ԵՍ ԱՅՆՏԵՂ ՄԻՇՏ ԷԼ ՄԵՆԱԿ ԵՄ ԵՂԵԼ...
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կարծում եմ` կարելի է մի քիչ էլ արվեստից ու մշակույթից խոսել։ Տնավարի, մերոնցով, առանց վիրավորվելու ու իրար վիրավորելու, ավելորդ, զգացմունքային, ոչ արհեստավարժ գնահատականներից դուրս։ Վերջին հաշվով՝ հասարակարգ է փոխվել, պատերազմի մեջ ենք եղել, երկրի ցավը մեծացել է երկրից, կարելի է ասել՝ մտածողությունն է ուրիշ, վերաբերմունքը, նոր գաղափարներ ու մոտեցումներ են լույս աշխարհ եկել։ Մարդը մոլորվել է, չասելը, չեմ կարծում, որ ճիշտ կլիներ, այո, մարդը մոլորվել է կենցաղի, նյութի, պարզունակի տարածքներում։ Պակասել են գույնը, փայլը, իրականի խորքերից բարձրացող պտղաբեր ծառը տեսանելու ցանկությունը։ Եվ, գուցե ամենասարսափելին, պռատության, կիսատության տագնապը սկսել է մեզ չվախեցնել, չանհանգստացնել, չչարչարել՝ դառնալով ապրելաձև, մտածելակերպ ու վերաբերմունք։ Ամեն ինչ սովորականի հագուկապի մեջ է։ Ցնցումների վախեցնող բացակայություն է։ Սեփական եսի դեմ ընդվզող չկա։ Ազատ բեմ չի մնացել արժեքավոր, օտարին հասկանալի ներկայացումների համար։ Բոլորի ձեռքին գրիչ կա, ամեն օր մի քանի նոր երգիչ է ծնվում, ով ուրիշ անելիք չունի, վրձնի հետ սիրախաղով է զբաղվում, անընդհատ մատուցվում է խակ, թթվաշ, կիսաեփ խառնուրդ…
Չէ, մեղավորներ փնտրելու մտադրություն չունեմ։ Դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում։ Եվ ասեմ` ինչու: Որովհետև մեղավորներ չենք գտնելու, որովհետև մեղավոր գոյություն չունի։ Ինչ¬որ բան հասկացա՞ք իմ փիլիսոփայությունից, բնականաբար՝ ոչ։ Ուրեմն մեղավորը ես եմ։ Որովհետև, երբ պիտի ազնվությունս բռներ ու անկեղծ խոսք ասեի, չասացի, չքննադատեցի, երբ պետք էր տղամարդավարի մերժեի, էլի անզոր գտնվեցի, էլի տկարացա… Ճիշտ է, չգովերգեցի էլ, բայց… ուզում եմ ասել՝ չկարողացա մաքուր, անաղետ, անցնցում պահել իմ բաժին տարածքները, և ով ասես բնակություն հաստատեց այնտեղ` էլ բանվոր¬գյուղացի, էլ կոշկակար, էլ ներքին գործերի աշխատակից, էլ դերասան… հարյուրներով դարձան… գրիչ ճոճող, գրիչ բանեցնող… և, թվում է, փրկություն չկա այդ փոթորիկներից ու սելավներից։ Չկա, որովհետև մեր այդ երբեմնի ծաղկուն տարածքներն ամբողջությամբ սեփականաշնորհվել են… ամայացել… ոչ մի ծառ, ոչ մի թուփ, ոչ մի պատ…
Էժան ապրանք, և հսկայական պահանջարկ, մեծ¬մե՛ծ շուկաներ… Ով ինչ ուզում է, ինչպես ուզում է, ինչքան ուզում է… խնդիր չկա։ Կեցցե՛ ազատությունը։
Ի՞նչ անի գրող մարդը։ Հրաժարվի՞ ունեցած¬չունեցածից, փակվի՞ քարանձավում, մինչև... փակվեց, էլ դուրս եկողը չէ, որովհետև ցորենը, ինչքան էլ ջրես, ինչպես էլ մշակես, ընկույզի չափ չի դառնալու։ Երբեք։ Դա հնարավոր բան չէ։ Չեմ կասկածում, այն ժամանակ էլ ոչ մեկը չհասկացավ, թե ինչու Մհերը արեց նման բան։ Հնարավոր է` նույնիսկ ինձ նման մեկը հասկացել է, բայց նա էլ չի բարձրաձայնել՝ մտածելով, որ սպասելն էլի ավելի լավ է, քան հիասթափված ապրելը։
Այնպես որ, գրող մարդունն էլի գրելն է։ Ինչքան մտածում եմ, ճիշտը դա է։ Չգրեց, ի՞նչ է անելու, ո՞ւմ է դրանով վնասելու, ո՞ւմ է ինչ ապացուցելու։ Ի՞նչ է պակասելու էս հազար ու մի գրող ու ոչ գրող տեսած աշխարհից։ Ընդամենը՝ եղել է, չի եղել… ահա ամբողջը…
Պարզվում է` ազատություն եղածն էլ մի բան չէ, գրողը կրակն է ընկել դրա ձեռը, ուզում եմ ասել` չի կարող լինել նման բան, ամաչում է, վախենում է չհասկացվել։ Բայց, դե, եթե մեկը կարողանա ամբողջությամբ ինձ նկարագրել այդ ազատություն կոչվող ոստայնը՝ ձեռքերս բարձրացնում եմ… Գրողը որտե՛ղ, ազատությունը որտե՛ղ…
Ծափահարությունները շա՛տ են։ Դեմ չեմ, լավ գիրքը, կայացած ներկայացումը, հաջողված ֆիլմը, հետաքրքիր ցուցահանդեսը կարելի է ծափերով ողջունել, տաք խոսքով, բայց երբ ոչ այդ լավ գիրքը կա, ոչ կայացած ներկայացումը, ոչ էլ հաջողված ֆիլմն ու ցուցահանդեսը, մնում են միայն ծափահարությունները… և ծափահարողներն էլ ոչ շարքային քաղաքացիներ են… արվեստից ինչ¬որ բան հասկացող, բոլոր միջոցառումներին էլ պարտադիր ներկա։
Հազար ու մի թերություն ու կարկատան ունեցող խորհուրդների երկրում գիրքը բազում մշակումներից հետո էր հասնում տպարան, գրական գործը բեմ էր բարձրանում երկար ու մասնագիտական ճանապարհ անցնելուց հետո միայն, նկարիչը հասնում էր անհատական ցուցահանդեսի բավականին հասուն տարիքում… հեղինակային երգերը չէին աղավաղվում… ընտրյալներն էին կարողանում ֆիլմ նկարահանել, այն էլ հատուկ, հազար անգամ խմբագրված սցենարներով… Եվ ստեղծվում էին մնայուն գործեր, զարմանալի ու տաղանդավոր…
Հիմա փակ դուռ չկա, մերժել չկա… ամեն ինչ կարելի է, ամեն բան վերևից է, նորարարություն, անգերազանցելի… Երկու գիծը բարձրարժեք գեղանկար է, մի քանի, իրար կողքի հազիվ տեղավորվող բառը՝ բանաստեղծություն, բեմին վազվզելը՝ ներկայացում կամ համերգ… Ուրեմն՝ ծափահարություններ… բարեկամս, ուրեմն՝ բոլոր բարձունքները գրավված են… Կարելի է նույնիսկ առանց երկմտելու հայտարարել երկարատև ընդմիջում…
Չմտածեք, որ ես դեմ եմ նոր ժամանակների մտածողությանն ու պահանջներին, որ ուշացել եմ 21-րդ դարի արագընթաց գնացքից, չեմ կարողանում ազատվել անցյալի ժանգոտ կաղապարներից ու շղթաներից, մնացել եմ հին ու կիսաքանդ կայարանում։
Լավ գործ ստեղծողն այդ գործը ստեղծում է լուռումունջ, իր արվեստանոցում փակված, բոլորից հեռու, կարծես ինքն իր համար՝ վաղվա մասին բացարձակապես չմտածելով։ Եվ նրան ամենևին էլ չի հետաքրքրում, թե ով ինչ է անում, ով որտեղ է փնտրում, իբր երկնայինի տված իր բազում, անժխտելի շնորհները։ Այն տպավորությունն է, որ այդ երկուսը տարբեր ժամանակներում են ապրում, ավելի ճիշտ, մեկը՝ ժամանակի մեջ, մյուսը՝ այդ նույն ժամանակից դուրս… մեկը՝ ծափահարությունների մեջ, մյուսը՝ արհամարհված… հին… անհասկանալի…
Չասեմ ինչ է լինելու հետո…
Իմաստ չունի, անհարմար էլ է, էլի կասեն` մարդն այդպես էլ նոր ժամանակներից ոչինչ չհասկացավ, արվեստի նոր թռիչքներին մնաց անտեղյակ, ինչ-որ անճոռնի կենդանու ականջում քնած, մի խոսքով՝ հազար ու մի բան…
Համարձակվում եմ մտածել, որ չկա բարձր գրականության, բարձր արվեստի, բարձր մշակույթի պահանջարկ։ Պետք է այն, ինչ ստեղծվում է, ինչ առանց դադարի ու հոգնածության ամենուր մատուցում են, ինչ պահանջում են բանվորը, գյուղացին ու մտավորականը, առանց պարտադրանքի, առանց ավելորդ պայմանավորվածությունների ու խնդիրների։ Չասեմ հոգևորը վերածվել է նյութականի։ Չասեմ գրքից, ներկայացումից, նկարից, երգից կասկածելի հոտեր եմ առնում։ Ես չասեմ, հաստատ, մեկ ուրիշն է ասելու և մեղադրելու է ինձ, մեղադրելու է մի ժամանակ բարձր արվեստի բուրումնավետ ու ծաղկահանդերձ տարածքներում ապրողներին, և ոչ մեկը չի կարողանալու արդարանալ…
Մի՞թե սա չէ ձեր ապրած ժամանակը, տիկնայք և պարոնայք…
Հա, գիտե՞ք, նաև ինչի մասին եմ ուզում խոսել։ Տարբեր իրավիճակներում մեր պահվածքի, մեր դիրքորոշման մասին։ Խոսքն արվեստագետի հեղինակավոր կարծիքի մասին չէ, խոսքը քաղաքականության մասին է, ուզում եմ ասել, ես ինչքան էլ փորձում եմ հեռու մնալ ժամանակի մտածողության որոշակի դրսևորումներից, չեմ կարողանում հասկանալ դեպի ինչ¬որ կուսակցություն աճապարող գրողին կամ արվեստագետին, քաղաքականությունը ապրելաձև դարձրած երգչին ու քանդակագործին։ Եղել է, ինքս ինձ համարյա համոզել եմ, որ քաղաքական բեմը ոչնչով չի տարբերվում թատերականից, էլի ոչինչ չի ստացվել, էլի համոզվել եմ, որ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի…
Գնդապետի ուսադիրներով արձակագիր Վրեժ Իսրայելյանին եմ հիշում, ասում էր. ՙԱմեն մարդ այս աշխարհում ինչ¬որ բանով ձգտում է հաստատել իր ապրելու իրավունքը, իր անհատականությունը։ Մեկը լավ վազում է, մյուսը՝ մագլցում, մյուսը՝ նկարում։ Ես նախընտրել եմ պատմվածքը, որովհետև այդ գործն ինձ մոտ ավելի լավ է ստացվում։ Այլ զբաղմունքների մեջ ես կատարելապես ձախողվեցի՚։
Իսկ ես հրաշալի, նմանը չունեցող արհեստավոր կդառնայի, կգեղեցկացնեի մարդկանց կենցաղը, աշակերտներ կունենայի և կօգնեի բոլորին, բայց իմ բարեկամ Վրեժի ասած՝ ես պատմվածք, բանաստեղծություն գրելը միշտ էլ ավելի եմ սիրել։ Սիրել եմ, որովհետև չեմ կարողացել խաբել, կեղծել, ինքս ինձնից հրաժարվել, որովհետև ոչ մեկը` ո՜չ կին, ո՜չ տղամարդ, ո՜չ մեծ, ո՜չ փոքր, ո՜չ անցյալ, ո՜չ ներկա ինձ չի կարողացել այնտեղից հեռացնել, չի կարողացել ինձնից խլել իմ ունեցածը… որովհետև… ասե՞մ… որովհետև ես այնտեղ միշտ էլ մենակ եմ եղել։