K2_PRINT_THIS_PAGE

ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀՈՎ

Երկրորդ դասարանցի աղջնակը բողոքել է ծնողներին, որ ինքն էլ է ուզում սերիալ դիտել, որպեսզի  դասընկերուհինների հետ քննարկելու բան ունենա: Փաստորեն սերիալը դարձել է ամենաքննարկվող ու ամենահետաքրքիր ոլորտը, առանց որի շատերն այլևս չեն պատկերացնում իրենց գոյությունը:

Բայց ի՞նչ է մատուցում հասարակությանը ժամանակակից սերիալը: Հեռուստացույցը միացնելուն պես ականատես ես դառնում սրտաճմլիկ տեսարանների, ողբի, լացուկոծի: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական նորահայտ սերիալների հեղինակների առանցքային նպատակը հերոսների համար հնարավորինս շատ դժբախտություններ ու տառապանքի պատճառներ հորինելն է: Իսկ հերոսները քրեական աշխարհի ներկայացուցիչներն են կամ դաժան ճակատագրեր ունեցող մարդիկ: Սերիալները  լեցուն են սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության զազրելի տեսարաններով: Ընդ որում` դրանց զգալի մասը հեռուստադիտողի աչքում ՙարդարացվում՚ է սցենարային զանազան լուծումների միջոցով: Ուրախությունն ու երջանկությունն էլ, կարելի է ասել, շռայլություն է, ինչին  հերոսներն արժանանում են միայն  վերջին սերիայում: Սերիալի սիրահարներն ապրումակցում են հերոսներին, ինչն ուղեկցվում է սթրեսներով՝ բացասական ազդեցություն թողնելով առողջության վրա: 

Սցենարները մարդկանց դրդում են ներկայացվող վարքը արտացոլել իրականում, ինչն անհետևանք չի մնում հատկապես հասարակության ավելի խոցելի շերտի` անչափահասների համար: Նրանց մոտ ձևավորվում է պատկերացում, որ անընդմեջ դեպրեսիվ ապրումները բնականոն են, դժբախտություններն` ամենուր, ուզածին հասնելու համար ցանկացած միջոց` հարիր: Ավելին, անչափահասները, սերիալների հերոսներին ընդունելով որպես չափանիշ, փորձում են նմանակել նրանց վարքը, խոսելաոճն ու բառապաշարը, որոնք մեծապես աղավաղում են նաև մեր մայրենին:

 Սերիալները նաև մարդկանց մոտ զբաղվածության զգացողություն են առաջացնում: Երբ որևէ մեկին տեղ ես հրավիրում, հրաժարվում է` ՙժամանակի սղության՚ պատճառաբանությամբ: Մինչդեռ այդ ժամերին նրանց այցելելու դեպքում կտեսնենք զբաղվածության իրական պատճառը, այն է` սերիալադիտում: Հարց է առաջանում. սերիալների նկատմամբ աճող հետաքրքրությունն ի՞նչ ազդեցություն կունենա մեր հասարակության մշակութային կյանքի ձևավորման վրա: Այն փաստը, որ հեռուստադիտողների քանակը մեծապես գերազանցում է ընթերցանությամբ զբաղվողների քանակին,  շատ բան է ասում: Պետք է ընդունել, որ հիմնովին փոխվել են 21-րդ դարի մարդու նախասիրությունները: Ուստի այս հանգամանքը պետք է գործածվի ի բարին, այլ ոչ թե այնպես, ինչպես  հիմա կա: Սերիալները երբեմն լիցքաթափվելու, առօրյա հոգսերից փոքր-ինչ հեռանալու հնարավորություն են տալիս: Ուստի դրանք լրիվությամբ բացառել մեր կյանքից հնարավոր չէ: Ուղղակի կարելի է համացանցով ընտրել շատ ավելի հետաքրքիր, բովանդակալից ու իմաստալից սերիալներ, այլ ոչ թե դառնալ հեռուստատեսության գերին: Իսկ ահա հայ սցենարիստներն ու ռեժիսորները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերիալներն այսքան պահանջված են հասարակության կողմից, կարող են շատ ավելի նպատակային և լուրջ գործ կատարել պետության և հասարակության  օգուտի համար` որակյալ, մեր մշակույթն ու պատմությունը ներկայացնող, բարոյադաստիարակչական իմաստ ունեցող սերիալներ նկարահանել, ստեղծել արժանի, հայրենասեր հերոսներ, որոնց ընդօրինակելը  ամոթալի չէր լինի։ Շատ նորարարություններ ձեռք են  բերվում համեմատության միջոցով: Եվ այսպես, չնայած բազմիցս ու տեղին  քննադատում ենք հարևան Թուրքիային, այնուամենայնիվ, չպետք է անտեսենք այն փաստը, որ նրանք իրենց սերիալների միջոցով գրավել են բազմաթիվ երկրների բնակչության հետաքրքրությունը: Հայտնի “Великолепный век” բազմասերիանոց ժապավենն ունի հարյուր հիսուն միլիոն դիտող, ցուցադրվում է աշխարհի 40-ից ավել երկրում: Ու վատն այն է, որ այս սերիալում Թուրքիան ամբողջ աշխարհով մեկ սուտ ու կեղծ  քարոզչություն է տարածում: Այս պարզունակ սերիալներն օգտագործելով՝ այն  հետին պլանում հաղորդում է այն, ինչ ուզում է: Այդ  դետալներն, իհարկե, առաջին հայացքից անտեսանելի են, մինչդեռ լուրջ հոգեբանական ազդեցություն են թողնում դիտողի հոգեկանի ու աշխարհընկալման վրա: “Великолепный веꔬը աղավաղում է պատմական փաստերը, սակայն սա ամենադյուրին միջոցն է աշխարհի հանրությանը հրամցնելու կեղծ պատմություն. չէ՞ որ ոչ բոլորն են պատմություն ուսումնասիրում, բայց ահա սերիալներ դիտում է մեծամասնությունը: Պատմությունն ամբողջովին խեղաթյուրված է, խառնել են փաստերն ու  ժամանակագրությունը: Որոշ առիթներով  խոսում են նաև Ադրբեջանի մասին, այն դեպքում, երբ  սուլթան Սուլեյմանի օրոք այդ երկիրը  պարզապես գոյություն չուներ: Մինչդեռ հարյուր հիսուն  միլիոնանոց  լսարանը  չգիտի, որ  նրանք ստում են:  Գլխավոր հերոսներն, ի տարբերություն մեր սերիալների, ունեն բարձրագույն կրթություն,  խոսում են  կիրթ լեզվով:  Թուրքական հեռուստանովելներում երբեք չես տեսնի  ալկոհոլով կամ ծխախոտով մեկին, ինչը չի կարելի ասել մեր սերիալների մասին: Շեշտադրված են թուրքերի ազգային գծերը, սովորությունները, մշակույթը, կրոնը: Այն դեպքում, որ մեզանում ոմանք խուսափում են վկայել Հիսուս Քրիստոսի անունը, նրանք, տեղի¬ անտեղի ալլահին են փառաբանում,  ղուրանի ուսմունքները հրամցնում և այլն:  Թուրքիան պրոպագանդում է այն, ինչ իրեն է ձեռնտու: Իհարկե չենք ասում, թե պետք է դասեր քաղել ստելու ու կեղծելու հարցում,  դրա կարիքը չկա, քանզի մենք  ունենք հիանալի մշակույթ, կրոն, պատմություն, ավանդույթներ, որոնք կարող ենք գեղարվեստորեն ներկայացնել ոչ միայն մեր հեռուստադիտողին, այլև աշխարհին: Մինչդեռ, մենք մեր հարուստ պատմությունը թողած, նկարահանում ենք թմրամոլների, հանցագործների, կաշառակերների մասին  պատումներ: Չափն այնքան են անցնում, որ որոշ սփյուռքահայեր նույնիսկ վկայում են, թե վախենում են հայրենիք գալ, մտածելով, որ այստեղ ամենուրեք մաֆիոզներ ու հանցագործներ են…

Պետք  է միասնական բոյկոտենք ցածրորակ ու ազգը խայտառակող սերիալները և պարտադրենք, որ մեր սերիալ նկարահանողները փոքր-ինչ մտորեն, թե ինչպես է  հարևան երկիրը սերիալների միջոցով մեծ  հաջողությունների հասնում, զբոսաշրջության համար  դրանք որպես հիանալի գովազդ ներկայացնում, և  ձգտեն առավելագույնս ստեղծել դաստիարակող ու մեր ազգային արժեքները գոնե չաղավաղող գործեր: Հեռուստաընկերությունները պետք է խորքային ուշադրություն դարձնեն նկարահանվող սերիալների բեմագրերին, գիտակցելով, որ բարձր վարկանիշն ու շահույթը, անկասկած, կարելի է ապահովել` զերծ մնալով վերոհիշյալ բացասական միտումներից:

 

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ 

Հոգեբան