ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄՈՒԼ Է...

Մի քիչ էլ անտարբերությունից խոսենք, և, կարծում եմ, բացատրել, մանրամասնել պետք չէ, որ խոսքը մեր անտարբերության մասին է։ Ընդհանրապես, եթե ուզում ենք մի բան ասել, ինչ-որ մեկին էլ պարտադիր մեղադրել, ապա առաջին հերթին մեր մասին պիտի խոսենք, իսկ եթե մեղադրելու բան կա, դռները չընկնենք, օտար ու անծանոթ մեկին չփնտրենք։

Ուղղակի չվախենանք ասել, որ մենք ենք թերացել, մենք ենք սայթաքել, ծուլացել կամ ավելորդ ջանացել։ Ուղղակի մեկ-մեկ կարողանանք, մեղմ ասած, ապաշխարել։ Մտածում եմ, որ դա այնքան էլ սխալ չէր լինի։ Եթե դա միշտ էլ չստացվի, կարելի է, գոնե, մի քանի անգամ փորձել։ Կստացվի՝ շա՛տ լավ, չի ստացվի, հերն էլ անիծած, կնշանակի սխալ ենք ապրում և ինչ-որ բան ինչ-որ մի տեղ էլի, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ։ 

Չգիտեմ, գուցե տեսողության խնդիր էլ ունենք։ Այսինքն, այն, ինչ պարտավոր ենք տեսնել, պատկերացնո՞ւմ եք, չենք տեսնում, բայց տեսնում ենք այն, ինչ կարող ենք նաև չտեսնել։ Կարծում եմ, համաձայն եք, որ դա ամենևին էլ լավ չէ, որ դա մեզ խանգարում է ապրել...
Ի՞նչ է ստացվում...ո՞վ է մեզ հուշելու...ո՞վ է բռնելու մեր ձեռքը...Տագնապ կա մեջս...մի տեսակ անշոշափելի, բայց հարազատի նման, մտերիմ...անընդհատ ներկա, ամենուր հետևող...
Սարը բարձրացող չկա... Բարձրացածներն էլ չունեն իջնելու ցանկություն...Անձնականից դուրս ամեն ինչ սուտ է, անգույն, կարելի է ասել՝ մեռած...իմը իմ տնկածն է, իմ շինածը, իմ տեսածը...ՙԻնձնից հետո՚-ն իմը չէ, ՙինձնից հետո՚-ն սիրողական բեմադրություն է, թույլերի կերակուր, անտեսանելի հիմարություն, երբեք չիմաստավորվող հորինվածք...Կարող է լինել, կարող է նաև չլինել...ոչ մի տարբերություն...
Ուրիշի ծառը կարելի է հաճույքով կտրել, ուրիշի շինածը՝ առանց ցավ ապրելու քանդել, ուրիշի տեսածին՝ չհավատալ։ Եղածն իբր ինչ է։ Հիշո՞ւմ եք. ՙՀնձածդ խոտ չի՞...՚։
Շարունակենք. ՙՇինածդ տուն չի՞... անունդ դերասան չի՞... գրածդ ոտանավոր չի՞... մաքրածդ փողոց չի՞...ղեկավարածդ գյուղ չի՞...ստեղծածդ օրենք չի՞՚...
Այսպես բոլորին... քամահրանքով, մեկ-մեկ էլ՝ ծաղրելով...
Բոլորը տակառի մեջ գինու փոխարեն ջուր են լցնում... և ոչ մեկը չի մտածում, որ հետո իր խմածը նույն ջուրն է լինելու...
Տխուր բան եմ ասում, բայց ամեն մեկին թվում է ազնվության, նվիրվածության, հայրենիքի ու դարերով ստեղծված արժեքների միակ ու եզակի, հավերժ արթուն պահապանը հենց ինքն է, միայն ու միայն ինքը արևի տակ, ինչու չէ, երկնքում ու երկրի վրա..., և իրենից հետո ամեն ինչ կործանվելու է...
...Որովհետև ինձ չճանաչեցիք, երբ ձեզ հետ էի...
Հենց այդպես...ոչ մի կասկած, ոչ մի տարբերություն...երկյուղածության համատարած բացակայություն...
Պապիս հայրը՝ Մարտիրոսը, երբեք ոչ մեկից չդժգոհեց, չմեղադրեց, ուշունց չտվեց, Աստծոն իզուր օգնության չկանչեց, պարզապես գյուղում իր համար ծառ տնկելուց մի քիչ ձանձրացավ ու գնաց Ամարասի հովիտ, պապիս ասելով, իր սահմանը իր տնից, ծառից պոկեց ու տարավ, հասցրեց Ամարաս, մեծացրեց իր ապրելու տարածքը։ Եվ այնտեղ ուրիշ բան չէր անում այդ յոթանասունն անց այրը, գործն էլի ծառ տնկելն էր՝ թթենի, բայց արդեն ոչ իր համար։
Այդպես մի քանի տարի...անընդհատ...մենակ...աշխարհի հետ հաշտ... տնկեց վերջին ծառը, վերադարձավ գյուղ ու անտրտունջ մահացավ։ Իսկ ծառերն այսօր անմնացորդ պտղավորվում են, և երկրի ամենաքաղցր ու հյութեղ թութը հենց այդ ծառերին է...
Զարմանալի ու տարօրինակ ոչինչ ...մարդն ուղղակի սովորական, ծառ տնկող, գյուղացուն բարձրացրել, հասցրել է երկրի տիրոջ կարգավիճակի, ով ապրում էր հյուղականման տնակում, ու համարձակվում էր աշխարհի ու ժամանակի հարցերին պատասխանել ծառի անունից...
ո՞նց չասես երանի քեզ... Խոնարհումն ավելորդ է...մենք հաճախ դուրս ենք այդ երկխոսությունից...
Մեզանից յուրաքանչյուրը թագավոր է, զորավար, վարչապետ, նախարար, ծայրահեղ դեպքում՝ վարչության պետ...ծառ տնկողը քիչ է, հող մշակողը քիչ է, քարը քարին դնողը, չարչարանքի սահմաններն իր շեմից անընդհատ հեռացնողը, բանողը՝ ոտքերը հողի մեջ, գլխին՝ արևի պսակ...
Իսկ ահա ճառ ասողի պակաս երբեք չենք ունեցել ու չունենք...և չենք ուզում խոստովանել, լավ, հասկանալ, որ խոսելը մի բան է, օր ու գիշեր գործ անելը, երկիր պահելը, անձնականի տարածքները անվերադարձ թողնելը մի այլ բան...Եվ այդ գործ անողները քիչ են, շատ են քիչ, մատների վրա հաշվելիք, եզակի տեսակ...չթաքցնենք, մեկ-մեկ էլ ուշադրության ու հոգատարության արժան...
Նոր հիշեցի, պապս ասում էր, որ հայրը՝ Մարտիրոսը, հազվադեպ էր խոսում, երբ բան կար ասելու, երբ սպասում էին իր խոսքին, նույնիսկ կարոտում... Ասում էր` մարդիկ էլ են ափսոս, բառերն էլ...Ասում էր` խոսք ասողն ուրիշ պիտի լինի, գործ անողը՝ ուրիշ...Մի մարդը ինչքան էլ իրեն չարչարի, պարտադրի, չի կարող և՜ գործ անել, և՜ խոսել...չի լինի...
Ինչ մնում է ինձ, ես այսօր կարծես շատ խոսեցի և գործս մնաց...Թեպետ մինչ հիմա մեկը չի ասել, որ իմ գործն էլ, հնարավոր է, հենց խոսելն է... Եվ իմ տնկած ոչ մի ծառ չի պտղավորվելու...


Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ