• Գլխավոր էջ
  • Լուրեր
  • Պաշտոնական
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ և սպորտ
  • Սոցիալական
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
  • Խմբագրի սյունակ
  • Գլխավոր էջ
  • Լուրեր
  • Պաշտոնական
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ և սպորտ
  • Սոցիալական
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
  • Խմբագրի սյունակ
  

ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԵ՞ՏՔ Է ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԸ

Twitter
  • Ուրբաթ, 13 Ապրիլի 2018
  • Print
  • Email

Արցախի անկախ հանրապետության հռչակումով երկրում ձևավորվել է  ժողովրդավարական պետականության կառուցման, սոցիալ-տնտեսական հարաբերությունների և հոգևոր կյանքի բարեփոխությունների անցումային փուլ։

Մեզ համար անցումային փուլի գերխնդիրներ են համարվել խորհրդային ամբողջատիրական համակարգի և ադրբեջանական հայատյաց ռեժիմների բացասման արդյունքում ժողովրդավարական պետականության հաստատումը, տնտեսական, սոցիալ-քաղաքական և մշակութային ոլորտներում բարեփոխումների իրականացումը, հասարակական բարիքների ստեղծման ու բաշխման հարաբերությունների վերակառուցումը։

21-րդ դարասկզբին Արցախը աշխարհին ներկայացավ որպես ազգային նորանկախ, ժողովրդավարական հանրապետություն։ Այս փաստարկը  հաստատում են նաև արտերկրից Արցախ ժամանած բազմաթիվ քաղաքական գործիչներ, գիտության և մշակույթի նշանավոր մարդիկ, հարյուրավոր զբոսաշրջիկներ։

Այդուհանդերձ, իմ անձնական հայեցողությամբ, չենք կարող ասել, որ մեր հանրապետությունում անցումային փուլի խնդիրներն ամբողջովին լուծված են: Բանն այն է, որ դեռևս առկա են տնտեսական զարգացման, կրթական համակարգի բարեփոխման, ժողովրդագրական գործընթացի կարգավորման, քաղաքակիրթ վարվեցողության և այլ լուրջ խնդիրներ:

Ներկա հոդվածում փորձել եմ իմ անձնական մտորումները ընթերցողի հետ կիսել միայն մեկ հարցի՝ Արցախի հասարակության հումանիտար զարգացման շուրջ։ Այստեղ առաջին հարցադրումն այն է, թե Արցախի քաղաքացուն, հատկապես` երիտասարդ մարդուն, պե՞տք են հումանիտար գիտելիքներ, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ ինձ հետ համակարծիք կլինի ընթերցողը, եթե ասեմ, որ ինքնիշխան Արցախի Հանրապետությունն իր տնտեսական ու հոգևոր զարգացման ռազմավարական ծրագրային հիմնահարցերը սահմանում է ՀՀ-ի ռազմավարությանը համահունչ` ինտեգրվելով ներքին և արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում։ Իսկ ՀՀ-ում ներկայումս գերակայում է այն տեսակետը, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական և տեխնոլոգիական հեղափոխական մասշտաբի զարգացումները բնականաբար հետին պլան են մղում քաղաքական գաղափարախոսությունն ու հումանիտար գիտությունը։ Երիտասարդ սերնդի նպատակային խնդիր է դառնում բիզնեսի ստեղծման հմտություններին և տնտեսության կառուցման տեխնոլոգիական գործընթացներին տիրապետումը։ Ռազմավարության այս տեսանկյունով կառուցումը վերջին ժամանակներս մի քանի անգամ հնչել է ՀՀ-ի կրթության և գիտության նախարարի ելույթներում, նրա հարցազրույցներում։ 

Մեր կարծիքով` տեխնոկրատական ուսուցման միտումն առկա է նաև Արցախում։ Փոքր-ինչ շեղվելով առաջադրածս հիմնահարցից` նշեմ, որ Արցախի իշխանություններն անցյալ դարի 90-ականներին անցումային փուլի խնդիրների լուծման նպատակով սեփականաշնորհել կամ վաճառքի են դրել քաղաքում եղած արտադրական, առևտրական և սպասարկման ոլորտի օբյեկտները, իսկ գյուղական վայրերում էլ պարզապես լիկվիդացվել են կոլեկտիվ և պետական  տնտեսությունները՝ ֆերմերային տնտեսությունների ստեղծման նպատակով։ Ինչ վերաբերում է կրթության համակարգի և մշակույթի բարեփոխումներին, ապա այստեղ էլ այդ ժամանակ նպատակահարմար գտնվեց ընդօրինակել եվրոպական քաղաքակիրթ երկրներին։ 

Վերը նշված բարեփոխումների ցանցն Արցախում ներդնելուց առաջ հաշվի չի առնվել երկու հանգամանք. նախ` արցախցիների 90 տոկոսից ավելին պատրաստ չէր տնտեսական բազիսի արմատական փոփոխություններին և շուկայական հարաբերություններին, երկրորդ` բարեփոխումների համակարգը մշակվեց առանց հասարակության կարծիքի, այսինքն `չինովնիկական  կաբինետներում, առանց մասնագիտական խորհուրդների։ Նշված բարեփոխումների արդյունքների գնահատումը բազմակողմանի մեկնաբանման խնդիր է։ Ուղղակի նշեմ, որ ավելի քան քառորդ դարի ընթացքում Արցախում կատարված բարեփոխումներն ու վերակառուցումները օբյեկտիվորեն հանդես են բերել նոր խնդիրներ ու պահանջներ։ Այդպիսի խնդիրներ են երիտասարդ աշխատուժի արտահոսքի կանխումը, ծայրաստիճան աղքատության վերացումը, աշխատունակ քաղաքացիներին աշխատանքով ապահովումը և այլն։ Իհարկե, հանրապետության իշխանություններին մտահոգում է թեկուզ  նվազագույն չափերով խնդիրների լուծումը։ Հրատապ պահանջ է դառնում նորագույն տեխնոլոգիական գործընթացների ներդրումը հասարակության կյանքի բոլոր ոլորտներում։ Ռազմավարական նշանակություն են ստանում արդի պահանջներին համապատասխանող բարձրագույն որակավորման մասնագետների պատրաստումը և նրանց ուժերով արդիականացված քաղաքացիական հասարակության կառուցումը։ Ասածս նաև տեսություն է, որի իրականացման համար պահանջվում են ռեալ հնարավորություններ։ 

Ի դեպ, այդպիսի տեսություն մշակել են Արևմուտքի նշանավոր քաղաքագետ-տեսաբաններ Զբիգնև Բժեզինսկին (ԱՄՆ), Ռեյմոն Արոնը (Ֆրանսիա) անցյալ դարի 70-ականներին։ Այն կոչվում էր տեխնոկրատային հասարակության կառուցման տեսություն։ Այս կոնցեպցիան հավաստում է, որ ինդուստրիալ զարգացած հասարակության կառուցումն ու կառավարումը շնորհված են տեխնոկրատներին։ 

Անկեղծորեն ասեմ, որ ներկա հոդվածի պատրաստման համար առիթ դարձավ մշակութաբանության նշանավոր տեսաբան, արվեստագետ և տաղանդավոր թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հեռուստազրույցում հնչեցրած խոսքը. ՙՄեր ժողովուրդը հումանիտար տգիտության մեջ է։ Հեռանում ենք մեր ազգային հոգևոր արժեքներից՚։ Համանման միտք մի քանի տարի առաջ արտահայտեց նաև Սոս Սարգսյանը մասսայական մշակույթի արժեքների Հայաստան ներթափանցման վտանգի մասին։ Հետևաբար, հարց է առաջանում. մի՞թե նոր սերնդին, տեխնոլոգիական պատրաստվածությունից բացի, պետք չեն քաղաքական հայացքները, ավանդական բարոյական նորմերի ժառանգումը, գեղագիտական զգացմունքներն ու փիլիսոփայական մտածողությունը: Դա այն դեպքում, երբ արդի աշխարհում իրական աշխարհայացքային պատերազմ է սկսված։ Կարծում եմ՝ հումանիտար զարգացման գործոնը թերագնահատողները պետք է իմանան, որ ժամանակի խելահեղ մրցակցության պայմաններում հնարավոր է, որ երկրի ունեցած նյութական ռեսուրսները գտնվեն անգամ օտարազգի օլիգարխների ձեռքում։ Բայց հարստանում է այն ազգը, որի ազգային գիտակցությունը թափանցում է յուրաքանչյուր անհատի հոգու խորքը և վերածվում հզոր նյութական ուժի։ Իսկ ազգային գիտակցությունն արտահայտում է սոցիալական, տնտեսական, քաղաքական, բարոյական ու կրոնական հայացքների այն ամբողջությունը, որով բնութագրվում է տվյալ ազգի հումանիտար զարգացման աստիճանը և առանձնահատկությունը այլ ազգերի համեմատությամբ։ Ուրեմն, ճապոնացիները չեն սխալվում, երբ երկրի բարձրաստիճան քաղաքական էլիտայի անձնակազմի 70 տոկոսը կազմավորում են Տոկիոյի համալսարանի թողարկած իրավագետներից ու քաղաքագետներից: 

Հանրաճանաչ է այն, որ հայերը հռչակավոր քաղաքական և ռազմական գործիչների, գիտության և արվեստի մշակների համբավ են ձեռք բերում արտերկրում` ինտեգրվելով տարբեր ժողովուրդների մշակութային կյանքին։ Բայց եթե մի քիչ անկեղծ լինենք, պետք է ասենք, որ սեփական երկրի ներսում ինչ-ինչ մանրախնդիրներով հաճախ դժվար ենք ինտեգրվում միմյանց հետ։ Կարծում եմ` այս խնդրում մեզ փոքր-ինչ խանգարում են նյութապաշտությունն ու փողի կուռքը։ Արդյունքում ստվերում են մնում գիտության, արվեստի, մշակույթի, գրականության մշակները։ Գիրքը դառնում է մոռացության տրված առարկա։ Մի տեսակ մարդկանց ուշադրությունից դուրս են մնում գիտական և գեղարվեստական գործերին նվիրված շնորհանդեսները։ Հասարակության մեջ ավելի երևացող են դառնում մարդիկ, ովքեր թանկարժեք մեքենա են վարում, կամ ռեստորանի տեր են, կամ էլ տարիներ առաջ այսինչ պաշտոնյայի կնոջ համադասարանցիներն էին։ Մինչդեռ լրատվության միջոցները հաճախ մեր կյանքի ստվերոտ կողմերի պատճառները, որպես կանոն, որոնում են ՙխորհրդային համակարգի մնացուկների՚ մեջ։ Դժվար է համաձայնվել այսպիսի կարծիքի հետ։ Գուցե նշածս երևույթների պատճառական կապերի մի մասը պետք է փնտրել նրանու՞մ, որ նախկին համակարգից հապճեպ անցում կատարեցինք նոր համակարգի, բացասական կողմերի հետ մեկտեղ դեն նետելով շատ դրական հատկանիշներ։ 

Կարծում եմ՝ սխալ մոտեցում է նաև, երբ ԼՂԻՄ-ը ներկայացվում է որպես Խորհրդային Միության կենտրոնական իշխանության և Ադրբեջանի Հանրապետության հպատակ, նախկին իրավազուրկ, գաղութի վարկանիշով երկրամաս։ Այսպիսի մոտեցումով նսեմացվում է խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ի՝ իբրև պետականության ձևի դերը երկրի տնտեսական և հոգևոր կյանքի ինքնության պահպանման գործում։ Խորհրդային ժամանակահատվածում ադրբեջանական իշխանության կոկորդի ամենակնճռոտ ոսկորը ԼՂԻՄ-ի պետականության ձևի կարգավիճակն էր։ Կայացած արդյունաբերական օբյեկտները, մայրենի լեզվով գործող կրթական համակարգը, մշակույթի և արվեստի օջախները, պետական թատրոնը ամբողջությամբ հենվում էին Լեռնային Ղարաբաղի ինքնավարությանը սահմանադրությամբ ամրագրված իրավունքների վրա։ Միանգամայն այլ խնդիր էր տոտալիտար քաղաքական ռեժիմի պայմաններում արցախցիների արարած նյութական բարիքների մեծ մասի յուրացումը օտարի կողմից և ազգերի բարեկամության շինծու գաղափարի ի չարն օգտագործումը։

Նշված հարցադրումները, կարծում եմ, ավելի խորքային ուսումնասիրության կարիք ունեն։ Կուզենայի միայն ընդգծել, որ այսօրվա ազատ Արցախը միայն տարածքի և տարածաշրջանային դիրքի խտացված արժեք չէ։ Այն արտահայտում է նաև արցախցու տեսակը։ 

Աշխարհաքաղաքագետները հաստատում են, որ յուրաքանչյուր կոնկրետ բնաշխարհի տեսակին համապատասխանում է նրանում ապրող և աշխատող մարդու ֆիզիկական ու հոգեկան կազմավորումը։ Միայն արցախցու` դարերով ձևավորված ու ստեղծված տեսակի պահպանման դեպքում կարելի կլինի ոչ միայն պաշտպանել հայրենի օրրանը, այլև կառուցել ավանդական յուրահատուկ քաղաքակրթական ապրելակերպ։ Եթե ուզում ես նորակերտ Արցախի լիարժեք քաղաքացի լինել, ապա պետք է մի բան արարող լինես ու մի քիչ էլ քո երկրի անցյալն իմանաս ու հարգես, հիշես, որ քեզ միշտ հետևում է քո անցյալը, ու չես կարողանում անջատվել նրանից։ Կարծում եմ` այդպես կձևավորվի Արցախի սոցիալական ակտիվ անհատը։ Իտալիայի ազգային հերոս Գարիբալդին ազատագրական պայքարի հաղթանակի ավարտին հայտարարել է, որ ազատագրվել է Իտալիան, այժմ անհրաժեշտ է ստեղծել իտալացուն։ Ներկայումս քաղաքակիրթ հին Եվրոպան նույնպես կանգնած է հումանիտար ճգնաժամի վտանգի առաջ։ Որոշ տեսաբաններ այն կարծիքին են, որ տնտեսական ուժեղ Եվրոպա ունենալու համար նախ պետք է կառուցել միասնական քաղաքական մտքի Եվրոպա։ Գուցե մեր Արցախին նույնպես պե՞տք է անհատի քաղաքական ակտիվության ձևավորումը՝ որպես քաղաքացիական հասարակության ձևավորման սոցիալական պայման։

Առաջադրելով այսպիսի հարց, ակամայից խորհում եմ, թե ինչու մեր բուհական համակարգի ՙեվրոպականացման՚ բարեփոխումով ուսումնական ծրագրերից հանվեցին բարոյագիտության և գեղագիտության դասընթացները, անգամ բանասիրության բաժնում փիլիսոփայությանը նախկինում հատկացվող 140 ժամաքանակը հասցվեց ընդամենը 32-ի։ Դա այն դեպքում, երբ արվեստի ամենաճանաչված գործերը հայտնի են իրենց փիլիսոփայական իմաստով։ Դեռ ավելին, իրական է նաև այսպիսի փաստ՝ իրեն մտավորական անվանող մարդը զարմանքով հարցնում է, թե ինչո՞ւ կոմունիստական գաղափարախոսությունից հրաժարվելով չենք հրաժարվում նաև փիլիսոփայության ուսումնասիրությունից։ Հումանիտար գիտության հանդեպ եղած թերահավատ վերաբերմունքը հասել է այն աստիճանի, որ առաջադրվում է հրաժեշտ տալ պետական համալսարանի ՙՔաղաքագիտություն՚ բաժնին։ Ըստ երևույթին, հարգարժան քաղաքական գործիչներն այն կարծիքին են, որ ՙՔաղաքագիտություն՚ բաժինը թողարկում է լրատվամիջոցի վերլուծաբան և քաղաքականության կառուցման տեսաբան, որոնց կարիքը Արցախում խիստ սահմանափակ է։ 

Քաղաքագիտական բառարանում քաղաքագետի մասնագիտությունը բնութագրվում է երեք հիմնական գործառույթներով՝ ա)քաղաքական հայեցակարգի մշակում, բ) քաղաքական գործունեության տիրապետում ու գործնական խնդիրների և հանձնարարականների կատարում, գ) քաղաքական համակարգի կառույցների (պետական, կուսակցական, հասարակական) գործունեության բարեփոխումների և արդիականացման իրականացում։ Կարծում եմ՝ պահանջվող գործառույթներին տիրապետող անհատներ են պետք նաև Արցախին։ Մի՞թե կարևոր չեն մեզ համար ազգային գաղափարախոսության սկզբունքների ուսումնասիրությունը, իմացությունն ու սերմանումը նոր սերնդի մեջ։ Այս խնդրում Արցախի ո՞ր կառույցը կարող է ավելի մեծ ներդրում ունենալ, քան պետական համալսարանի ՙՔաղաքագիտություն՚ բաժինը։

Ավարտելով խոսքս, կցանկանայի փոքր-ինչ շրջանցելով հոդվածի թեման` նրա հետ առնչվող կարծիք արտահայտել մեզ մոտ դրսևորվող եվրոպամետ հայացքների մասին։ Անհերքելի է, որ հայկական սփյուռքաշատ Եվրոպայի բարի աչքը արցախցիների համար անփոխարինելի և բազմակողմանի արժեք ունի։ Ինչ վերաբերում է հումանիտար գործոնին, ապա այստեղ պետք է ասել, որ արդի Եվրոպայում արագ տեմպերով տարածվում են հումանիտար-հոգևոր բնույթի այնպիսի երևույթներ, որոնք ոչ միայն կվնասեն մեր ազգային ավանդական արժեքները, այլև այսօր իսկ մեծ վտանգ են դարձել հին Եվրոպայի` դարերով մշակված քաղաքակրթության պահպանման համար։ Խոսքս վերաբերում է գիշերային ակումբներում անձնական բավարարվածության աղմկոտ կոչերին, խաղատների վեճերին, մասսայական մշակույթի ծնունդ համարվող խելահեղ գործողություններին և այլ երևույթների, որոնք, մեր կամքից անկախ, կարող են աննկատելի թափանցել նաև մեր միջավայրը։ 

 

Շահեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

ԱրՊՀ, փիլիսոփայության գիտ. թեկնածու

 

 

 

Դիտվել է 233 անգամ
K2_TWEET

Ավելին

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը
  • ԱՊՐԵԼ, ՀԻՇԵԼ, ՊԱՀԱՆՋԵԼ
  • ՕԹԵՎԱՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ. ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
  • ՊԱՏԻԺ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
  • ՊԵՏԱԿԱՆԱԿԵՐՏՄԱՆ 100-ԱՄՅԱԿԸ` ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ավելին այս կատեգորիայում` « ԱՐՑԱԽԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ ԲԵՐԵԼ Է ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ, ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՍԿԱՆԱԼ ԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՄԵՋ ՉԷ »
Մուտք գործեք մեկնաբանելու համար
Սկիզբ

FACEBOOK

Our page

TWITTER

Follow us!
 

GOOGLE+

Join our circle

RSS FEED

Subscribe now!
Facebook
Visualscope.com

Ամենադիտվածները

  • ՊԱՏԵՐԱԶՄ... ԹԵ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ
    ՊԱՏԵՐԱԶՄ... ԹԵ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ
    Ուրբաթ, 30 Մարտի 2018
    Դիտվել է 2666 անգամ
  • ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ.  ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ` ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂ
    ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ. ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ` ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂ
    Երեքշաբթի, 27 Մարտի 2018
    Դիտվել է 1510 անգամ
  • Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը
    Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը
    Երկուշաբթի, 23 Ապրիլի 2018
    Դիտվել է 1003 անգամ
  • ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ  ՄԵԾ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ  ՄԵԿՆԱՐԿԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ  ՏԵՂՈՒՄ Է ԾԱՆՈԹԱՑԵԼ
    ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԾ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՂՈՒՄ Է ԾԱՆՈԹԱՑԵԼ
    Երեքշաբթի, 27 Մարտի 2018
    Դիտվել է 631 անգամ
  • ԱՊՐԻԼՅԱՆ ԱԽՏԱՆԻՇ
    Ուրբաթ, 30 Մարտի 2018
    Դիտվել է 613 անգամ
  • ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ  ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ
    ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ
    Չորեքշաբթի, 28 Մարտի 2018
    Դիտվել է 600 անգամ
  • ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՎՈՒՄ Է ՆՐԱ ՕՐԻՆԱԿՈՎ
    ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՎՈՒՄ Է ՆՐԱ ՕՐԻՆԱԿՈՎ
    Ուրբաթ, 20 Ապրիլի 2018
    Դիտվել է 550 անգամ
  • ԹԱՏՐՈՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ՔԱՅԼՈՂ ԱՐՎԵՍՏ Է
    ԹԱՏՐՈՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ՔԱՅԼՈՂ ԱՐՎԵՍՏ Է
    Երեքշաբթի, 27 Մարտի 2018
    Դիտվել է 459 անգամ
  • ՙԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է, ԵՐԲ ԱՄԵՆ ՕՐ ԶԲԱՂՎԱԾ ԵՍ ՔՈ ՍԻՐԱԾ ԳՈՐԾՈՎ՚
    Ուրբաթ, 30 Մարտի 2018
    Դիտվել է 402 անգամ
  • 2018-Ի ԲԵՐՔԻ ՏԱԿ ՄՈՏ 15 ՀԱԶԱՐ ՀԵԿՏԱՐ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ Է ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ
    Ուրբաթ, 30 Մարտի 2018
    Դիտվել է 396 անգամ

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորե Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

  • Գլխավոր էջ
  • Լուրեր
  • Պաշտոնական
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ և սպորտ
  • Սոցիալական
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
  • Խմբագրի սյունակ
 
Copyright 2015 by  www.artsakhtert.com  All rights Reserved