ԷՍ Ի՞ՆՉ ԲԱՆԻ ԵՆՔ, ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ...
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Էն գլխից խոստովանեմ, որ ոչինչ չեմ հասկանում, որ մոլորվել եմ, որ չգիտեմ անելիքս… ուզում եմ ասել՝ մեր մանկության հեքիաթների երեք ճանապարհները դարձել են հինգը, տասը, քսանը… Չէ, չփորձեք ինձ համոզել, սա ժողովրդավարության հետ բացարձակապես ոչ մի կապ չունի: Ինչքան մտածում եմ, համեմատում կարդացածս, իմացածս ու տեսածս, ավելի եմ համոզվում, որ այսպիսի ժողովրդավարություն չի լինում։ Կարելի է ասել` սա ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից… Ամեն օր՝ մեկը, ամեն օր՝ մեկը, կարծես` ի հեճուկս, դիտմամբ, միտումնավոր, հատուկ… Եվ դա հարյուր հազարից մի քիչ ավել ընտրող ունեցող երկրում։ Հետո՞, որ ի՞նչ…
Չեմ կարծում, որ ինչ-որ մեկին զարմացնելու բան ունենք։ Նաև, ավելորդ բան ասած չեմ լինի, եթե նշեմ, որ իմ երկրում երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, չեմ էլ պատրաստվում։ Եվ մարդկանց էլ ընդունում կամ համակրում եմ` հաշվի չառնելով նրանց կուսակցական պատկանելությունը։ Միշտ էլ համոզված եմ եղել, որ մարդ արարածը, դառնալով ինչ-որ կուսակցության անդամ, գոնե ժամանակավոր հրաժարվում է իր զուտ անձնական, միայն իրեն հատուկ սկզբունքներից ու մտածողությունից։ Գաղափարը դառնում է նույնը հարյուրների, հազարների, հարյուր հազարների համար… Բան չունեմ ասելու, երանի՛ նվիրյալներին, գաղափարակիր զինվորներին… Եթե հաղթում են՝ բոլորը միասին են հաղթում, բոլորը միասին էլ տանուլ են տալիս… միասին էլ՝ կորցնում… Անձնական հաղթանակը բացառվում է, պարտությունն էլ… Մենակ ոչինչ հնարավոր չէ, մենակ չի կարելի… Ցավոք, կուսակցությունը հաճախ հրաժարվում է իր միայնակ խիզախողներից, մենակ որոշում կայացնողներից, մենակ հարյուրի դեմ գնացողներից… Իսկ երբ անհաջողությունը, կորուստը, ցավը, հալածանքն ու հիասթափությունը, խուճապը գալիս կանգնում են այդ, մի ժամանակ հզոր, կարելի է ասել՝ ամենակարող կուսակցության առաջ, երբեմնի փորձառու խաղացողները համարձակորեն ելնում են հարազատ կուսակցության դեմ, մեղադրում առաջնորդներին, դատափետում կուսակից եղբայրներին ու բարեկամներին, և համարում զարմանալի ու անհասկանալի պատահականություն նրանց կողքին գտնվելը…
Էլի ինձ ուրիշ բան չփորձեք համոզել։ Ամեն ինչ պարզ երևում է մեր այս մի բուռ երկրում և ավելորդ բացատրություններն ու մեկնաբանություններն ուղղակի ծիծաղելի են, վիրավորական էլ։ Երբեմն այն տպավորությունն է, որ եթե ես էլ փորձեմ վաղը շատ անմեղ, շատ, ինչպես ասեմ, գեղեցիկ մի կուսակցություն ստեղծել, ասենք՝ անկուսակցականների կուսակցություն, չեմ կարող։ Չէ, խնդիրն այստեղ հեղինակության պակասը չէ, ոչ էլ ցանկության բացակայությունը։ Ասեմ, չեք հավատա, պարզապես անկուսակցական մարդ չեմ կարող գտնել ո՜չ մայրաքաղաքում, ո՜չ շրջկենտրոններում, ո՜չ էլ ամենահեռավոր, ծայրամասային բնակավայրերում։ Բոլորն արդեն զբաղված են կուսակցական շինարարությամբ, և քիթ սրբելու ժամանակ բացարձակապես չունեն։ Այլ կերպ, պատկերացնո՞ւմ եք, երկիրը պահել, զորացնել, գեղեցկացնել հնարավոր չէ, այլ կերպ, պարզվում է, չի լինում, չի ստացվում… Մնում է մի տարբերակ, գուցե ամենաճիշտը, ամենաժամանակակիցն ու յուրահատուկը՝ ՄԱՐԴ կուսակցությունը… Խիզախիր, ինչքան ուզում ես, կարևորը, երբ քո այդ կուսակցության դեմն առնի եռագլուխ հրեշը, ստիպված չես լինելու լքել կուսակից հարազատներիդ և մղելու ես քո եզակի, քո պատմական, քո օրհասական ճակատամարտը… Առանց ուրիշների օգնության, առանց խորհուրդների ու ծրագրերի, լրիվ մենակ…
Բայց կուսշինարարությունը մղվել է առաջին պլան, այն վեր է ամեն ինչից ու բոլորից։ Նորանոր մարդիկ են համալրում կուսակցությունների շարքերը։ Եվ, ամենահետաքրքիրը, կուսակցություններից մեկն իր աջակցությունն է հայտնում մի ուրիշ կուսակցության, մի կուսակցությունից մարդիկ անցնում են մեկ այլ կուսակցության շարքերը, կուսակցություններից մի քանիսը նախագահի իրենց թեկնածուն են համարում մի ուրիշ կուսակցության ղեկավարին… խաղի կանոններն անընդհատ փոփոխության են ենթարկվում, փոխվում են նաև խաղացողներն իրենք։ Դրա համար եմ ասում` մոլորվել եմ, ո՜չ խաղից եմ բան հասկանում, ո՜չ խաղացողներից։
Ո՞վ է շահելու։ Կորցնողին տեսնո՞ւմ եք։ Բայց ինձ ամենաշատը մտահոգում է ընդամենը փոքրիկ մի հարց՝ ո՞վ է ի վիճակի միավորել բոլորին, լինել բոլորի առաջնորդը, ո՞վ է, որ չի ասելու նոր Արցախ, ում համար թանկ է մեր պայքարի, մեր անկախության, մեր իրավունքի յուրաքանչյուր օրն ու տարին, կարևոր` ամեն քայլը, յուրաքանչյուրի կատարածն ու ստեղծածը, ով չի դառնալու թիմակիցների պատանդը, ով հաշվի է առնելու յուրաքանչյուրի կարողությունն ու ունակությունը՝ առանց ուշադրություն դարձնելու նրա կուսակցական պատկանելությունը։
Ուզում եմ ասել` ստանալով ժողովրդի վստահության քվեն, կուսակցության ղեկավարն ուղղակի պարտավոր է վեր կանգնել հարազատ կուսակցությունից, համոզված, որ այլ կերպ հնարավոր չէ, որ այլ կերպ անընդհատ սպառվելու են ուժերը, նոսրանալու են համակիրների շարքերը, և կրկին արագորեն հայտնվելու են ժողովրդի անունից խոսողները, ժողովրդի կարծիքը բարձրաձայնողները, ժողովրդի համար, այսպես ասած, տառապողները, օր ու գիշեր, քնած, թե` արթմնի, այդ ժողովրդի մասին մտածողները։
Խոստովանենք, որ տխուր պատկեր է։ Անցանկալի։ Խանգարող։ Շինածը քանդող ու ջլատող։
Ինձ մի հարց էլ է հետաքրքրում։ Ի՞նչ են անելու ստեղծված բոլոր կուսակցությունները ընտրություններից հետո. խոսքը, բնականաբար, նրանց մասին չէ, ում հաջողվելու է մտնել Ազգային ժողով։ Խոսքն այնտեղ չհասածների մասին է։ Իսկապես, ի՞նչ են անելու մինչև հաջորդ ընտրությունները։ Զբաղվելո՞ւ են, արդյոք, կուսակցական շինարարությամբ, օգնելու՞ են ընտրվածներին, կարողանալու՞ են դառնալ միավորող, երկրի ղեկավարին օգնող ու աջակցող ընդդիմություն, թե… Բոլորն էլի սկսելու են խոսել ժողովրդի անունից, անորոշությունից ու անհավասարությունից, մարդու իրավունքների ու ազատությունների պակասից, ժողովրդավարության բացակայությունից և այլն, և այլն, և այլն…
Չգիտեմ։
Այսպես որ մտածում ես, նման դեպքերում պարտությունն էլ վատ չէ։ Ի՞նչ վատ է, երբ քո մասին խոսում են, անունդ մեկ-մեկ ինչ-որ տեղ հնչում է… Եվ դու ինքդ քեզ կարևորում ես, գնահատում, անընդհատ մղվում առաջ… կապ չունի մենակ, թե` ընդամենը մի քանի հոգով…
Պատերազմը համարյա առանց կուսակցության հաղթեցինք։ Պատերազմից անմիջապես հետո էլ էր այդպես։ Կուսակցություններից խոսեիր, մարդիկ կծիծաղեին և լուրջ չէին ընդունի ասածդ։ Պատկերացնո՞ւմ եք, այն օրերին մեկին ասեիր, որ մենք ապագայում ունենալու ենք քսանից ավել կուսակցություն, տասնյակներով հասարակական կազմակերպություններ։ Ես, օրինակ, չեմ պատկերացնում։ Որովհետև ժողովրդավարություն ասվածը միայն կուսակցություններով չէ, ընդհակառակը, այդ քանակը մեզ կարող է հեռացնել այդ ժողովրդավարությունից էլ, միասնությունից էլ, ամբողջականությունից էլ։ Ինչ էլ անես, ոչինչ չի ստացվելու, մի քանիսը մտնելու են Ազգային ժողով, մյուսները մնալու են դրսում…
Էլի դրսում մնացածները դառնալու են ժողովուրդ, Ազգային ժողովում գտնվողները՝ ոչ, իհարկե, այդ դրսում գտնվողների կարծիքով։ Մեկ է, ինչ անում են, անհատներն են անում, անհատներն են այդ կուսակցությունները տանում իրենց ետևից և, վերջին հաշվով, մարդիկ ընտրում են անհատներին։ Դա լավ է, թե վատ, այդպես է, ավելի ճիշտ՝ այդպես եղել է, այդպես կա, այդպես էլ լինելու է… Չասե՞մ, եթե անհատն ուժեղ է, ուժեղ է նաև կուսակցությունը, ուզում եմ ասել՝ ուժեղ կուսակցությունը չի ստեղծում կամ չի ծնում ուժեղ անհատ, նման բան չի եղել երբեք… և բոլորն էլ դա գիտեն… ուրիշ բան համոզելը ուղղակի միամտություն է, ինքնախաբկանք, միամիտ զբաղմունք… թանկարժեք ժամանակի կորուստ…
Չէ, պարոնայք, ես ամենևին էլ չեմ մեղադրում ձեզ և իրավունք էլ չունեմ, ես պարզապես չեմ հասկանում և վաղն էլ չեմ հասկանալու։ Իսկ ի՞նչ է անելու ընտրող քաղաքացի, պարոն Վարդանը՝ անձնագիրը ձեռքին հայտնվելով ընտրատեղամասում։ Այ, դա ես գիտեմ, կարգին շփոթվելու է, խառնելու է անունները, դժվարությամբ է որոշում կայացնելու, եթե, իհարկե, չսխալվի, որն ամենևին էլ չի բացառվում։ Հետո՞…
Մեկը կար, գիտե՞ք ինչ էր ասում, ասում էր՝ այ մարդ, մեր երկրում հազիվ մեկ-երկու կուսակցություն կարող է տեղավորվել, լավ՝ երեքը, շատ որ դեմ տանք, տափը տրաքի՝ չորսը… մնացածը երկրին վնաս են… ուժեղ նեղվածք են անում, խանգարում են…
Մարդ է, կարծիք ունի, հայտնում է, ես էլ լսում եմ, դու էլ ասես, քեզ էլ եմ լսելու, մյուսին էլ, բոլորին… որովհետև գիտեմ, որ լսելը կարևոր բան է, շատ կարևոր բան… Չնայած համարյա համոզված եմ, որ ինձ լսող չկա, ո՜չ լսող, ո՜չ էլ՝ կողքիս գոնե մի քիչ կանգնող…
Եվ էլի ոչ մեկը մեղավոր չէ։ Ուղղակի ես եմ մի քիչ ուշացել ու ժամանակին չեմ զբաղվել ավելի կարևոր, ուզում եմ ասել՝ պատմական ու հայրենանպաստ գործերով, ասենք հենց կուսակցական շինարարությամբ, ինչպես հիմա ընդունված է… ասել…