի օգնականն ու ճանապարհին առանց հետաձգելու սկսեց ուսումնասիրել մեր խնդրանքներն ու առաջարկները։ Վ. Ս. Չեռնոմիրդինն անհապաղ ընդունեց մեզ և փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո օգնականին հանձնարարեց երկու օրվա ընթացքում պատրաստել բոլոր անհրաժեշտ կարգադրությունները։ Գործուղման չորրորդ օրը, կատարելով առաջադրանքը, վերադարձանք Ստեփանակերտ։ Ա. Խ. Վեզիրովի` դրան հետևած բոլոր համառ փորձերը, ներառյալ բողոքները Կառավարությանն ու ԽՄԿԿ Կենտկոմին՝ հասնելու նրան, որ այդ կարգադրությունները չեղարկվեն, արդյունք չտվեցին։ Արդյունքում ՙՀայտրանսգազ՚ տրեստի ուժերով մարզի գազիֆիկացումը շարունակվեց զգալիորեն արագացված տեմպերով։
Դժբախտաբար, Սերգեյ Ասծատուրի Մնացականյանը, ով անմիջական կապ ուներ գազիֆիկացման աշխատանքների մեկնարկի հետ, չտեսավ այդ աշխատանքների արդյունքը։ Նա զոհվեց Մարտունի շրջկենտրոնի հրետակոծություններից մեկի ժամանակ։
Սեմյոն ԲԱԲԱՅԱՆ