Համաժողովի առանցքային թեմանները նվիրված էին ընտանիքի` որպես սոցիալական կարևոր ինստիտուտի աջակցության, կյանքի բարոյական և ավանդական հիմքերի պահպանմանը: Միջոցառումը լուսաբանել են ավելի քան 20 լրագրողներ, լրատվական գործակալություններ, 8 հեռուստաընկերություն: Բանավեճին մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի երկրների խորհրդարանները, հոգևոր և գիտական ոլորտներն ու ԶԼՄ-ները ներկայացնող ավելի քան 150 փորձագետներ: Հիշեցնենք, որ համաժողովում ընթերցվել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձը, որում մասնավորապես կարևորվել է Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների դերը դարերի ընթացքում երկու ժողովուրդների ազգային արժեքների պահպանման գործում: Նրա խոսքերով, գլոբալիզացման ներկա ժամանակաշրջանում շատ ավելի արդիական է ազգային արժեքների և ավանդույթների պահպանումը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանի խոսքով, ազգային-ավանդական արժեքների դեմ վաղուց է պատերազմ հայտարարվել գլոբալիզացիայի կողմնակիցների և տարաբնույթ նեոլիբերալիստների կողմից, ինչին հակադրվելն այդքան էլ դյուրին գործ չէ: Ճնշում է գործադրվում նույնիսկ իշխանությունների, պատգամավորների, հասարակական-քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների վրա: Ըստ Բաբուխանյանի, մեկին կաշառում են, մյուսներին վախեցնում քրեական գործ հարուցելու սպառնալիքով: ՙՄենք պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է դա արվում: Ինչո՞ւ է հանկարծ ընտանիքի ինստիտուտի քայքայման անհրաժեշտությունն առաջացել, ինչո՞ւ են քայքայվում սեռերի փոխհարաբերությունները և այլն: Երբ մեզ ասել են, թե պետությունը չպետք է գաղափարախոսություն ունենա, իրականում նկատի ունեին, որ պետությունը չպիտի ունենա սեփական գաղափարախոսությունը: Պարզապես մենք դա սկզբում չկռահեցինք մեր ընդհանուր նախկին պետության` Խորհրդային Միության քայքայման լուսադեմին: Այսօր մենք պետք է միավորենք եվրասիական բոլոր առողջ ուժերը և ՙո՜չ՚ ասենք օտար ներգործություններին` աղանդներին, միասեռականության կողմնակիցներին և այլ քայքայողականների՚:
Մոսկովյան հայրապետության միջքրիստոնեական հարաբերությունների գծով եկեղեցու արտաքին կապերի բաժնի քարտուղար աբեղա Ստեֆան Իգումնովը նշեց, որ երիտասարդության հոգևոր-բարոյական կերպարն անմիջականորեն արտացոլում է ողջ հասարակության հոգևոր վիճակը: Նրա համոզմամբ, երիտասարդները մաքսիմալիստ են, հետևաբար, նրանք ավելի շատ են ընդգրկված զանգվածային հաղորդակցության ոլորտներում, տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիաներին: Ավանդությունները զանց առնող հասարակարգերում երիտասարդությունն իր այս մաքսիմալիստական հակումներն ուղղում է ռադիկալ, ինքնաքայքայողական գործողությունների, իսկ ահա ավանդական հասարակություններում հակառակը` այն կիրարկվում է բարի նպատակների և հոգևոր ծառայության համար: ՙԵվ այսօր մենք ընտրության առաջ ենք կանգնած` ո՞ր ուղին ընտրել: Առաջին հերթին հենց երիտասարդների ընտրությամբ է պայմանավորված Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ապագան՚,-նշեց Ստեֆան Իգումնովը:
Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքարանի մամլո ծառայության պաշտոնական կայքի առաջատար խմբագիր, Հյուսիսային Օսիայի-Ալանիայի Հանրապետության պատմության եւ հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Հասրաթյանն ՙԻրավունք՚ թերթին տված իր հարցազրույցում ընդգծել է, որ, ըստ հայ և ռուս եկեղեցիների` տղամարդու եւ կնոջ ավանդական միությունը` ընտանիքը, սրբություն է, մարդկության ամենավեհ արժեքը: Բայց քանի որ եկեղեցու լսարանը` լինեն եկեղեցական ԶԼՄ-ների ընթերցողները թե եկեղեցի այցելողները, ավելի փոքր է, քան հեռուստադիտողներն ու դեղին մամուլին հետեւողները, խախտվում է ուժերի հավասարակշռությունը: Մեծ է նաև գաղտնի քարոզչության հոսքը, որը մարդկանց գլխին է թափվում համացանցից: Անշուշտ, եկեղեցին իր քարոզչությունն իրականացնում է, եւ դա բավարար է: Սակայն կարեւոր է եկեղեցու եւ ԶԼՄ-ների հատման գիծը: Քիչ են այն ԶԼՄ-ները, որոնք կարող են վերածվել եկեղեցու առաքելության խոսափողի: Նա առաջարկեց, որ այս ուղղությամբ պետք է մտածել եւ ինչ-որ համակարգային համագործունեության շրջանակ մշակել:
Բավական ծավալուն ելույթով հանդես եկավ նաև ՙԼույս՚ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը: Ըստ նրա` տևական ժամանակ է, ինչ Եվրամիությունը, եվրոպական այլ կառույցներ եւս իրավական եւ քարոզչական պայմաններ են ստեղծել քրիստոնյա երկրներում այլասերումների ու տարբեր տեսակի պղծությունների անարգել քարոզչության, իրավական ամրագրման համար, որոնք այլեւս բնականոն են դարձել: Եվրոպայի քրիստոնյա ժողովրդներին այդ պղծությունները պարտադրելով` Եվրամիությունը նույն պարտադրման գործընթացներն սկսեց իրականացնել նաեւ հետխորհրդային տարածքի երկրներում: Եվ, բնականաբար, այդ գործընթացներից դուրս չմնաց նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Բանախոսն ընդգծեց, որ գենդերային (սեռային) հավասարության օրենքի ընդունումից հետո առ այսօր Եվրամիության կողմից փորձ է արվում Հայաստանին պարտադրել նաեւ խտրականության դեմ օրենքի ընդունումը, որով կամրագրվեր այլասերվածների լայն իրավունքները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ, այսպես կոչված, ընտանեկան բռնության դեմ օրենքը, որի ընդունման նպատակը ընտանիքում միջանձնային հարաբերությունները կազմաքանդելն ու կոնֆլիկտներ առաջացնելն է, ամուսին-կին եւ ծնող-երեխա հարաբերություններում սեպ խրելը, երեխաներին իբր բռնությունից պաշտպանելու պատրվակով ընտանիքից օտարելը: Հ. Այվազյանը հիշեցրեց, որ իրենք բազմիցս բարձրաձայնել են, որ երեխաների իրավունքների պաշտպանության ակունքներում կանգնած են եղել համաշխարհային մանկապիղծների ցանցը եւ նրանց ներկայացուցիչ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախկին խորհրդական Փիթեր Նյուելը: 2018թ. փետրվարի 16-ին բրիտանական մամուլը հայտնեց Փիթեր Նյուելի ձերբակալման մասին լուրը, որը, ինչպես հայտնի է դարձել իրավապահներին, բազմիցս երեխաների էր բռնաբարել: Նյուելը ՄԱԿ-ի շարքային խորհրդական չէր, նա մի քանի տասնյակ տարիների ընթացքում հանդիսանում էր երեխաների իրավունքների պաշտպանության եւ երեխաներին ՙընտանեկան բռնությունից՚ պաշտպանելու միջազգային նորմերի առանցքային մշակողներից եւ գաղափարախոսներից մեկը: Երեխաներին իբր ընտանիքներում բռնություններից պաշտպանելու շարժումն սկսվել է 70-ական թվականներին, Մեծ Բրիտանիայում երեխաների իրավունքների պաշտպանության շարժումով, որի ակունքներում կանգնած էր Paedophile Information Exchange (PIE – մանկապիղծների տեղեկատվության փոխանակում) կազմակերպությունը եւ որի անդամները պայքարում էին մանկապղծությունը որպես սեռական կողմնորոշում որակելու համար։ Փիթեր Նյուելն այդ շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Փաստորեն, ունենալով ֆինանսական մեծ ռեսուրսներ, մանկապիղծներին հաջողվեց մի քանի տասնյակ տարիների ընթացքում ներթափանցել միջազգային կառույցներ, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում մշակել միջազգային նորմեր, որոնք կստեղծեին իրավական մեխանիզմներ երեխաներին ծնողներից օտարելու եւ ապաստարաններ տեղափոխելու համար: ՙԶրկվելով իրենց պաշտպաններից՝ ծնողներից, ապաստարաններում հայտնված երեխաները դառնում են դյուրին թիրախ մանկապիղծների, միասեռականների եւ մարդկային օրգանների վաճառքով զբաղվողների համար։ Մանկապիղծների կողմից մշակված նորմերը Եվրամիությունն այսօր փորձում է պարտադրել նաեւ Հայաստանին։ Բացի այդ, Եվրամիության ֆինանսավորմամբ եւ ճնշմամբ փորձ է արվում Հայաստանի դպրոցներում ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխան սեռական դաստիարակության ծրագիր։ Այդ ծրագրով երեխաներին պետք է տրվի տեղեկատվություն, թե ինչ է գենդերային հավասարությունը, միասեռականությունը, արյունապղծությունը (սեռական հարաբերություններն ընտանիքի անդամների միջեւ), վաղ սեռական հարաբերությունները եւ այլն։ Եվրամիության կողմից Հայաստանում ֆինանսավորում եւ աջակցություն են ստանում մի շարք կազմակերպություններ, որոնք իրականացնում են գենդերային այլասերումների, միասեռականության եւ անբարոյականության քարոզ, մշակում են օրենքի նախագծեր եւ ռազմավարական փաստաթղթեր, որոնք հաճախ ՀՀ կառավարության շարքերում գործող Արեւմուտքի ազդեցության գործակալների կամ, այլ կերպ ասած` 5-րդ զորասյան միջոցով հավանության են արժանանում պետական կառույցների կողմից՚, -ընդգծեց Հ. Այվազյանը: Եզրափակելով խոսքը, Հ. Այվազյանը առաջարկեց, որ ՀՀ իշխանություններից պահանջել են դրսեւորել քաղաքական կամք եւ ընդունել միասեռականության եւ այլ այլասերումների քարոզն արգելող ու քրեականացնող օրենսդրություն:
Ընդհանուր առմամբ, համաժողովի բոլոր մասնակիցները հանգել են այն եզրահանգման, որ քրիստոնեական, ազգային արժեքների և ավանդույթների պահպանման գործում մեծ դեր ունեն ոչ միայն երկու երկրների եկեղեցիները, այլև ԶԼՄ-ները, պետական և հասարակական կառույցները, որոնք պետք է միավորվեն մեկ նպատակի շուրջ:
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Ստեփանակերտ-Էջմիածին