ԳԻՐՔՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հետաքրքիր է, մինչև հիմա նույնիսկ ինքս ինձ չեմ հարցրել, չեմ էլ փորձել իմանալ, ո՞վ է ԳՐՈՂԸ… Չգիտեմ սովորական մահկանացու՞ է նա, թե` առաքյալ… Տիեզերական, անտեսանելի ուժերի հետ խորհրդավոր ու մութ գործարքների մեջ գտնվող մեկը… և որտե՞ղ է նրա կացարանը… Ի՞նչ է անում նա մարդկանց կողքին… հաճախ` մենակ… բոլորից լքված… հեռու, անհասկանալի… ու չսիրելի…Գրողը… մեկ-մեկ ստեղծածը գնահատելի, ինքը` ձանձրալի, կողքինի պատկերացումներում, սկզբունքներում, տրամաբանության մեջ ու պահանջներում երբեք, ոչ մի կերպ չտեղավորվող։Ես էլ չեմ սիրում նրան… չեմ ընդունում մարդու այդ՝ կարծես փնթի, անկառավարելի, անկարգապահ, սեփական օրենքներով ապրողի տեսակը… Նրա հետ տառապանք է անկողին կիսելը, եթե կուզեք` խիզախության, ամեն օր անձնազոհության պահանջ կա… Ինչքան հեռու նրանից, այնքան լավ… Խաղաղ գոյակցությունը բացառված է…Գրում է…. եթե կարողանում է` ամեն օր, ամեն ժամ… լինում է, ինքն էլ չի ընդունում իր գրածը… աշխարհն ընդունում է, ինքը` չէ: Լինում է ինքն է ընդունում, աշխարհը` չէ: Այդպես խառն էլ ապրում է: Պատահում է` մի տեղ մոլորվում, մնում է, փախչում է հասարակությունից, մարդկությունից, ինքն իրենից… քարկոծվում է հաճախ… ամեն օր կախաղան է հանվում, անիծվում է… Գրող մարդ է, և դա ուղղակի պարտադիր է… կախաղան չհանվեց, բոլորի աչքի առաջ չգնդակահարվեց, էլ ի՞նչ գրող… Դա նրան մղում է առաջ, դա նրան օգնում է ապրել…Հազարի մեջ նրան կարելի է ճանաչել նույնիսկ առանց հատուկ ուսումնասիրության: Տաս հազարի մեջ էլ: Հագուկապից, շարժուձևից, ձայնից, ասած խոսքից: Եվ նրանք բոլորն էլ իրար նման են, թվում է՝ բոլորն էլ իրար կրկնում են… թեպետ հաճախ ոչ մի գրող ոչ մի գրողի չի ճանաչում, եթե ճանաչում էլ է, անընդհատ ցույց է տալիս, որ չի ճանաչում, չի ընդունում, չի տեսնում… Կարելի է հանգիստ խղճով ասել, բոլորը բոլորին ժխտում են… Եթե այդպես չարեցին, ուրեմն կապ չունեն գրողական կենցաղի հետ…Բայց ամենևին էլ խորհուրդ չեմ տալիս քննարկումների տարածք տեղափոխել կամ կասկածի տակ դնել նրա ազնվությունը: Դա ոչ մեկին չի թույլատրվում: Խարույկ նետվելը գերադասելի է… այդ արարողության մեջ գոնե ինչ որ ռոմանտիկ, պոետական, ֆանտաստիկ ու հերոսական բան կա…Վերջին հաշվով, եթե կուզեք իմանալ, դա նաև գնահատական է… ստեղծածի արժևորում… մեծարում… Ժամանակների ու մտածումի բախում… անկասելի ընթացք…Նրան հետևելն էլ է անմտություն: Մեկ է, երբեք չեք հասկանա՝ ուր է գնում, ինչ է անում, ում հետ է անցկացնում իր անհանգիստ, պռնկեպռունկ լեցուն գիշերը… ում է փորձում մոլորեցնել կամ գայթակղել ու, վերջապես, որտեղ է մոգոնում իր հերթական սուտը և ում է անընդհատ փնտրում… Համը հանեք, առանց ժամանակ կորցնելու կարող է կանգնել երկրի ամենամեծ հրապարակում ու անտարբեր ամբոխի աչքի առաջ հանգիստ ինքնահրկիզվել կամ ցած նետվել ամենաբարձր շենքի փայլփլող տանիքից… և օրեր, ամիսներ, տարիներ շարունակ չհասնել ներքև… Ով ընկավ, գրող չէ… ջարդվեց, գրածը հորինած է, սուտլիկ, ապրելու ունակությունից զուրկ… Մեկն ականջիս անընդհատ մտմտում է, որ ոչ մի ոչ գրող տանիք չի բարձրացել և խելագար, ինքնամոռաց ծով չի փնտրել… ավելի ճիշտ, ոչ մի ծովի խորություն չի համապատասխանել ծովը նետվելու բուռն ցանկությանը… Հետո էլ այդ բոլոր ոչ գրողներն սկսել են աշխարհին համոզել, որ ծով նետվելը, ինքնահրկիզվելը, նույնիսկ շենքից ցած նետվելն ուղղակի տղայություն է, խոխայություն, ցուցադրական ելույթ, երկնայինի ցանկությունների ու պատվիրանների մեջ չտեղավորվող…Ես գիտեմ ծովի տեղը… ամենամեծ հրապարակի տեղն էլ, շենքի տեղն էլ… Այդ ծովն իմն է, ինձ համար եմ պահում, հրապարակն էլ է իմը, շենքն էլ… դրանք էլ եմ ինձ համար պահում… Մարդ ես, մեկ էլ տեսար… պարտադրված չես լինելու ժամանակ վատնել, երկարբարակ մտածել, փնտրել, հետո էլ` զղջալ, ներողություն խնդրել… Ծաղրուծանակի առարկա դառնալ…Ուրիշ ծովում չխեղդվելու հավանականությունը մեծ է, ուրիշ հրապարակում մինչև վերջ չայրվելու հավանականությունը՝ վախեցնող…Ես վախենում եմ չվախենալ… Ես վախենում եմ կորցնել ինքնահրկիզվելու պահն ու ցանկությունս…Ես վախենում եմ ընկնել բարձունքից ու կամուրջներից, և փշուր-փշուր լինել…Ես վախենում եմ զրկվել գրիչ բանեցնելու շնորհներից…Իմ ընկերներից մեկը, յոթանասուն տարեկանում կնոջը կորցնելուց հետո, հավաքեց հարազատներին ու ասաց՝ եթե մնացի, մնալու եմ…Եվ… չմնաց… թեպետ ո՜չ ծով փնտրեց, ո՜չ շենք, ո՜չ էլ հրապարակ…Ոչ մեկը չփորձեց նրան մեղադրել, նրան դատապարտելու իրավունքը ոչ մեկը չունեցավ…
Աշխարհն առանձին էր, մարդն առանձին…Հիմա գրող մարդը…Որտեղից էլ նայես նույնն է… Ինչպիսի պատվանդանի էլ տեղադրես, անփոփոխ է… Ծովում, երկնքում, երկրի վրա… նույնն է…Մեկն անընդհատ փորձում է ինձ համոզել (թվում է, դա նրա կյանքի միակ նպատակն է), որ գրող մարդը եսակենտրոն է, բացառապես իր եսի ու գենի տարածքներում գործող ու ապրող։ Բոլորից վեր, բարձր, լավը…իմաստունը… և, իբր, արածն էլ միայն երկնայինի թուլտվությամբ ու պահանջով է…Այսինքն՝ նրան ամեն ինչ արտոնված է… Չէ, սիրելու բան չէ այդ գրող մարդը։ Այդպես հազար տարի առաջ էր, այդպես է հիմա, թեպետ հենց այդ տարօրինակ արարածն էլ, ժամանակի ձեռքը բռնած, այդ նույն ժամանակից պարտադիր մի քանի քայլ էլ առաջ ընկած, ուզում եմ ասել` ժամանակը ետևից քաշելով՝ գնում է… ապրում է շատերին, գուցե հենց նույն այդ ժամանակի համար անհասկանալի ու աներևակայելի տարածքներում… հասարակությունից օտարված… ժամանակից էլ… Սուտ բան է ասում, ամեն ինչ հորինում է, մարդկանց հիմարի տեղ է դնում… բոլորին խաբում է, արհամարում… և եթե կա մեկը, ում սիրում է, դա նորին մեծություն Ես է, միայն ու միայն նա… ուրիշ ոչ մեկն աշխարհիս երեսին… ոչ մի վայրկյան նրանից բաժան… հեռացումը կործանում է… վերջ… ավարտ… Կեցցե՛ միակ, եզակի փրկիչը… պաշտելի Եսը։ Դա է նրա գերագույն գլխավոր հրամանատարը, նրա անփոխարինելի գեներալը… ոչ մեկին չենթարկվող, ոչ մեկի հրամանի տակ չմտնող, ոչ մեկի առաջ չերերացող… պարտվելուց հետո պարտադիր սեփական ճակատին կրակող…Բոլորն այսպես են մտածում այդ գրող մարդու մասին, բացի ինձնից։ Թեպետ չգիտեմ՝ ո՞վ է մեզնից ճիշտը, որտե՞ղ է բնակություն հաստատել ճշմարտությունը… Լավն այն է, որ բոլոր ժամանակներում էլ ինձ նման մեկը եղել է…ով դիմակազերծել է ՙբացարձակ ճշմարտություն՚ կոչվող առեղծվածը և իր ծառն ու ծաղիկը աճեցրել բարոյականության անփոփոխ, քարքարոտ ու անջրդի տարածքում…Բայց ես շատ, անասելի միամիտ մարդ եմ, ցանկացած մեկն ինձ կարող է խաբել, կարող է հասցնել երկինք ու այնտեղից` թըրըխկ, ցած գցել, ի վիճակի է առանց ջանք թափելու, առանց ծնկի գալու համոզել, որ ինձ համար ուղղակի գժվում է… որ ես ունեմ բոլոր շնորհներն ու հնարավորությունները բոլոր պատերազմները հաղթելու և աշխարհին տիրելու… որ հենց ես եմ Աստծո որդին, ավելի ճիշտ՝ փրկիչը… Ով էլ ասի, ես հավատում եմ… գիտե՞ ք ինչու… Իհարկե, չգիտեք։ Դրա համար էլ ասում եմ, որովհետև տեղյակ չեմ՝ ինչ է խաբելը…Հիմա էլ տեղս չգիտեմ, ծանոթ, մտերիմ քիչ բան կա, հաստատ, մեկն էլի խաբելով ինձ բերել, հասցրել է չգիտեմ ուր…Ոչ կարգին երկինք կա, ոչ կարգին դաշտ, ոչ կարգին ճանապարհ… Մարդիկ էլ, չգիտես ինչու, անընդհատ մահանում են… Թվում է` առատ լույս է, բայց ոչինչ չի երևում, ամբողջական պատկերներ չկան… ծառը կիսատ է, մարդը կիսատ է, այդպես հսկայական շենքերը, փողոցները, նույնիսկ լույսը… և ամեն օր հուղարկավորություն է… Մեկն ինչ-որ աճապարանքով դատարկում է հարազատ բնակավայրը… Շիրմաքարերը մտնում են քաղաք… տները շնչահեղձ են լինում շիրմաքարերի անտարբերության արանքում…Գրիչը գործ արեց, ես այդ անծանոթ, անհասկանալի, այդ շփոթ տարածքներից դուրս եկողն եմ… Ուզում եմ ասել՝ իմ փրկությունն էլի գրիչն է, անընդհատ նա, միշտ նա… Ուրիշն իմ աչքերը բացելու մտադրություն ու տրամադրություն չի ունեցել, ուրիշի համար իմ մտքի վարագույրները բացելն աշխարհի կործանում է…
Բայց մի շատ տարօրինակ դիտարկում. մինչև հիմա ես այդպես էլ չհասկացա գրի՞չն է իմ գերագույն գլխավոր հրամանատարը, թե՞ ես եմ նրան անընդհատ մղում խիզախումի, հաղթահարումի, նոր տարածքներ զավթելու, հող մշակելու, փրկելու. մխիթարելու և սփոփելու… մեկ-մեկ էլ, թվում է, նա ինձ չի ճանաչում, իմ ենթակայությունից դուրս է, անկախ, միայնակ գայլ տափաստանում… Ես ուղղակի հիացած, զարմացած, վախեցած, դժգոհ, ուշունց տալով հետևում եմ նրան… Միայն այդքանը… և, եթե փորձեմ միջամտել նրա ներքին ու անձնական գործերին, տանուլ եմ տալու, դառնալու եմ ծիծաղի առարկա, ամենափոքրիկ կղզում անգամ մնալու եմ անծանոթ, օտար… չճանաչված…Լավ չէ…եղբա՜յր, ամենևին էլ լավ չէ… Խոսում ես` ծիծաղում են, գրում ես` ծիծաղում են, լռում ես` ծիծաղում են…Էլի, միշտ էլ համայնքը զորեղ է… համայնքն է թելադրողը, որոշում կայացնողը, պահանջողը, ժխտողը և հալածողը, անիծողը…համայնքից դուրս աշխահն ավարտվում է…Եվ, գուցե տարօրինակ ու անհավատալի բան եմ ասում, այդ գրող մարդը պարտադիր համայնքից դուրս է, այսինքն՝ այնտեղ, որտեղ աշխարհն այդպես անսպասելի ավարտվում է…Ինչ մնում է ինձ, ես էլ վաղուց այդ համայնք կոչվող կաղապարներից հոգնել եմ, անընդհատ կրկնվող պատկերները, իրար նման մարդիկ, նույն խոսքը, նույն շարժն ու ձևը ինձ չեն ոգևորում… Այնտեղ տխուր են ապրում, մեղքը թանձր է, ամեն քայլափոխի, կուտակ-կուտակ… կյանքի և մահվան հերթափոխը մեկը խառնել է… Ոչ մեկը մինչև հիմա չի հասկացել քայլելու, շարժվելու, ճախրելու իմաստը, նույնիսկ մեռնելու փառահեղ իրավունքը… Եվ երբ մահը իր սովորությանն համաձայն, իրեն հատուկ շուքով մոտենում է այդ բնակավայրի արդեն քարուքանդ և իմաստազրկված տարածքներին, բոլորը սարսափում են… Եվ չկա մեկը, ով խիզախորեն գնա նրա դեմ, ով ցանկություն ունենա դիմավորել նրան…Ինչ-որ բան փոխելու հաճույքն իրական չէ… Իսկ Հուդան մեկը չէ… երեսուն արծաթն էլ արդեն շատ է հուդա դառնալու համար… Մեկն էլ է հերիք… Միակ ցուլն էլ, չգիտես ինչու, մեկը ուրախությունից բռնել, մորթել է… ամենևին էլ չմտածելով, որ նախիրը թողնում է անօգնական, թույլ, անտեր… ամուլ… համոզված, որ նախիրը դժգոհելու, ընդվզելու, իր իրավունքները պաշտպանելու սովորություն երբեք չի ունեցել… Գրող մարդը միշտ էլ, բոլոր ժամանակներում էլ, հոր կողքին, այդ միակ ցուլը մորթողի կողքին ապրող խոնարհ որդին է… հոր հետ տառապողը, ծերը ծերին հասցնողը, հող մշակողն ու օջախը պահողը… Գնար, հայրը վախճանվելու էր… Մնաց, թեպետ մինչև հիմա ոչ մեկին չի հաջողվել նրան համոզել, որ մնալը ճիշտ էր… եղբոր մատին շողշողացող հոր մատանին խանգարում է, շեղում է, մոտեցնում է մեղքին… երկիրն էլ անընդհատ պտտվում է……Մեկը միշտ մեղավոր է……Մեկն էլ առաջինն է զոհվում……Մեկին ամենուր փառաբանում են……Մեկն էլ ապրում է ինքնասպանություն գործելու համար…Մի օր էլ պարտադիր գտնում են մեկին ու բացականչում են՝ կեցցե՜ թագավորը…Եվ սկսվում են պատերազմները…Տեսնողը գրող մարդն է… միայն նա, դեռ մինչև կործանում… դեռ մինչև ՙԿեցցե թագավորը՚… և պատմում է տեսածի մասին, չմտածելով, որ չեն հավատա, ու քրքջալու են, ասելու են սուտ է, ասելու են ցնդել է մարդը… ու հալածելու են, քարկոծելու են… փակելու են դռները նրա առաջ, հայտարարելու են համայնքից դուրս… անդարձ մոլորյալ…Մեկն ասել է` թռչունները երկնքում էլ մեռնում են, բայց ցած չեն ընկնում… ինձ թվում է` ես երկնքում էլ մնալու եմ… որովհետև, իսկապես, երանություն է գրող լինելը…